Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը մերժեց Հայաստանին
ՀԱՊԿ խորհրդի օրերս Հայաստանում հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները ձեռնպահ մնացին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատականից՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև առկա հակասությունները և վիճելի հարցերը կլուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո դիմել էին ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածին համապատասխան աջակցություն ստանալու նպատակով։
ՀԱՊԿ գնահատողական առաքելությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ ժամանեց Հայաստան, կազմվեց զեկույց և ներկայացվեց անդամ երկրներին։
ՌԴ-ն, ի դեմս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանին դիտորդներ տրամադրել սահմանին իրավիճակի վերահսկողության նպատակով, այս առաջարկին անհասկանալի պատճառներից ելնելով՝ ընթացք չտրվեց։ Ավելին, հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեցին ոչ թե ՀԱՊԿ, այլ ԵՄ քաղաքացիական դիտորդներ, տեղեկություններ կան նաև, որ ժամանելու է նաև ԵԱՀԿ գնահատողական առաքելություն։
ՀԱՊԿ խորհրդի նիստը հրավիրվեց միայն հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում, ինչպես ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր նշել, անդամ երկրները պատրաստ կլինեն հաստատել դիտորդական առաքելություն ՀՀ ուղարկելու որոշումը, սակայն նման որոշում այդ նիստին չկայացվեց։
Նիկոլ Փաշինյանը մինչ նիստը հայտարարել էր, որ ՀՀ-ն նիստ է հրավիրում և ունի երկու ակնկալիք, որ ՀԱՊԿ անդամ երկրները սեպտեմբերյան հարձակմանը քաղաքական գնահատական կտան, ինչպես նաև կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։
Ինչպես և կարելի էր ակնկալել, ՀՀ իշխանությունների որևէ ակնկալիք ՀԱՊԿ անդամ երկրները չբավարարեցին, ավելին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը բավականին կոպիտ և ուղիղ էր։
Լուկաշենկոն հայտարարեց, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին:
«Հարցը դնել մի կողմից ՀԱՊԿ-ը՝ դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը: Ի՞նչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկը չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»,- նշել էր Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:
Ըստ նրա, Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կսատարեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված որոշումը:
«Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պետք է ևս մեկ անգամ այս ընթացքում վերլուծեն իրավիճակը և զեկուցեն մեզ ՀԱՊԿ նիստին, և այդ ժամանակ մենք որոշում կկայացնենք»,- ասել էր նա։
Իր հերթին՝ ՌԴ նախագահը նշել էր, որ ՌԴ-ն այսօր էլ անում է հնարավորը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համալիր և համապարփակ կարգավորման հասնելու համար։
«Միանգամից կցանկանայի նշել, որ բոլորի համար հասկանալի է, բոլորի համար ակնհայտ է ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, մենք բոլորս ոչ վաղ անցյալում միասնական պետության մաս էինք։ Մենք հսկայական կապեր ունենք թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Մենք բոլորս, անշուշտ, բավական բարդ վիճակում ենք։ Բայց, իհարկե, չենք կարող անմասն մնալ Ռուսաստանի համար մոտ գտնվող պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից և մշտապես պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։ Ընդհանուր առմամբ, մենք, անշուշտ, շահագրգռված ենք, որպեսզի Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան»,- ասել էր Պուտինը։
ՀԱՊԿ խորհրդի այս նիստից հետո էլ ավելի են սրվել ՀՀ-ում հակաՀԱՊԿ-ական տրամադրությունները, որոնք խրախուսվում են իշխանությունների կողմից, հարցադրումներ են հնչում ՀԱՊԿ-ում մնալու նպատակահարմարության ու օգտակարության շուրջ։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, թե կարելի էր ակնկալել, որ ՀԱՊԿ խորհրդի նիստը նման օրակարգով այս արդյունքն է ունենալու, և որևէ բացահայտում տեղի չունեցավ։
Ըստ նրա, ելույթներից ևս մեկ անգամ հասկանալի դարձավ, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը նույնպես կարևոր երկիր է և ունի լավ հարաբերություններ ՀԱՊԿ անդամ երկրների հետ առանձին-առանձին։
«ՀԱՊԿ-ը գործողություններ չի իրականացնում նաև Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին։ Արևմուտքի կողմից ևս այս ամենին հավելյալ սրություն է տրվում այս կառույցը վերջնականապես թուլացնելու և ՌԴ-ին վնասելու համար։ Սակայն ՌԴ-ում էլ շատերի համար այս կառույցն ի սկզբանե չի ունեցել որևէ իմաստ, պարզապես եղել է ՆԱՏՕ-ի նմանությամբ ստեղծված կառույց, որի առանցքը Ռուսաստանն էր ու անդամ երկրների ու Ռուսաստանի հարաբերությունները։ Հայաստանը լինելով հակամարտության մեջ, արտոնյալ պայմաններով սպառազինություն է ստացել Ռուսաստանից, սա, թերևս, եղել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության և ՀՀ ՀԱՊԿ անդամակցության օգուտը։ ՌԴ-ն անձամբ ևս որևէ օգուտ չի ստացել այս կառույցից և մշտապես խուսափել է ընտրության առջև կանգնեցնել ՀԱՊԿ անդամ երկրներին ինչ-ինչ հարցերում։ ՀԱՊԿ-ից բոլոր երկրների ակնկալիքները սովորաբար բավարարել է ՌԴ-ն առանձին, հասկանալով, որ անդամ երկրները այնպիսի տարածաշրջաններից են, որոնց միջև դժվար են ձևավորվում կոնսենսուսներ քաղաքական հարցերում։
Այս իրավիճակում, երբ ՌԴ-ի ու ՌԴ-ի ղեկավարած կառույցների քաղաքական քայլերի հնարավորությունն էլ ավելի է սահմանափակվել, Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի հատուկ հարաբերություններ, որոնք ներկայումս էլ ավելի են կարևորվում, այս հարցի նման ինտենսիվ քննարկման նպատակն անհասկանալի է թվում»,- ասաց վերլուծաբանը։ Եթե, ըստ նրա, Հայաստանն ունի այլ հնարավորություններ, ՀԱՊԿ-ին այլընտրանքներ ունի, ՀԱՊԿ-ը այսօր խոչընդոտ չէ։ «Ի վերջո, որևէ պարտադրանք չկա, Հայաստանը կարողանում է բանակցություններ վարել Բրյուսելում, աշխատել Արևմուտքի հետ, ՀԱ՞ՊԿ-ն է խանգարում այդ ամենին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է խորհրդի նիստի արդյունքներին, ապա վերլուծաբանը գտնում է, որ ՀԱՊԿ ղեկավարներն իրենց աջակցությունը հայտնեցին իրավիճակի հաղթահարմանը բանակցությունների միջոցով։
«Ի դեպ, այս հարթակն օգտագործվեց աջակցություն հայտնելու համար ՌԴ միջնորդական ջանքերին և ՌԴ դերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որն ուկրաինական զարգացումների ֆոնին էապես տուժել է։ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը փոխելուն ուղղված դիսկուրս է, կարծում եմ, որը կախված է նաև աշխարհաքաղաքական իրավիճակից»,- ասաց նա։