44-օրյա պատերազմի այս օրը թշնամին հասել էր Շուշիի տակ. ՀՀ-ում չգիտե՞ին՝ ինչ է կատարվում, թե՞ չէին ուզում իմանալ

2 տարի առաջ հոկտեմբերի 29-ին ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով ահազանգեց՝ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ:

Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում նա պարզաբանեց. 

«Շուշիի տակ ասելով՝ նկատի ունեմ, որ մի քիչ էն կողմն են, ոնց որ էն ձորի կողմը: Մեր տղերքը պահում են: Ադրբեջանն ուզում է վերցնել Շուշին, և՝ ոչ միայն: Ավելին, թշնամին ուզում է խուճապի մատնել ժողովրդին, որոնք այս պահին Արցախում են: Այստեղ շատ մարդ կա: Բոլորը հո չե՞ն եկել Հայաստան»,- նշել էր նա՝ ասելով, թե տպավորություն է, որ ՀՀ-ում չգիտեն՝ այնտեղ ինչ է կատարվում:

Արկադի Կարապետյանի հայտարարություններն իշխանամերձ որոշ ներկայացուցիչներ, մեղմ ասած, լուրջ չընդունեցին:

Կարդացեք նաև

Բայց նույն օրն ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշի քաղաքից տեսաուղերձով հաստատեց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարի խոսքերը՝ թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա:

«Ինչպես 1992-ին, երբ մեր հաղթարշավը սկսվեց Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ գիտակցենք այս պահը և գիտակցենք ոչ միայն լոկ խոսքով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- շեշտել էր Արցախի նախագահը:

Այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգի ժամանակ մեկնաբանելով Արայիկ Հարությունյանի տեսաուղերձը՝ ասել էր, որ խոսքը Սղնախ և հարակից գյուղերի մասին է, որը մոտավորապես 5-7 կմ հեռավորության վրա է:

168.am-ի դիտարկմանը` Արցախի նախագահը նշել է, որ օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել էր՝ Արցախի ղեկավարը մարտակոչ է հնչեցրել:

«Դա նորմալ է, նման իրավիճակում երկրի ղեկավարները, ռազմաքաղաքական ղեկավարները, ԶՈւ հրամանատարներն ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողությունները շարունակվում են: Մարտական գործողությունների բնույթը փոխվել է, և հակառակորդի հիմնական հարձակողական խոշորածավալ կարողություն ունեցող խմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն, փոքր խմբերը փորձելու են այսպիսի տեղանքում ինչ-որ բան անել: Եվ գրեթե ամեն օր որոշակի գործողություններ կան, և եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններով դիվերսիոն գործողությունների, փորձերի և դրանց տապալման մասին, չի նշանակում, որ այլ ուղղություններով ուրիշ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է` դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է ինքը շատ կարևոր: Բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր և ամեն տեղ»,- շարունակել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Հավելենք, որ ըստ «Հետքի»՝ Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին գրավել էր Արծրուն Հովհաննիսյանի հիշատակած Սղնախի հիմնական մասը, 29-ին՝ ամբողջությամբ։

Հոկտեմբերի 30-ին հակառակորդը վերահսկողության տակ էր վերցրել դեպի Քարին Տակ տանող Չախմախ տեղամասը, նոյեմբերի 4-ի երեկոյան գրավել Քարին Տակ գյուղը։

Ի դեպ, ավելի ուշ համացանցում հայտնվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու նրա գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության նախկին անդամ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Հարությունյանը, ենթադրաբար, խոսելով Երևանից ակնկալվող օգնության մասին, հայտարարում է՝ Ստեփանակերտի մատույցները դատարկ են, տասը օր է՝ ասում է՝ մարդ տվեք, Ստեփանակերտը պահեմ, չեն ուղարկում։

«Տասը օր ա՝ ասում եմ՝ Ստեփանակերտը մնացել է երկու կաղի հույսի։ «26»-ը (դիրքեր Ստեփանակերտի մատույցների մոտ) դատարկ է: Արա դե… երկու մարդ ունենք, երկու մարդով դիրք պահել լինո՞ւմ է, քանի՞ մարդ կա։ Կռիվ անելով եկել Շուշի են հասել»,- ձայնագրության մեջ ասում էր Արցախի նախագահը:

Այսօր Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար մեղադրվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ով այդ պարտականությունները ստանձնել է հոկտեմբերի 27-ից:

Մոտ մեկ ամիս առաջ Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը, ով տարբեր ժամանակներում տարբեր մարդկանց գրպանն է գցել Շուշիի անկումը՝ Վանեցյան, Սեյրան Օհանյան, Օնիկ Գասպարյան, այս առնչությամբ ասել էր.

«Հիշո՞ւմ եք, որ ասում էին` իշխանությունը Շուշին տվել է, Շուշին ծախել է, քրեական գործ է հարուցված, մարդ է ձերբակալված այդ առումով, հիմա էլ ասում են, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ: Հիմա ո՞վ է Շուշին տվել, ո՞վ է Շուշին տվել: Ես չեմ հասկանում` էդ ինչի՞ են պաշտպանում, բա սրեր էիք ճոճում պատերազմից առաջ, թե՞ ձեզ ճշմարտությունը չէր հետաքրքիր, ձեզ հետաքրքիր էր ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը մի քանի հոգու շարեն պատերի տակ, գնդակահարել և ասել` վերջ, թեման պրծավ: Չի պրծնելու էս թեման: Պատերազմի հաջորդ օրը իմ հրաժարականն էին պահանջում այն հիմնավորմամբ, որ Շուշին հանձնել էինք, որ էս հանձնել էինք, որ էն հանձնել էինք: Հիմա երբ այդ հանձնման հանգամանքները բացահայտվում են, ձերբակալություններ են տեղի ունենում, այդ նույն մարդիկ հայտարարություններ են անում, ստորագրություններ են հավաքում, բա մի րոպե, էդ ի՞նչ է եղել, ինչո՞ւմ է, դուք չէի՞ք, որ մեղավորները պարզվեին, բացահայտվեին, թե՞ ձեզ համար կարևոր է, որ մեղավորը հատկապես կոնկրետ անուն-ազգանուններով թղթի վրա գրված ցուցակ լինի: Չի լինելու այդպես»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այս տարվա ապրիլին հայտարարեց, թե պատերազմը Շուշիի համար է եղել, թեպետ պատերազմի օրերին ասում էր՝ պատերազմը Արցախի կարգավիճակի համար է:

 

Տեսանյութեր

Լրահոս