«Թուրքիան և Ադրբեջանը թուր-թվանքով սպասում են, թե որ պահին ավելի հարմար կլինի հարձակվել». Աննա Կոստանյան
«2020թ. հետո պերմանենտ ձևով երկրի գլխին աղետներ բերած իշխանությունը շարունակում է երկիրը հերթական աղետների առջև կանգնեցնել. Մենք այստեղ խնդիր ունե՞նք, թե՞ ոչ: Այս հարցը բոլորը պետք է տան իրենց՝ ուսանողներից մինչև տարբեր ոլորտների մասնագետներ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա նկատեց, որ Հայաստանի գործող իշխանությունները վաղուց են խոսում Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ համակեցության մասին. «Իրենք հենց այդ պլաններով էլ եկել են իշխանության: Այդ համակեցության գաղափարն առաջ տանելը տասնյակ տարիների աշխատանք է: Իրենք հետին պլանում գլուխները կախ նույն տրամաբանությամբ աշխատել են: Միջազգային շատ կառույցներ, Հայաստանում գործող կազմակերպություններ այդ ուղղությամբ ևս շատ տևական ժամանակ պրպագանդել են համակեցությունը, և մենք տեսանք, թե այդ կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. մինչ օրս Հայաստանի և Արցախի գլխին ինչ աղետներ են գալիս»:
Աննա Կոստանյանի գնահատմամբ՝ Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրսներ չունենալու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները սև դրոշմ են. «Ցույց են տալիս, որ Հայաստանն այլևս անելիք չունի: Ես համոզմունք ունեմ, որ իշխանափոխության պարագայում, եթե Հայաստանն իր ձեռքը վերցնի այնպիսի մի ուժ, որ կարողանա բավարար քաղաքական կամք դրսևորել և ցույց տալ, որ Հայաստանը չի կարող լվանալ իր ձեռքերն Արցախից, որովհետև այն հայկական է, այնտեղ ապրում են հայեր, Արցախի հարցը փակված չէ, որովհետև դեռևս գոյություն ունի ՄԽ համանախագահությունը, որի շրջանակներում էլ պետք է անպայման Արցախի հարցը լուծում ստանա… Բայց այս առումով Արցախի հարցի լուծման հեռանկարներ՝ գործող իշխանություններից կախված, չեմ տեսնում»:
Օրերս նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը 168TV-ի եթերում մանրամասն բացատրել էր, թե ինչ վտանգներ է պարունակում Արցախից հրաժարումը, ու, որ դրանից հետո Հայաստանի համար էլ ավելի ծանր հետևանքներ են լինելու: Աննա Կոստանյանից հետաքրքրվեցինք՝ գործող իշխանություններն այս ամենը չե՞ն գիտակցում, թե՞ սա հստակ իրականացվող ծրագիր է:
«Ես ինքս՝ որպես քաղաքացի, ինձ միշտ հարց եմ տալիս՝ սա դավադրությո՞ւն էր, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանդեպ: Երբ փորձում եմ մտածել, որ իշխանությունն ավելի շատ ապիկար է, զուրկ է հմտություններից և կամքից, որպեսզի կարողանա Արցախի հարցը առաջ տանել, սկսում եմ հիշել բոլոր այն գործողություններն ու հայտարարությունները, որոնք արվել են հենց առաջին դեմքի կողմից, ու սկսում եմ հավատալ, որ ամեն դեպքում սա իրենց օրակարգն ու տեսլականն էր: Հետևաբար, անիմաստ է և ժամանակի կորուստ է իրենցից այլ բան պահանջել: Պետք է փորձել համախմբել Հայաստանի և Արցախի ամբողջ ռեսուրսը, որպեսզի ցույց տանք՝ ներսից ճնշում կա, մենք չենք համակերպվել, ինչը շատ կարևոր է, և իր ազդեցությունն անպայման ունենում է արտաքին քաղաքականության վրա»:
Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ ընդդիմությունը պետք է փորձի իր ամբիցիաները մի կողմ դնել և իրական համախմբում իրականացնել. «Պետք է իշխանությանը հասցնել այն գիտակցությունը, որ ընդդիմությունը պահանջատեր է: Ընդդիմությունը պետք է հստակ գիտակցի, որ պատասխանատվություն կա, և ինքը պատրաստ է այն ստանձնել, եթե պատրաստ չէ, անիմաստ է որևէ քայլ անել: Հասարակության գիտակից շերտը կակտիվանա միայն այն ժամանակ, երբ տեսնի, որ քաղաքական գործիչները համախմբված ձևով պատրաստ են այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Անտարբեր խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմադիր շերտը, կարծում եմ՝ փորձում են գտնել ճանապարհներ այդ մեծ համախմբումն իրականացնելու համար, բայց մենք շատ ժամանակ չունենք: Գործընթացներն արագ են գնում, տարածաշրջանը լարված է, դրսից առնվազն երկու պետությունների կողմից տեսնում ենք թուր-թվանքով կանգնած սպասողական վիճակ, թե որ պահին ավելի հարմար կլինի հարձակվել, բայց ամեն դեպքում, լիահույս եմ, որ որոշակի գործընթացներ երկրի ներսում գնում են, և ոչ անտարբեր շերտն ինչ-որ պահի իրական համախմբում կարողանալու է իրականացնել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում