Քանի դեռ այս իշխանությունը պաշտոնավարում է, ներքին երկփեղկումն ու պառակտվածությունը շարունակվելու է․ Ժիրայր Դադասյան

Այն, ինչ շուտով տեղի կունենա Արցախի հետ, դրա մեղքը կլինի ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը, նրանք ևս կրելու են պատասխանատվություն։ Այս օրհասական պահին պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն, այս լռությունն ընկալելի չէ։ Ինչ-որ խոսքեր ասվում են, բայց պետք է դիմել քայլերի, թեկուզ հուսահատ։ Հետո ավելի սարսափելի է լինելու, դժվար է ասել՝ ի՞նչ է գրված լինելու մեր դասագրքերում տասը-քսան տարի հետո։ Երբ այսօր վերհիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել 1920-ին կամ Հայոց ցեղասպանության ժամանակ, այս հեռավորությունից արձանագրում ենք դրվագները և պատկերացում կազմում, թե ինչ իրավիճակ է եղել, ինչու են մեր քաղաքական գործիչները սխալներ գործել։ Նույնն այսօր կրկնվում է նույնիսկ օրերի ճշգրտությամբ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:

«Այսպես չպետք է լիներ և այսպես չէր, երբ որոշում կայացնողներ կային, երբ բանակը հռչակվել էր որպես մեր երկրի ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավոր։ Քառօրյա պատերազմի ժամանակ մենք «դավաճան» բառը լսե՞լ ենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս իշխանությունը, հատուկ խնդիր կատարելով, գործածեց այն հիմնական միջոցը, որն ապահովեց այս արդյունքը, այն է՝ ներքին երկփեղկում և պառակտում։ Դա առայսօր շարունակվում է և շարունակվելու է, քանի դեռ կա այս իշխանությունը։ Դեռևս 2018-ի շարժման առաջին օրերին տրվեց «ոսկե բանաձևը»՝ «կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։ Քանի դեռ կա այս իշխանությունը, պառակտման շղթան ավարտ չի ունենալու։ Սրանց գործիքը պառակտումն է։ Հիմա սփյուռքի համաժողով պիտի անեն, կաթողիկոսները հասկանալի պատճառով հրաժարվել են մասնակցելուց, և սրանց քայլերը կրկին միտված են պառակտմանը, այս անգամ՝ արդեն սփյուռքի»,- ասաց արվեստագետը:

«Սա իշխանություն պահելու մեթոդ է, ծրագրված և հստակ ճանապարհ։ «Դավաճան», «նախկիններ», «թալանչի» բառերը կոդավորված են, այդ մասին դասագրքեր կան։ Ես մեծ հույս ունեի, որ մեր ժողովուրդը չի գնա այդ խաբկանքին՝ հաշվի առնելով Վրաստանի և Ուկրաինայի օրինակները։ Պարզ էր, որ եթե այստեղ տեղի ունենա հեղափոխություն, մենք կկորցնենք Արցախը։ Այս նույն պառակտումը մտցվեց նաև մտավորականության շարքերում, դա է պատճառը, որ շատերը լուռ են։ Այդ պառակտման արդյունքում տեղի ունեցավ սարսափելի բան՝ քիչ թե շատ հեղինակավոր մարդիկ սկսեցին հեղինակազրկվել՝ թիրախավորված և դիտավորյալ, քանի որ դա էլ ծրագրի մի մասն էր։ Բոլթոնն այստեղ եկավ, ասաց՝ մոռացեք ազգայինի մասին։ Եվ արդյունքում՝ այն անձը, որը թիրախավորված ու հեղինակազրկված է, չի վայելում այն հեղինակությունը, որ իր ենթադրյալ խոսքը կարող է ազդեցություն թողնել, չի էլ խոսում»,- նշեց Դադասյանը:

Արվեստի վաստակավոր գործչի կարծիքով՝ սարսափելի է, երբ Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը նվաստացնում է բոլորիս ազգային արժանապատվությունը՝ ասելով, թե Իրանն այստեղ է՝ պաշտպանելու հայերին. «Իրենք արդեն կարող են իրենց թույլ տալ նման բան ասել, քանի որ տեսնում են՝ այստեղ ինչ է կատարվում։ Ով աչք ունի, տեսնում է՝ ինչ է տեղի ունենում։ Նվաստացուցիչ էր դա լսելը, մենք հասցրել ենք դրան, սպասում ենք, թե էլ ով որտեղից պետք է փրկօղակ նետի։ Պետական քաղաքականությունը հասել է հակառուսականության գագաթնակետին, դա լավ բանով չի ավարտվի, հարյուր տարի առաջվա փորձը կա։ Այստեղ ռուսական ռազմաբազա կա, հաշվարկ արվե՞լ է, հեռանկար մշակվե՞լ է։ Որևէ մեկը կասկած ունի՞, թե ինչ է գրված լինելու այս շրջանի մասին հայոց պատմության դասագրքերում մի քանի տասնյակ տարի անց։ Սրանք հո հավերժ չե՞ն»:

«Ձեռագրերը չեն այրվում, ճշմարտությունը պարզվելու է նույնիսկ մի քանի սերունդ անց։ Ազգային-ազատագրական պայքարի մեր հերոսների մասին խորհրդային շրջանի հայոց պատմության դասագրքերում գրեթե ոչինչ չկար։ Հիշեք, թե ինչպես էր ներկայացված Նժդեհը «Զանգեզուր» ֆիլմում։ Այս ամենը կանցնի, կպարզվի, կզուլալվի, և երբ հեռվից նայենք, ընդգրկենք ամբողջ շրջանը, այդտեղ գրված կլինի այն ամենը, ինչ մենք մտածում ենք այս իշխանության մասին։ Այս իշխանության դատողությամբ՝ Արամ Մանուկյանը մարդասպան է, քանի որ գնդակահարել է տվել սադրիչներին, խուճապարարներին և դասալիքներին։ Այսպես են պետություն սարքում։ Երբ հայրենիքին անհրաժեշտ է, սադրիչին պետք է տեղում գնդակահարել։ Բայց այդ շրջանում ազգային ուժերն էին ղեկավարում պետությունը, այսօր ճիշտ հակառակն է»,- ամփոփեց Ժիրայր Դադասյանը:

Տեսանյութեր

Լրահոս