Սպորտը երբեք չպետք է քաղաքականացվի: Չի կարելի մոռանալ նրանց, ովքեր պատմություն են կերտել. ՀԱՕԿ-ի պատվավոր փոխնախագահ
«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
-Պրն Գաբրիելյան, վերջերս Կեմերովոյում մասնակցեցիք «Ռուսաստանը՝ սպորտային տերություն» 10-րդ միջազգային ֆորումին: Ի՞նչ հարցեր են քննարկվել այնտեղ:
-Մենք հրավեր ենք ստացել ՌԴ օլիմպիական կոմիտեից եւ սպորտի նախարարությունից: Ֆորումին մասնակցեցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ: Միջոցառման շրջանակներում քննարկումներ կազմակերպվեցին ավիացիոն տեխնիկայի կիրառմամբ մարզաձեւերի զարգացման վերաբերյալ: Նշվեց անցյալի փորձը, ներկայացվեցին ներկայումս կազմակերպված համապատասխան գործընթացները, անդրադարձ եղավ նաեւ այս ուղղությամբ սպորտի զարգացման հեռանկարներին: Ֆորումի ընթացքում քննարկումներ կազմակերպվեցին նաեւ Ռուսաստանում մեդիա լանդշաֆտի վերափոխման ու մարզական լրատվամիջոցների ապագայի, ինչպես նաեւ մարզական բժշկության մասին, իրականացվեցին տարբեր ցուցադրություններ: Ներկա էին եվրոպական ու ասիական պետությունների ներկայացուցիչներ:
-Ֆորումում ունեցած ելույթում նշեցիք, որ ՄՕԿ-ը պետք է վերանայի ռուս մարզիկների նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր դիրքորոշումը:
-Իմ ելույթում շեշտը դրեցի այն մտքի վրա, որ սպորտը ոչ մի դեպքում չի կարելի քաղաքականացնել: Աշխարհում այսօր ստեղծված իրավիճակում սպորտը շատ է տուժում. նկատի ունեմ Միջազգային օլիմպիական կոմիտեի վերաբերմունքը Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերի նկատմամբ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ եթե այսօր մենք չկարողանանք հասնել նրան, որ սպորտը չքաղաքականացվի, ուրեմն պետք է հրաժարվենք սպորտից: Իմ ելույթում նշել եմ, հիմա էլ եմ կրկնում, սպորտի պատմությունը ստեղծել են մարզիկները՝ նրան տալով ոչ միայն իրենց երիտասարդությունը, այլեւ շատ հաճախ՝ առողջությունը: Համարում եմ, որ սպորտի նկատմամբ ՄՕԿ-ի եւ մոլորակի ուժեղագույն տերությունների այժմյան վերաբերմունքը ճիշտ չէ, որովհետեւ եթե այսօր այդ ուժեղ թիմերը, անհատները (բոլորս էլ գիտենք, թե Ռուսաստանը սպորտին որքան մեծ ուշադրություն է դարձնում) զրկվեն միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, ապա արդյունքում կընկնի մրցումների որակը: Յուրաքանչյուր մարզիկ երկար ու ծանր աշխատանք է կատարում՝ կատարելագործվելու եւ իր երազանքներն իրագործելու համար: Օլիմպիական խաղերն առանձնահատուկ են բոլոր մարզիկների համար, եւ ոմանց մասնակցության չեղարկումը ոչ մարզական պատճառներով հակասում է Օլիմպիական խարտիային: Ինչպես նշել է Խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը, սպորտը պետք է հեռու պահել քաղաքականությունից: Անցյալում, երբ Հին Հունաստանում մեկնարկում էին Օլիմպիական խաղերը, պատերազմները դադարեցվում էին: Այդպես պետք է լինի նաեւ հիմա: Ավելի քան 60 տարի սպորտում եմ եւ, ելնելով իմ փորձից, շեշտում եմ՝ բոլորը հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ: Եթե մարդը հիվանդանոց է կառուցում, ուրեմն փորձում է ճանապարհներ գտնել՝ տարբեր հիվանդություններից ազատվելու համար: Հիմա եկեք գտնենք ճանապարհը՝ սպորտի քաղաքականացման վտանգից ազատվելու համար:
-Ո՞րն է լավագույն տարբերակը:
-Իհարկե, իդեալական տարբերակը խաղաղությունն է ողջ աշխարհում:
-Պրն Գաբրիելյան, որքանով տեղյակ եմ, ֆորումի մասնակիցները խոսել են նաեւ Հայաստանում կազմակերպված բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի արտահերթ համաժողովի մասին: Ինչպիսի՞ն էին գնահատականները:
-Այդ առումով Հայաստանի հասցեին միայն գովասանքի խոսքեր են հնչել: Այդպիսի համաժողովի անցկացումն ամենեւին էլ հեշտ խնդիր չէ: Մենք ընդունել ենք 160 երկրների ներկայացուցիչների… Ինձ համար հաճելի էր լսել տարբեր երկրների պատվիրակներին, ովքեր դրական էին արտահայտվում Երեւանում անցկացված այս կամ այն մրցաշարի մասին:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի հայկական սպորտի վաղվա օրը:
-Մենք անելիքներ շատ ունենք: Տեսնելով Կեմերովոյում կառուցված մարզական ենթակառուցվածքները՝ զգացի, որ որոշակիորեն հետ ենք մնում: Իհարկե, դա իր պատճառներն ունի. պատերազմի մեջ ենք, ունենք արցախյան հարց… Ի դեպ, այս մասին նույնպես խոսել եմ իմ ելույթում, որին շատերը, ի դեպ, համակրանքով վերաբերվեցին: Ֆորումի կազմակերպիչներն էքսկուրսիա անցկացրեցին, եւ ես տեսա, որ Ռուսաստանում սպորտը մեծ քայլերով է առաջ գնում: Ռուսները չեն ընկճվում ստեղծված իրավիճակի պատճառով, փորձում են տարբեր մարզաձեւերի ներքին մրցումներն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Օրինակ՝ Չիտայում անցկացված բռնցքամարտի առաջնությունը, ըստ իս, թե մասնակիցների քանակով, թե որակով կարելի է համեմատել աշխարհի առաջնության հետ:
Մենք Հայաստանում հաճախ ենք միջազգային մրցաշարեր անցկացնում, եւ բոլորն արդեն գիտեն Հայաստանի, Երեւանի տեղը: Իսկ դրանց լավ կազմակերպումը հնարավոր է միայն համախմբվածության մթնոլորտում, երբ նույն նպատակին են ձգտում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը, մյուս կառույցները: Ես գովեստի խոսքեր եմ ասում մեր օլիմպիական կոմիտեի հասցեին: 2005 թվականից, անկեղծ պետք է լինեմ, երբ ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը, շատ բան փոխվեց մեր մարզիկների կյանքում: Եվ մարզաբազաներ կառուցեցինք ու վերանորոգեցինք, եւ միջազգային մրցաշարեր անցկացրեցինք… Կեմերովոյում ես դահլիճին եմ դիմել այսպիսի արտահայտությամբ՝ մեկ ծաղիկով էլ է գարուն գալիս: Մեր ազգային օլիմպիական կոմիտեն ճիշտ ճանապարհի վրա է, եւ, կարծում եմ, որ օլիմպիական 15-րդ չեմպիոն ունենալու իմ ձգտումն ամենեւին էլ անիրականանալի երազանք չէ:
Տարիքս ինձ իրավունք է տալիս հանդես գալ խնդրանքով, որ սպորտի վետերաններին՝ այն մարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են սպորտին, չզրկենք մեր ուշադրությունից: Շատ բան պետք չէ, միայն հասարակական ուշադրության կարիք կա: Եթե այդ ուշադրությունը լինի, նրանք ավելի երկար կապրեն ու ավելի լավ կաշխատեն՝ հանուն մեր պետության: Իմ փորձով եմ ասում: Երբ ինձ վստահում են ու առաջարկում պետություն ներկայացնել, ես հաստատ ինձ 78 տարեկան չեմ զգում: Չի կարելի մոռանալ նրանց, ովքեր պատմություն են կերտել: Վստահ եմ, որ համերաշխ ու միմյանց նկատմամբ հարգանքի մթնոլորտում աշխատանքի դեպքում կլսենք նոր չեմպիոնների մասին, ովքեր իրենց անունները ոսկե տառերով կգրեն Օլիմպիական խաղերի տարեգրության մեջ:
-Միանգամայն հասկանալի է, որ այսօր հայ հանրության ուշադրությունը բեւեռված է այլ խնդիրների լուծման վրա: Պատերազմի մեջ ենք, ունենք Արցախի հիմնահարց: Գուցե դեռ ժամանա՞կ կպահանջվի՝ սպորտին վերստին վերադառնալու համար:
-Նույնիսկ այս պայմաններում պետք է ամեն ինչ անենք՝ սպորտն ուշադրությունից դուրս չթողնելու համար: Մարդիկ կարող են հակադարձել՝ խոսելը հեշտ է, անելն է դժվար: Սակայն միտք ունեցողը կգտնի ելքը: Անհրաժեշտ է ծրագիր մշակել, հանդես գալ նախաձեռնություններով, ապրել ոչ միայն անցյալով, այլեւ ապագայի տեսլականով՝ ամեն օր դեպի առաջ քայլ կատարելով: Կեմերովոյում, ի դեպ, անդրադարձա ստեղծված իրավիճակին, թե ինչպիսի պայմաններում ենք աշխատում սպորտի զարգացման ուղղությամբ: Շեշտեցի, որ մենք ուրիշինը չենք ուզում, իսկ մերը երբեք չենք տա ուրիշին: Ինչու պիտի մեր պապերի, մեր եղբայրների ստեղծածն ուրիշին տանք: Ինչ բնագավառ էլ ներկայացնես, չես կարող անտարբեր լինել, երբ հարձակվում են քեզ վրա: Ես պապիկ եմ, ուստի միանգամայն բնական է, որ ցանկանում եմ իմանալ, թե ինձանից հետո իմ զավակներն ու թոռներն ինչպիսի երկրում են ապրելու: Իսկ ապագան բխում է ընտանիքներից. եթե կան ամուր ընտանիքներ, ուրեմն նաեւ պետությունն է ամուր: Յուրաքանչյուրս մեր ընտանիքում պետք է մեր զավակներին ու թոռներին դաստիարակենք հայրենասիրության ոգով ու սիրենք մեր հայրենիքը: Հիշում եմ՝ 1990-ականներին, երբ մեր մարզիկներին մրցումների էի ուղեկցում դեպի Իրան, Գորիսի մերձակայքում հանդիպեցինք մոտ 40 տղաների, ովքեր մեկնում էին Արցախ՝ պաշտպանելու մեր հայրենիքը: Տեղեկանալով մեր այցելության մասին՝ բոլորը մի մարդու պես ասացին՝ մենք ձեզ համար եւ ձեր փոխարեն էլ ենք կռվելու, մտածեք միայն հաղթանակով վերադառնալու մասին: Այսպիսին է հայ ժողովուրդը: Բայց մենք էլ ենք սահմանին ու մենք էլ ենք կռվում: Միայն մեր Օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջը 26 զոհ է տվել…
-Որքան հիշում եմ, քոլեջի մոտ բացվեց հուշակոթող՝ նվիրված զոհված մարզիկների հիշատակին, սանկտպետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ:
-Ես ցանկանում եմ ջերմ խոսքեր ասել Հրաչյա Պողոսյանի մասին: Ապրելով Ռուսաստանում՝ նա չի կորցրել հայրենիքի հետ իր կապը: Մի անգամ հանդիպեցինք հարսանիքի վայրում: Ես ներկա էի արարողությանը, բայց մտքերս հեռու էին: Մտածում էի՝ ինչ են զգում զոհվածների ծնողները… Նկատելով մտախոհ վիճակս՝ Հրաչյա Պողոսյանը դիմեց ինձ, եւ մենք երկար զրուցեցինք այդ թեմայով: Մեկ օր անց նա զանգահարեց, այցելեց քոլեջ եւ խոստացավ շատ կարճ ժամանակում հիշատակի հուշարձան կառուցել: Եվ կատարեց իր խոստումը: Այդ ժամանակ ես արդեն քոլեջի տնօրենը չէի, բայց դա ոչ մի նշանակություն չունի: 30 տարուց ավելի ես ու տղաս՝ Արմեն Գաբրիելյանը, մեր լուման ենք ներդրել այնտեղ: Մինչեւ այսօր էլ շարունակում ենք, դա մեր երկրորդ օջախն է: 2012-ին էլ, երբ ես Օլիմպիական խաղերի առիթով Լոնդոնում էի, տղաս ու աղջիկս քոլեջի տարածքում կառուցել են «Սուրբ Աննա» մատուռ: Պատկերացնո՞ւմ եք՝ 600 չարաճճի երեխաներ, որ սովորում են այնտեղ, հենց հասնում են մատուռին, միանգամից փոխվում են, հանդարտվում, ներս մտնում, մոմ վառում ու նոր գնում դասի: Իսկ հիշատակի հուշարձանի կառուցման ժամանակ մենք բոլորս մի նպատակ ունեինք՝ նրանք պետք է հիշվեն, մրցումների գնացող մարզիկները պետք է խոնարհվեն հուշարձանի առջեւ: Դա վերածվում է յուրատեսակ երդման վայրի՝ հանուն մեր հերոսների հիշատակի պայքարել միայն հաղթանակի համար: Փառք ու պատիվ Հրաչյա Պողոսյանին: Այդպիսի մարդիկ հարգանքի պետք է արժանանան նաեւ մեր պետության կողմից:
-Պրն Գաբրիելյան, մեր զրույցն ավարտենք վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությամբ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը պետք է միավորվի այլ բուհերի հետ…
-Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը շուտով կդառնա 80 տարեկան: Հիմա հարց է բարձրացվել՝ այն միավորելու այլ բուհերի հետ. 3 ինստիտուտ՝ մեկ տանիքի տակ: Հետխորհրդային երկրների փորձը ցույց է տվել, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը մեծ դեր է կատարում երիտասարդության շրջանում: Առաջարկը, որն արվել է, կոնկրետ ես՝ որպես սպորտի աշխարհի ներկայացուցիչ, չեմ ընդունում: Մի բան անելուց առաջ պետք է նայենք՝ աչքը շինեցի՞նք, թե՞ ունքն էլ հետը հանեցինք: Եթե իմանամ, որ դա օգուտ է տալիս, առաջինը ես կողմ կքվեարկեմ: Անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել կլոր սեղանի շուրջ: Միակողմանի որոշման դեպքում մեծ է սխալվելու հավանականությունը: Եթե ուզում ես մարդուն աշխատանքից հեռացնել, նույն օրը չպետք է հրաման տաս: Թող անցնի մի երկու օր, կտեսնես, որ բովանդակությունը փոխվում է…