Գրիգոր Մինասյանը չի կարող նշանակվել արդարադատության նախարար
Եվ այսպես, արդարադատության՝ արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ական (Բարձրագույն դատական խորհուրդ) նկրտումներից հետո արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նրա բիզնես-գործընկերը և տեղակալը՝ Գրիգոր Մինասյանը:
Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանը և Գրիգոր Մինասյանը 2012թ. հիմնադրել են «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը («AM» ՍՊԸ):
Ընկերությունը մատուցում է իրավաբանական, այդ թվում՝ փաստաբանական ծառայություններ:
Ի դեպ, ժամանակին Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնից հեռանալիս Կարեն Անդրեասյանն իր հետ տարավ նաև ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որն ակնթարթորեն անվանափոխվեց և դարձավ «AM» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջը:
Այսինքն՝ նախկին ՄԻՊ-ի իրավաբանական ընկերությունը մի վայրկյանում ստացավ 10.000 հետևորդ, և ոչ ոք այդ մասին չիմացավ, մինչդեռ, երբ Արման Թաթոյանը տեխնիկական խնդիրների պատճառով 2 օր ուշացումով իր իսկ ստեղծած ֆեյսբուքյան էջը փոխանցեց «նորանշանակ» ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին, վերջինս այնպիսի աղմուկ էր բարձրացրել, կարծես մոտ 60.000 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջը պետք է նրա աշխատանքի հաջողության գրավականը լիներ: Բայց սա իմիջիայլոց…
Վերադառնանք «AM» ընկերությանը: Ընկերության տնօրենը Եվա Առաքելյանն է՝ Կարեն Անդրեասյանի կինը, ում բաժնեմասը ընկերությունում 40% է կազմում: Հասկանալի ու բնական է, որ Կարեն Անդրեասյանը հավատարմագրային կառավարման է տվել իր իսկ հիմնած ընկերությունը, բայց դա չի նշանակում, որ այդ բիզնեսը դադարել է իրենը՝ իր ընտանիքինը լինելուց:
Ընկերության մյուս 60% բաժնեմասի սեփականատերն է Գրիգոր Մինասյանը, ով արդեն մի քանի օր է՝ նախարարի դերի մեջ տարատեսակ այցելություններ է կատարում իր պաշտոնեական պարտականությունների կատարման շրջանակում: Իսկ մամուլն արդեն գրում է, որ մեծ է հավանականությունը՝ նախարար կնշանակվի հենց Գրիգոր Մինասյանը, և եթե դա տեղի ունենա, աշխարհում դրա նախադեպը դժվար թե հայտնաբերվի:
Մի բան է, երբ նույն կառույցում ղեկավար-ենթակա հարաբերություն են ունենում բիզնես գործընկերները, ինչպես Արդարադատության նախարարությունում էր, բոլորովին այլ բան է, երբ նրանք հայտնվում են ակնհայտ շահերի բախման կիզակետում:
Եթե Կարեն Անդրեասյանի «գործուղումը» ԲԴԽ և նրա՝ նախագահ դառնալն անցնցում անցնեն, իսկ Գրիգոր Մինասյանը դառնա արդարադատության նախարար, գործ կունենանք դասական կոռուպցիայի և հովանավորչության հետ:
Գաղտնիք չէ, որ կարգապահական վարույթների առյուծի բաժինը հարուցվում է արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա: Այդ կարգապահական վարույթները քննվում են Բարձրագույն դատական խորհրդում, որի նախագահը, ըստ ամենայնի, ենթադրվում է, որ ըստ իշխանությունների ծրագրի, կլինի Կարեն Անդրեասյանը:
Իսկ հիմա պատկերացրեք, որ «AM» իրավաբանական գրասենյակի փաստաբաններն են բողոք ներկայացնում որևէ դատավորի դեմ Արդարադատության նախարարություն, և նախարարը երկու տարբերակ ունի՝ կամ հարուցել, կամ չհարուցել վարույթ:
Եթե հարուցում է, դա ակնհայտ շահերի բախում է ու կոռուպցիա, որովհետև տվյալ դեպքում սպասարկվում է իր բիզնեսի շահը, որը ԲԴԽ-ում ենթադրաբար պետք է բավարարվի՝ հաշվի առնելով նույն բիզնես շահը և Կարեն Անդրեասյանի պաշտամունքը կարգապահական վարույթների առնչությամբ առհասարակ:
Չհարուցելը նույնպես խնդիր է, քանի որ շատ հավանական է, որ դատավորն իսկապես կարգապահական խախտում թույլ տված լինի:
Որքան էլ հասկանալի է, որ ՔՊ-ն մեծ ընտրություն չունի կադրային խայտառակ սնանկ բանկի պատճառով և մնացել է, օրինակ, ԲԴԽ գործուղվող իրավաբանական հանրությանն անհայտ Երանուհի Թումանյանցի հույսին, ում մասնագիտական աշխատանքի ստաժը, պնդում ենք, բավարար չէ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ դառնալու համար, վերը բերվածը փաստում է՝ Գրիգոր Մինասյանը չի կարող նշանակվել արդարադատության նախարար:
Գրիգոր Մինասյանը և Կարեն Անդրեասյանը ունեն բիզնես շահեր, և չեն կարող գտնվել կարգապահական վարույթներ հարուցող ու քննող կառույցների բուրգերի գագաթներին: