Մեկ ժամվա ընթացքում՝ 4 թվիթ. Փաշինյանը թվիթերում արձագանքում է Չավուշօղլուին

Վերջին մեկ ժամվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Թվիթեր սոցիալական ցանցում միանգամից 4 գրառում է արել: Առաջին թվիթում Փաշինյանը գրել է. «Որևէ մեկը կարո՞ղ է Եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին, որը վերաբերում է #Հայաստանի տարածքին 11/9։ Իհարկե ոչ! 11/9 Եռակողմ հայտարարության մեջ կա՞ «միջանցքի» մասին հիշատակում։ Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի #Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»:

Սրան հաջորդել է մեկ այլ գրառում. «Կա՞ արդյոք Հայաստանի կողմից որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու համար, ըստ 11/9 Եռակողմ հայտարարության: Ո՛Չ։ Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունքում: ԱՅՈ՛։ Հայաստանը պատրաստ է դա անել իր օրենսդրության համաձայն։ Դրա համար պահանջվում է Ադրբեջանի դրական արձագանքը»:

Նա նաև տարածել է հոկտեմբերի 17-ին արած աղմկահարույց գրառումը, որում օգտագործել էր «Արևելյան Ադրբեջան» արտահայտությունը: Նա մասնավորապես նշել էր, թե մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության՝ «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»:

Իսկ այս պահի դրությամբ, իր վերջին թվիթերյան գրառման մեջ Փաշինյանը գրել է. «Ստորև ներկայացված թվիթը (նկատի ունի հոկտեմբերի 17-ի աղմկահարույց թվիթը) և դրա վերաբերյալ արձագանքները վկայում են, որ ոչ ոք չի կարող մեղադրել #Հայաստանին՝ իր պարտավորություններից խուսափելու համար։ Կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բացել 3 անցակետ՝ մեր պարտավորությունները կատարելու և աշխատելու տարածաշրջանի համապարփակ ապաշրջափակումից բխող հնարավորություններն օգտագործելու ուղղությամբ»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս