Կոնստանտին Զատուլինը ՉԻ՛ կարող ճանաչվել անցանկալի անձ. Ազգային ժողովը նման իրավունք չունի. Իշխանությունների հերթական ձախողումը

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Ավելի ուշ Զատուլինը հանդես եկավ մեկնաբանությամբ, որում նշել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Պետդումայի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Հայաստանի Հանրապետություն մուտքի «անցանկալիության» մասին:

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- գրված է եղել Զատուլինին ուղղված նամակում:

Սրան կցվել է նաև պաշտոնական նամակը, որն ուղարկվել է Զատուլինին ՀՀ  Ազգային ժողովի (ԱԺ) արտաքին կապերի կառավարման վարչության ղեկավար Տիգրան Սեյրանյանի անունից:

Կարդացեք նաև

Խնդիրն այն է, սակայն, որ Ազգային ժողովը չունի իրավասություն որևէ օտարերկրյա քաղաքացու անցանկալի անձ ճանաչելու, և հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի կամքը կատարվել է փնթի կերպով, ցածր իրավական գիտելիքներ ունեցող ՀՀ պաշտոնատար անձանց խայտառակ անփույթ գործողությունների արդյունքում: Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված է օրինականության սկզբունքը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ որևէ օրենքով Ազգային ժողովի որևէ պաշտոնատար անձ՝ լինի նախագահ, տեղակալ կամ աշխատակազմի որևէ պաշտոնյա, օժտված չէ օտարերկրացուն անցանկալի անձ ճանաչելու: Առհասարակ նման լիազորություն չկա: Ընդհանրապես դա ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմնի հետ, առնչություն բացարձակապես չունի:

Ինչ վերաբերում է օտարերկրացուն ընդհանրապես անցանկալի անձ ճանաչելուն, ապա դա վերապահված է բացառապես ազգային անվտանգության մարմիններին, որոնց կարող են տվյալներ ներկայացնել: Ընդ որում, այդ տվյալներ ներկայացնողների ցանկում անգամ ԱԺ-ն չկա: Այդ տվյալները ներկայացնելու իրավասություն ունեն Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), Ոստիկանությունը և Հանրապետության նախագահի աշխատակազմը՝ ըստ իրենց իրավասության: ԱԺ նախագահը լավագույն դեպքում կարող է ընդամենը հարց բարձրացնել, դիմել գրավոր, միջնորդել, բայց ինքը տվյալ ներկայացնող չէ: ԱԺ-ն տվյալները գնահատելու իրավասությամբ օժտված չէ: Սա բացարձակապես վերաբերում է գործադիր իշխանության ոլորտին:

Ի դեպ, այդ որոշումը իրավական ուժ է ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ անձի տվյալներն անցանկալի անձանց տվյալների բանկում է ներառվում: Ընդ որում, տվյալները փոխանցվում են որևէ պետության միայն ԱԳՆ-ի միջոցով:

Հատկանշական է, որ «Նովոստի Արմենիայի» հարցմանն ի պատասխան, ՀՀ ԱԳՆ-ից փոխանցել են, որ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկատվության չեն տիրապետում:

Այստեղ մնում է մտածել, որ կամ որոշում կայացնելու կարգն են խախտել, կամ ԱԺ-ն իր վրա վերցնում է մի բան, ինչի իրավունքը չունի, կամ ամբողջ կառավարող ուժի մեջ չեն գտել մի տառաճանաչ իրավաբան, որ բացատրի այս պարզ իրողությունները:

Ուշագրավ է, որ ԱԱԾ-ն հրաժարվել է թեմայի վերաբերյալ պարզաբանում տալ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը:

«ԱԱԾ մամուլի կենտրոնից  հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ի՞նչ հիմքով է արգելվել Զատուլինի այցը Հայաստան՝ նշելով, որ նման տեղեկատվություն չեն կարող տրամադրել, քանի որ դա խախտում է տվյալ անձի անձնական կյանքի գաղտնիությունը: «Նման տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն ձեր կողմից նշված անձին կամ վերջինիս կողմից լիազորված անձին»,- ասել են  ԱԱԾ-ից:

Եթե Ազգային ժողովի ղեկավարությունը կկարողանա հղում կատարել որևէ օրենքի, ըստ որի՝ ԱԺ-ի որևէ պաշտոնյա կամ պատգամավոր կամ ԱԺ ղեկավարությունն անգամ կարող է օտարերկրյա անձին ուղարկել այնպիսի բովանդակությամբ նամակ, ինչպիսին այսօր Կոնստանտին Զատուլինն է ստացել, ուրախ կլինենք ցիտել այն:

Եվս մի կարևոր հանգամանք. ի տարբերություն Կառավարության կամ դատարանների, որոնց լիազորությունները կարող են սահմանվել նաև օրենքներով, Ազգային ժողովի լիազորությունները միայն Սահմանադրությամբ են ամրագրված: Այնպես որ, ՀՀ իշխանությունները հերթական անգամ հերթական խառնաշփոթի մեջ են հայտնվել սեփական անփութության և թերուսության պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս