Սյունիքի անվտանգության կողպեքը հանձնված է․ ընդդիմությունն անելիք ունի. antifake.am
antifake.am-ը գրում է․ «2018թ․ իշխանափոխությունից հետո սկսած հայկական պետականության կազմալուծումը մոտենում է իր կուլմինացիոն փուլին: Փուլ, որը անդառնալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար: 2020թ. նոյեմբերյան կապիտուլյացիոն հրադադարից հետո պարզ էր, որ կապիտուլյացիոն գլխավոր ակտը դեռևս առջևում է, որովհետև Ադրբեջանը վստահաբար չէր հագենալու ունեցած հաջողություններով և փորձելու էր մարտի դաշտում ունեցած հաջողությունները վերջնական կերպով քաղաքական և դիվանագիտական դիվերսիֆիկացիայի ենթարկել: Եվ ահա, Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններն արդեն բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են ստորագրել «խաղաղության պայամնագիր» կոչվածը: Այսօր Արցախի հանձնումից հետո լրջագույն վտանգի տակ է Սյունիքը: Ընդ որում, այդ վտանգը շեշտակիորեն աճել է սեպտեմբերյան պատերազմից հետո, քանի որ թշնամին գրավել է տասնյակ հայկական դիրքեր, որոնցից կրակի տակ կարող է պահել անգամ գլխավոր մայրուղին:
Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Հայաստանում մանկական ոգևորություն կա Իրանի դիրքորոշման և ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ: Իրականում Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրողություններն աղետալի են: Իշխանությունը մեր պետության տարածքի մի հատվածի անվտանգության կողպեքը հանձնում է այլոց և մենք դադարում ենք հարց լուծող լինել։ Այդ տարածքը ժամանակի ընթացքում դառնում է կամայական սուբյեկտի ազդեցության գոտի, որտեղ մենք այլևս որոշում կայացնող չենք:
Հայաստանը Փաշինյանի հանցագործ կառավարման հետևանքով այլևս չի ապահովում Սյունիքի անվտանգությունը և Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ուժերի շահերի բախման կիզակետ` դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով: Դառնալիորեն պետք է նշել, որ ադրբեջանական կողմը կարողացել է հասնել իր առջև դրված խնդրի մի մասի կատարմանը: Ադբրեջանը զենքի ուժով դիվանագիտական ասպարեզում ճակատ է բացել, որպեսզի կարողանա Սյունիքի շուրջ բանակցություններ իրականացնել այլ ուժային կենտրոնների հետ: Դրան ի հակակշիռ, հայկական կողմը ուղղակիորեն խաղից դուրս է մնացել: Սա ամենակարևոր ասպեկտն է, որ պետք է արձանագրել: Ադրբեջանը զենքի ուժով կարողացել է հասնել նրան, որ հայկական կողմը ի վիճակի չլինի պաշտպանել սեփական սուվերեն տարածքի մի մասը և այն դառնա շահերի բախման կիզակետ: Հարց է առաջանում՝ արդյո՞ք կանգնելու է Ադրբեջանը:
Իհարկե՝ ոչ, որովհետև վերջին երկու տարում ադրբեջանական կողմը որդեգրել է սողացող պատերազմի ռազմավարությունը՝ շարունակական ներխուժումների միջոցով նոր տարածքների գրավում և դիրքերի ամրացում։ Ամրանալուց հետո կրկին ձեռնարկում է ներխուժումներ, հենակետերի գրավում, ամրացում, և այդպես շարունակ: Ադրբեջանական այդ մարտավարության հաջողությունը տեսնում ենք 2021թ. մայիսի 12-ից սկսած:
Ի՞նչ ունենք մենք
Ունենք պետական դավաճանների մի իշխանություն և նրա ղեկավարությամբ կազմալուծվող պետականություն, որը գտնվում է անդադար սողացող պատերազմի և կապիտուլյացիայի միջև: Այս համատեքստում շատ կարևոր արձանագրում պետք է իրականացնել: Անգամ կապիտուլյացիոն խաղաղության պայմանագրից հետո վստահաբար Հայաստանին շունչ քաշելու հնարավորություն չի տրվելու, որովհետև թշնամին ամեն ինչ անելու է, որպեսզի անգամ այդ պայմանագիրը կորցնի իր լեգիտումությունը, և ինքը նոր պատերազմների առիթ ունենա: Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ 2020թ. պատերազմը ոչ թե Արցախի, այլև Հայաստանի ոչնչացման համար էր: Արցախը առաջին փուլն էր: Այժմ ընթանում է Սյունիքի օկուպացիայի շրջափուլը, իսկ Սյունիքը կորցնելու պարագայում Հայաստանի վերջնական անկումը լոկ ժամանակի հարց է:
Ի՞նչ պետք է անել իրավիճակը փրկելու համար
Գործող իշխանություններին վռնդելը քննարկումից դուրս է, որովհետև ակներև է, որ պետական դավաճանների պաշտոնավարման շարունակության դեպքում Հայաստանի տարածքների օկուպացիան չի դադարելու: Այս համատեքստում անելիք ունի Հայաստանի ընդդիմությունը: Ընդ որում, այդ անելիքը այդքան էլ պարզ երանգավորում չունի, որքան թվում է: Բանն այն է, որ զուտ լոզունգային կոչերից անդին ընդդիմությունը պարտավոր է ներկայացնել ձևաչափ: Սա իրենից ենթադրում է հետևյալը․
Առաջին հերթին, ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացնի այն ձևաչափը, որի միջոցով պատկերացնում է իշխանափոխության գործընթացը:
Ընդդիմությունը պետք է ներկայացնի իր տեսլականը կոնկրետ իշխանափոխության ձևաչափի և հետնիկոլյան Հայաստանի համատեքստում: Սա իրենից ենթադրում է հետևյալ հարցադրումների պատասխանները․
– Արդյո՞ք ընդդիմությունը դիտարկում է, որ հնարավոր է հեռացնել Փաշինյանին նախքան փաստաթղթի ստորագրումը: Եթե այո, արդյո՞ք հնարավոր է իրավիճակի փոփոխությունից ելնելով որոշակի դրույթների փոփոխություն փաստաթղթում: Արդյո՞ք նախքան փաստաթղթի ստորագրումը Հայաստանում իշխանափոխության պարագայում հնարավոր կլինի խուսափել նոր պատերազմից:
– Արդյո՞ք փաստաթղթի ստորագրումը Փաշինյանի կողմից անշրջելի է և արդյո՞ք ստորագրումից հետո նրա հեռացման պարագայում հնարավոր է որևէ բան փրկել:
– Ո՞րն է ընդդիմության տեսլականը հետնիկոլյան Հայաստանի վերականգման ասպեկտում:
– Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանը աշխարհաքաղաքական նոր իրողություններում ՌԴ-ի, ԱՄՆ-ի Իրանի ԵՄ-ի հետ:
Սա այն հարցերի փոքր մասն է, որոնց շուրջ ընդդիմությունը պարտավոր է դիսկուրսի մակարդակում քննարկումներ ունենալ: Որովհետև իշխանափոխությունը կամ հեղափոխությունը երբեք չի լինում դատարկ հողի վրա: Այս առումով ընդդիմությունն իներտ է: Սակայն ընդդիմությունը պետք է հասկանա, որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը կարիք ունի իրավիճակից բխող խորքային դիսկուրսի, որի ընթացքում պետք է հարցեր բարձրաձայնվեն և լուծումներ գտնվեն: Վերջիվերջո, բոլոր հեղափոխություններին կամ իշխանափոխություններին նախորդում է ակտիվ ընդդիմադիր հասարակական-քաղաքական խմբերի պերմանենտ քննարկումների շարքը։
Լուսանկարը՝ Pan Photo–ի
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
AntiFake.am