Ժամանակը սպառվում է․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակը սպառվում է:

Անհրաժեշտ է այլընտրանքային եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։

Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների, որին պետք է հետեւեն այլընտրանքային լուծման առաջարկը։
Բոլորս քննադատում ենք,մեղադրում ենք իրար, բայց դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։

Հայաստանում առկա է ծրագրային մտքի, միմյանց լսելու ու այլընտրանք առաջարկելու լուրջ ճգնաժամ։

Միայն քննադատելով գործը գլուխ չի բերվելու։

Բոլորս դեմ ենք կրկնակի կապիտուլյացիայն, նիկոլիզմին ու պետականության գահավիժմանը, բայց մեկ-երկու բացառությամբ գրեթե այլընտրանքային լուծում չենք առաջարկում։
Միտինգներով ու հերթական անգամ քայլելով, «Նիկոլ, հեռացի՛ր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի։

Պետք է ունենալ Հայաստանի ապագա տեսլականի անվտանգային, արտաքին քաղաքական ու տնտեսական իրական հայեցակարգ։

Իսկ ունե՞նք… վստահ չեմ։

Խնդիրն այլեւս աշխարհաքաղաքական ու արժեքային է, որը միայն Նիկոլով չի սահմանափակվում։

Ուկրաինայում պատերազմ է, Հարավային Կովկասը եռում է, ՆԱՏՕ-ն եւ ՌԴ-ն բացահայտ հակամարտության նոր թեժ փուլ են թեւակոխում։

Քաղաքական ուժերս ու գործիչներս պետք է գիտակցենք բարդ իրականությունն ու մեր առջեւ դրված ընտրությունը։

Ամեն բան պարզ է.կամ Արեւմուտք-ՆԱՏՕ կամ Հյուսիս-Արեւելք դաշինք։

Լինե՞լ, թե՞ չլինելու հարց է դրված։

Իսկ մենք ամեն ինչ քննարկում ենք, բացի այս կենսական նշանակություն ունեցող հարցից։

Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում, ինչպես նաեւ նոր որակի հարաբերությունների հաստատում Իրանի ու Չինաստանի հետ։

Հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական ֆուռերի համար «պրոխոդնոյ դվոր»։

Ակնհայտ է, որ այս նպատակներին նիկոլիզմով հասնելն անհնար է։

Հենց այս հարցերի շուրջ համախմբումն եղավ, նիկոլիզմը հեռանալու է»։

Տեսանյութեր

Լրահոս