«Չի բացառվում, որ Ադրբեջանն ինչ-որ գործողություններ սկսի Երասխի ուղղությամբ. բարձր լեռնային գոտիներում ձյան նստելուց հետո բարդ կլինի». Գրիգոր Գրիգորյան
Սեպտեմբերյան ադրբեջանական գործողությունների արդյունքում ի՞նչ իրավիճակ է այս պահին այդ օրերին թիրախավորված սահմանային հատվածներում, և ո՞ր ուղղությամբ են հավանական նոր էսկալացիան կամ լայնամասշտաբ գործողությունները:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ, ով նոր է իջել դիրքերից և պատրաստվում է վերադառնալ:
– Այն ուղղությամբ, որտեղ ես եմ (անվտանգությունից ելնելով՝ հստակ չեմ նշի), հարաբերական անդորր է, ինչը, իմ կարծիքով, պայմանավորված է նաև նրանով, որ հակառակորդն իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Ե՛վ մենք, և՛ իրենք իրականացնում ենք ինժեներական աշխատանքներ, ուստի կրակոցներ չկան: Տարբերությունն այն է, որ մենք ինժեներական աշխատանքներ իրականացնում ենք մեր ձեռքի տակ եղած միջոցներով, ինչը նաև կարողանում ենք հայթայթել, իսկ իրենք իրականացնում են համապատասխան 3-5 տեխնիկաներով, մեկին հարյուր աշխատանքներ են իրականացվում: Եվ ինձ թվում է, որ երբ Ադրբեջանը կավարտի իր այս աշխատանքները, արդեն կսկսվի իրավիճակի լարում, որովհետև կուտակումներ շատ կան:
– Պաշտպանության նախարարության հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, Վարդենիսի հատվածում տեղակայված, և երբեմն հայկական կողմը ստիպված է լինում լռեցնել թշնամուն:
– Կրակոցներ լինում են հիմնականում այն ուղղություններում, որտեղ ինժեներական աշխատանքներն ավարտված են, դադարեցված: Հակառակորդը փորձում է հերթական սրումը մտցնել, և, այո՛, տարբեր տրամաչափի զենքերից կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, մենք պատասխանում ենք, բայց ակտիվ գործողություններ դեռևս չեն լինի․ մինչև ձյունը՝ գուցե ինչ-որ ուղղությամբ գործողություններ սկսվեն:
Բայց քանի որ Վարդենիսի հատվածում ձյունը շուտ է նստում, այդ գործողություններն այս ուղղությամբ կարող են տեղափոխվել գարնանային փուլ:
– Իսկ որքանո՞վ են հնարավոր սրացումները կամ նոր լարվածության տանող գործողությունները նախիջևանյան, տավուշյան թևում:
– Նախիջևանի հատվածում հնարավոր է՝ ինչ-որ գործողություններ լինեն: Կրկնում եմ, բարձր լեռնային գոտիներում ձյան նստելուց հետո, ինձ թվում է, հակառակորդը գործողություններ չի սկսի, որովհետև նման պայմաններում մարտական գործողություններ իրականացնելը շատ բարդ է լինելու, հատկապես՝ հարձակվող կողմի համար: Իսկ Երասխի ուղղությամբ գիտենք, որ եղանակային այլ պայմաններ են, ուստի ոչինչ չի խանգարի թշնամուն այնտեղ լարվածություն ստեղծել: Այսինքն, չի բացառվում, որ Ադրբեջանն ինչ-որ գործողություններ սկսի Երասխի ուղղությամբ:
– Եվրամիությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվելու համար դիտորդական առաքելություն է ուղարկել, միջազգային դիտորդները, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, տեղակայվելու են Սյունիքում և Գեղարքունիքում: Սա ի՞նչ է տալու Հայաստանին, և ի՞նչ ռիսկեր է այն պարունակում:
– Իմ կարծիքով, ոչ մի բան էլ դա չի տալու, տեսել ենք, թե ինչպես են 30 տարի միջազգային դիտորդները գնացել սահման, բայց դա ոչինչ չի տվել, որովհետև երբեք ճիշտը չեն զեկուցում, իրավիճակը ճիշտ չեն գնահատում: Այսինքն՝ Եվրոպան, Եվրոպայի «պապաները» ոնց ցանկանում են, դա են ասում, կամ նրանց օգտին, ով շատ փող է տալիս: Իրենց ներկայությունը գնահատում եմ 0 արդյունավետություն ունեցող, ես վստահ եմ, որ միջազգային դիտորդների այստեղ գտնվելը ոչ մի դրական արդյունք մեր երկրին չի տալու:
– Պաշտպանության նախարարությունը ցանկանում է հրաժարվել եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Այսինքն, հիմնական ծառայությունը 21 օր է, 25 օր է նշվում՝ կազմակերպական հատվածն ապահովելու համար։ Այսինքն, քաղաքացին 7 օր անցնում է պատրաստություն, 14 օր՝ մարտական հերթապահություն։ Որոշ փորձագետներ գտնում են, որ 7 օրը բավարար չէ մարտական հերթապահության համար քաղաքացուն պատշաճ պատրաստելու համար (որը, օրինակ, 20 տարի առաջ է ծառայել), երբ դիմացը հաճախ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն են:
– Այսպես կմեկնաբանեմ. եռամսյա հավաքները մարդկանց կտրում էր ընտանիքից, իսկ պետությունը բավարար չի վարձատրում: Սահման պահողին պետությունը 120-130.000 է տալիս, ոստիկանության սովորական աշխատողին, որը ասֆալտի վրա կոշիկներ է մաշում՝ 400.000 դրամ: Այս առումով կապ չունի, թե քանիօրյա է հավաքը, այն արդյունք չի տա, եթե չլինի պետական մտածելակերպ, հավաքների պատշաճ կազմակերպում՝ համալրում, համազգեստ, մարտական հերթապահության պայմաններ, ֆինանսական նորմալ աջակցություն: Ինչ վերաբերում է 7 օր պատրաստելուն, ապա նրանք անցել են զինվորական ծառայություն, արդեն իսկ ունեն որոշակի գիտելիքներ, մասնագիտություն, և նրանց, այո, հնարավոր է 7 օրում պատրաստել՝ զենքի կիրառում, կրակային, ներդաշնակում, երկրորդ՝ մարտական դիրքերում հնարավոր է սովորել կանոնավոր զորքից, պայմանագրային ծառայություն իրականացնողներից:
– 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովից ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել է նորից հիշել ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը Հարավի ուղղության պատասխանատուն է եղել։ Ավելին՝ ակնարկում է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է ասել, որ Տիրան Խաչատրյանին պետք է ՀՀ Ազգային հերոսի կոչում տալ, իրենք էլ հավատացել են, հիմա փորձելու են հասկանալ, թե…
– Այն, ինչն այս վարչակազմը չի կարողանում կազմակերպել, կամ ձախողում է, սկսում է հիշել նախկիններին, նույն գեներալներն էլ են արդեն նախկին համարվում: Իրենց ձախողումները փորձում են գցել գեներալների վրա: Մենք արդեն սովորել ենք այս վարչակազմի բոլոր ասածներին: Այս համատեքստում ուզում եմ ասել՝ սահմանում կրակոցներ էին, իսկ մեր պաշտպանության նախարարը քարոզարշավի էր մասնակցում: Մեր պաշտպանության նախարարն ուրիշ անելիք չունե՞ր: Մենք չունենք պետական մտածելակերպ, մենք չունենք այն կազմակերպված կանոնավոր բանակը, որն ունեինք: Այսօր ամեն կերպ փորձում ենք սահմանները պաշտպանել, դա անհատների, զինվորների, կամավորների շնորհիվ է, որ դեռևս գոնե այսպես պահպանվում է: Եթե թողնենք պետությանը, իշխանություններին և բոլորս հետ քաշվենք և ասենք՝ ինչ ուզում է լինի, հավատացնում եմ, որ չի բացառվում՝ ամիսներ հետո հակառակորդը հայտնվի Երևանի փողոցներում:
– Իշխանություններն ասում են՝ բանակի համար ինչ պետք է, անում են, հիմա փորձում են ամեն տեղից զենք գտնել:
– Իհարկե, իրենք միշտ էլ ամպագոռգոռ խոսում են, որ բանակը ոչ մի բանի կարիք չունի, ամեն ինչով ապահովված է, ոչ ոք թող չխառնվի: Բայց դրանք փուչիկ խոսքեր են:
– Զենքի ձեռքբերման անհրաժեշտության մասին խոսում են:
– Բայց միայն զենքո՞վ է, միայն դա՞ է խնդիրը: Մեկ օրինակ բերեմ. գնում ես Վարդենիս և տեսնում, որ քաղաքում էքսկավատորը ջրագծի համար փոս է քանդում, մոտենում ես, ասում՝ եղբայր, տուր մի քանի ժամով տանենք սահման, շատ կարևոր աշխատանք կա, պատասխանում են՝ ո՛չ, ջրագիծ ենք սարքում: Ասում ես՝ քո ջրագիծն ո՞ւմ է պետք, երբ սահմանդ չկարողանաս պաշտպանել, վաղը թուրքը հայտնվի քո տան մոտ, ո՞ւմ է պետք քո սարքած ջրագիծը: Էն մի գյուղն էլ ասում է՝ գնում եմ իմ գյուղի հանդերը պահեմ, ինքնուրույն գործողություններ են իրականացվում, կարգուկանոն չկա: Ով ուզում է լինի՝ սահմանային բնագծում հայտնվեցիր, պետք է տրվի և ենթարկվի համապատասխան ստորաբաժանման հրամանատարին, նրա ցուցումներին: Այս 4 տարիներին մոռացանք՝ ինչ է ծառայությունը, բանակը, որովհետև երկիրն ու բանակը քանդել են, բայց փորձում են մեղավորներ փնտրել՝ նախկիններն են, ռուսներն են, ամերիկացիներն են: Այսինքն, բոլորը մեղավոր են, բացի մեզնից: