«Բոլոր ձևաչափերն էլ՝ որպես այսպիսին, «հում» վիճակում են, վրացական կողմի առաջարկած ձևաչափն առավել ևս՝ հստակեցված չէ». Վրաստանի հարցերով փորձագետ

Հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցություններ սկսելու շուրջ, ապա ավելացրել էր՝ «եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա մենք պատրաստ ենք»։

Վրաստանը նախկինում մշտապես հայտարարում էր, որ կարող է հարթակ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների համար, Վրաստանն առհասարակ այս հարցում ի՞նչ դեր կարող է ունենալ, ի՞նչ սպասի Հայաստանը։

168.am հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանն անդրադառնալով վերը նշված հարցերին՝ նախ նշեց, որ Վրաստանն իր միջնորդական առաքելության մասին բազմիցս է նշել։ Եվ ոչ միայն 2020 թվականի արցախյան պատերազմից հետո, այլև դրանից առաջ էլ Վրաստանի նախագահը նշել է, որ կարող են Թբիլիսին դիտարկել որպես հարթակ՝ հանդիպումներ, խորհրդակցություններ անցկացնելու և առհասարակ տարբեր ֆորմատների համար։

«Պետք է ֆիքսել նաև այն փաստը, որ տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ հենց Թբիլիսիում տարբեր կազմակերպությունների հովանու ներքո անցկացվել են հանդիպումներ, խորհրդակցություններ, նկատի ունեմ մինչև 44-օրյա պատերազմն էլ։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակին՝ որպես այդպիսին, առաջին լուրջ  միջնորդական առաքելության մասին բարձրաձայնելը տեղի ունեցավ ՄԱԿ-ում, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջարկեց, այսպես կոչված, «խաղաղ հարևանության» ձևաչափը, դա «»3+3» ձևաչափից հետո էր, երբ տարբեր երկրներից առաջարկում էին տարբեր ֆորմատներ։ Վրացական կողմն էլ առաջարկեց այդ տարբերակը՝ ի պաշտպանություն դրա հայտարարելով, որ  այդ ձևաչափին կողմ են նաև Միացյալ Նահանգները և ԵՄ-ն։ Բոլոր ձևաչափերն էլ՝ որպես այսպիսին, շատ «հում»  վիճակում են,  վրացական կողմի առաջարկած ձևաչափը՝ առավել ևս, որովհետև հստակեցված չէ, թե ի՞նչ հնարավորություն է տալիս այդ ձևաչափը, ինչպես են պատկերացնում, արդյո՞ք միայն հարթակի տրամադրումն է լինելու, թե՞ այլ գործառույթներ կարող է ունենալ»,- նշեց Հասմիկ Մելիքսեթյանը։

Ըստ փորձագետի, Վրաստանի վարչապետը երեկ խաղաղ հարևանության վերաբերյալ  Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո  համատեղ ասուլիսի ընթացքում ընդգծել էր, որ այդ ձևաչափը ո՛չ հակասում, ո՛չ էլ փոխարինում է այլ ձևաչափերի։ Այսինքն՝ այն մի ձևաչափ է, որը կարող է օգնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

«Առհասարակ Վրաստանի այդ միջնորդական առաքելության վերաբերյալ ունենք հաջողված փորձ՝ հայ ռազմագերիների վերադարձը Վրաստանի և Արևմուտքի միջնորդությամբ։ Միջնորդական դերակատարության օրինակ կարող է լինել նաև այն, որ հայ ու ադրբեջանցի փորձագետները կարողանում են Թբիլիսիում հանդիպել, նաև Վրաստանի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Թե այս ամենից զատ՝ վրացական կողմն ինչ կարող է անել, հաշվի առնելով այն, որ Վրաստանն ամեն դեպքում տարածաշրջանային այդպիսի խաղացող չէ, ամեն դեպքում միջազգային շատ գերտերություններ են նախաձեռնությունն իրենց ձեռքում պահում, սակայն ցանկացած ֆորմատ, որը կնպաստի գերիների վերադարձին և այլ խնդիրների լուծմանը, իհարկե, դրանք կարևոր են»,- հավելեց փարձագետը։

Հարցին՝ հայ հասարակության մեջ ձևավորված կարծիք կա, որ Վրաստանում Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայությունը մեծ է, հետևաբար՝ Հայաստանի առնչությամբ Վրաստանը չի կարող օբյեկտիվ լինել, արդյո՞ք Հայաստանին առնչվող հարցերում Վրաստանի իշխանություններն իրենց գործողություններում օբյեկտիվ են, Հասմիկ Մելիքսեթյանը պատասխանեց, որ առհասարակ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում դինամիկ շփումներին և երկխոսությանը՝ հարաբերությունների բարելավման համար, բավականին մեծ ուշադրություն է դարձվում։

«Կարծում եմ՝ Վրաստանի համար էլ տարածաշրջանի կայունության հարցը կարևոր պետք է լինի։ Ինչ վերաբերում է մի կողմից՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, մյուս կողմից՝ Հայաստանի հարցին, շատ կարևոր է ֆիքսել, որ Վրաստանի պարագայում շատ բաներ պայմանավորվում են վրացական ազգային շահերով։  Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարևոր ռազմավարական գործընկերներ են։ Հոկտեմբերի 24-ին Վրաստանի վարչապետը կրկին վերահաստատեց, որ Ադրբեջանը Վրաստանի համար ամենակարևոր ռազմավարական գործընկերն է։ Այստեղ կան քաղաքական, տնտեսական, էներգետիկ ոլորտի հարցեր։ Վրաստանի համար ադրբեջանական կամ թուրքական ներդրումները, երկկողմ առևտրաշրջանառության նման ծավալները, ներդրումների հսկայական քանակն ազգային շահերի տեսանկյունից ավելի կարևոր են, սրանք էլ պայմանավորում են Վրաստանի հետագա քայլերը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ մեր աշխատանքը պետք է էական լինի, կարծում եմ՝ համապատասխան մարդիկ այդ առումով պիտի աշխատեն, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները չտուժեն Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում»,- եզրափակեց Հասմիկ Մելիքսեթյանը։

Տեսանյութեր

Լրահոս