«Այս հայտարարությունները տեղավորվում են ճնշման այն շրջանակների մեջ, որոնք Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են Հայաստանի վրա». Քաղաքագետ

Հոկտեմբերի 17-ին Թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական պատասխանեց։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է «Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը՝ Լաչինի միջանցքի նման»։

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը գրառումներ կատարեց թվիթերյան իր էջում, որտեղ պատասխանեց նաև Թուրքիայի արտգործնախարարին։

«Որևէ մեկը կարո՞ղ է Եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին, որը վերաբերում է #Հայաստանի տարածքին 11/9։ Իհարկե ոչ! 11/9 Եռակողմ հայտարարության մեջ կա՞ «միջանցքի» մասին հիշատակում։ Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի #Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայմանը, քաղաքագետ Դավիթ Հարությունովը նախ նշեց, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի հայտարարությունները նոր չեն։

«Սա կապված է նրա հետ, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա օգտագործում են որպես փաստարկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ապահովելու համար։ Նրանց պահանջն այդ «միջանցքի» հետ կապված այն է, որ չվերահսկվի Հայաստանի կողմից։ Նրանք ուղղակի Լաչինի միջանցքի հետ զուգահեռ են անցկացնում, որպեսզի ցույց տան էքստերիտորիալությունը, անվերահսկելիությունը Երևանի համար դրույթը։ Այս հայտարարությունները տեղավորվում են ճնշման այն շրջանակների մեջ, որոնք Թուրքիան և Ադրբեջանը գործադրում են Հայաստանի վրա»,- նշեց Դավիթ Հարությունովը։

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայման մասին, քաղաքագետն ասաց, որ այդ առնչությամբ Ռուսաստանն իր կարծիքը հայտնել է՝ ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով ասել է, որ դրան բացասական է վերաբերվում։

«Ռուսաստանը հայտարարել էր, որ ունի որոշակի հող՝ գործընթացը երկուստեք կարգավորելու համար, բայց ԵՄ-ն օգտվելով ստեղծված իրավիճակը՝ մտնում է այդ գործընթացի մեջ և փորձում օգտվել։ Ընդհանուր առմամբ նման իրավիճակ առաջացել է ուկրաինական կոնֆլիկտի արդյունքում, երբ Ռուսաստանի դերը թուլացավ՝ որպես միջնորդի։ Նա այս պահին կորցրել է երկու կողմերին արդյունավետ ինչ-որ բան պարտադրելու հնարավորությունը, հետևաբար՝ նման պայմաններում Արևմուտքը պետք է ակտիվանար։

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, Ռուսաստանը պատշաճ չարձագանքեց՝ պայմանավորված երկու գործոնով, նախ, ուկրաինական կոնֆլիկտը, որը հիմնականն է այն խնդիրների մեջ, որոնք Ռուսաստանն այս պահին ունի մեր տարածաշրջանում։ Բացի այդ, Ռուսաստանն աշխատում է բալանս ապահովել Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Մոսկվան մտավախություն ունի, որ Հայաստանին ակտիվ աջակցելու դեպքում Ադրբեջանը կթռնի Թուրքիայի «գիրկը»։ Թեպետ փորձում է պահպանել ուժեղ լծակներ նաև Ադրբեջանի վրա։ Երկրորդ գործոնն այն է, որ Ադրբեջանի հետ որևէ կոնֆլիկտ ունենալու դեպքում, Թուրքիան կմիջամտի, ինչն էլ կարող է վտանգներ առաջացնել Ռուսաստան-Թուրքիա կոնֆլիկտի համար»,- հավելեց Դավիթ Հարությունովը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ԵՄ հարթակում ընթացող բանակցությունները միայն ԵՄ-ի նախաձեռնությունը չէ, այդ առումով բավականին ակտիվ է նաև Ադրբեջանը։

«ԵՄ առաքելության հետ կապված կա որոշակի մեղմացուցիչ գործոն, նախ՝ այն ամերիկյան ներկայություն չէ, երկրորդ՝ խոսքը քաղաքացիական առաքելության մասին է և ունի սահմանափակ ժամանակ»,- եզրափակեց Դավիթ Հարությունովը։

Տեսանյութեր

Լրահոս