Տիգրան Մուկուչյա՞նը, թե՞ Տիգրան Եգորյանը, իսկ միգուցե՝ Գրիգոր Մինասյա՞նը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) իրավաբան-գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո ԲԴԽ-ում, ի ուրախություն «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության, մեկ թափուր տեղ է «կպել»: Ճիշտ է, այդ թափուր տեղի համար Ազգային ժողովը (ԱԺ) պետք է թեկնածու առաջադրի, բայց պարզ է, որ թեկնածուն պիտի լինի ՔՊ խմբակցությանը:

Օրեր առաջ Oragir.News-ը գրեց, որ այդ պաշտոնի համար ՔՊ-ն քննարկում է փաստաբան Տիգրան Եգորյանի թեկնածությունը: Վերջինս, ի դեպ, կայքի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր նման առաջարկ ստանալու լուրը:

Ըստ կայքի՝  Տիգրան Եգորյանը նաև ամենահավանական թեկնածուն է համարվում, քանի որ նա այն եզակի փաստաբաններից է, ով հայտնի է իր իշխանամետ կեցվածքով, սակայն մինչ այս պահը դեռ որևէ պաշտոն չունի։

«Ի դեպ, ոչ պակաս հավանական թեկնածու կարող էր լինել նաև նրա կինը՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը, ով 2011թ.-ից «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է, ու հայտնի է արմատական ընդդիմության նկատմամբ բավական կոշտ քննադատություններով ու իշխանությունների նկատմամբ ունեցած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքով»,- գրել էր կայքը:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով՝ ԲԴԽ իրավաբան-գիտնականի թափուր տեղը զբաղեցնելու ՔՊ-ի հավակնորդների թվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախկին նախագահի թեկնածության՝ ՔՊ-ի կողմից առաջադրումը բավականին իրատեսական է, եթե հաշվի առնենք, որ նախկին իշխանությունների օրոք ԿԸՀ նախագահ դարձած Տիգրան Մուկուչյանը հլու-հնազանդ ծառայել է Նիկոլ Փաշինյանին:

Ամեն դեպքում հուսով ենք՝ մի օր Տիգրան Մուկուչյանն անկեղծություն կունենա ու կպատմի՝ ինչպես եղավ, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից պարտադրված խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հանկարծ չհաղթահարեց 5 %-ի անցողիկ շեմը:

Տիգրան Մուկուչյանից բացի, ԲԴԽ իրավաբան-գիտնականի թափուր տեղին կարող է հավակնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ընկեր և գործընկեր Գրիգոր Մինասյանը, ով ոչ մի կերպ, չնայած ցուցաբերած աննախադեպ ակտիվությանը, այդպես էլ չի նշանակվում արդարադատության նախարարի պաշտոնում և ըստ էության չի էլ կարող նշանակվել շահերի ակնհայտ բախման պատճառով. Բիզնես-գործընկերները, ինչպես արդեն գրել ենք, չեն կարող լինել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցող և քննող մարմինների ղեկավարների պաշտոններում:

Հատկանշական է, որ Գրիգոր Մինասյանը նախարարի պարտականությունները կատարելու ընթացքում առաջնահերթ շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է վճռաբեկ դատարանի նախագահի համար նախատեսված աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար սահմանել նաև ԲԴԽ նախագահի ու անդամների համար՝ հաշվի չառնելով, որ Կարեն Անդրեասյանը դատավոր չի եղել երբեք և չի կարող ստաժի համար նախատեսված այդ հավելավճարը ստանալ։

Ըստ այդմ՝ ԲԴԽ նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը կազմելու է 665 հազար 600 դրամ՝ ամսական, իսկ տարվա կտրվածքով՝ 7 մլն 987 հազար 200 դրամ։ 5 տարվա ընթացքում Անդրեասյանը կստանա 39 մլն 936 հազար դրամ հավելավճար՝ այն դեպքում, երբ նրա բուն աշխատավարձն էլ անհամեմատ աճած կլինի։ ԲԴԽ մեկ անդամի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 12 է, այսինքն՝ աշխատավարձը կկազմի 998 հազար 400 դրամ, որի 50 տոկոսը՝ հավելավճարը՝ 499 հազար 200 դրամ՝ ամսական, տարեկան ԲԴԽ անդամը կստանա 5 մլն 990 հազար դրամ հավելավճար: ԲԴԽ-ն ունի 9 անդամ և 1 նախագահ, եթե միմյանց գումարենք միայն 1 տարվա հավելավճարները, ապա այս թիվը կկազմի 61 մլն 900 դրամ։

Եվ եթե, ասենք, Գրիգոր Մինասյանը դառնա ԲԴԽ անդամ, սա կնշանակի, որ վերջինս էս գլխից լուծում է իր ու իր ընկերոջ՝ չհիմնավորված բարձր աշխատավարձ ստանալու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս