«Ադրբեջանում մարդկանց դատելու կամ բանտարկելու կրեատիվության խնդիր բացարձակապես չկա». ադրբեջանագետ

Պատերազմում «հաղթանակը» թանկ է նստում Արդբեջանի վրա. երկրում խորանում են սոցիալական խնդիրները, պատերազմի տասնյակ վետերաններ շարունակում են ինքնասպանություններ գործել, օրեցօր ավելանում են բռնապետական ռեժիմի դեմ պայքարողների հանդեպ իրավապահ համակարգի կամայականությունները, քաղբանտարկյալների թիվը, նկատվում են նաև հակառուսական տրամադրություններ:

Նշենք, որ «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը վերջերս հրապարակել է իշխանությունների կողմից հետապնդվող ակտիվիստների թարմացված ցուցակը․ 99 հոգի։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմական Ադրբեջանի տրամադրություններին՝ նշեց. «Ադրբեջանում պատերազմի ավարտից հետո ձևավորվեցին էյֆորիկ տրամադրություններ. հաղթանակած Ադրբեջան, Ալիևի քարոզչություն և այլն, սակայն, չենք կարող չնշել, որ դրան զուգահեռ՝ առաջացել են խնդիրներ, որոնք աստիճանաբար ավելանում են:

Այդ խնդիրներից մեկը, օրինակ, Արցախի տարածքների օկուպացիային մասնակցած ծանր վիրավորում ստացած զինվորների կամ զոհվածների հարազատների սոցիալական խնդիրներն են, առաջին հերթին՝ այդ մարդկանց սոցիալական փաթեթներ չվճարելը:

Ադրբեջանը ներկա դրությամբ բոլոր ֆինանսական ռեսուրսները կենտրոնացրել է բանակի վրա, քանի որ նպատակներ ունի Հայաստանի տարածքները գրավելու, նաև Արցախի օկուպացված տարածքներում է ապօրինի շինարարական աշխատանքներ անում, ինչի հետևանքով առաջանում են սոցիալական խնդիրներ, որոնք անտեսվում են իշխանության կողմից»:

Ի դեպ, վերջինի մասին ահազանգեր է հնչեցնում Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:

«Ադրբեջանի խիզախ որդիներն իրենց կյանքը զոհաբերեցին, որ Ալիևն ավելի զարգացնի իր ընտանեկան բիզնեսը Ղարաբաղում,- ֆեյսբուքյան իր գրառումներից մեկում նշել է ադրբեջանցի ընդդիմադիրը, իսկ մյուսում՝ հավելել,- Երբ Իլհամ Ալիևն ասաց, որ ականներից մաքրելու համար անհրաժեշտ է 25 մլրդ դոլար և 30 տարի, փաստացի ուզում էր ուղերձը տալ, որ՝ նավթային ֆոնդի վրա աչք չունենաք: Եվ մի պահանջեք երեխաների աջակցության, նոր աշխատատեղերի, աշխատավարձերի, թոշակների և նպաստների ավելացում: Ես փող չունեմ»:

Ընդդիմադիրների դեմ «հալածանքների» շարունակական արշավներ. սրանք Ադրբեջանում մշտական բնույթ ունեցող խնդիրներից են, որոնք սրացումներ ունեցան պատերազմից հետո:

Ադրբեջանագետը նշեց այն հիմնական սցենարները, որոնցով Ադրբեջանում մեկուսացնում են ընդդիմադիրներին. «Չնայած չեմ համարում, որ Ադրբեջանում կա լուրջ ընդդիմություն, որովհետև շատ անգամ այդ ընդդիմությունն աշխատում է հօգուտ Ալիևի՝ կա՛մ կոմպրոմատների, կա՛մ պայմանավորվածությունների համատեքստում: Իսկ այն մարդիկ, որոնք ակտիվ քննադատում են և իրենց փորձում են դիրքավորել որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներ, արժանանում են դաժան հալածանքի. այդ մարդկանց վերաբերող սեռական բնույթի տեսանյութեր են հրապարակում, կամ անձնական կյանքի որևէ դրվագ, որով արժեզրկում են այդ մարդկանց քաղաքական կերպարը հասարակության մոտ: Կամ՝ եթե տեսնում են, որ որևէ կերպ չեն կարողանում ազդել, այդ մարդկանց կալանավորում են թմրանյութերի պահպանման կամ տարածման հոդվածով, կամ այդ մարդկանց մեղադրում են դրսից ֆինանսական աջակցություն ստանալու և ընդդեմ Ադրբեջանի քաղաքական գործունեություն ծավալելու մեջ»:

Գառնիկ Դավթյանը շեշտեց՝ Ադրբեջանում մարդկանց դատելու կամ բանտարկելու կրեատիվության խնդիր բացարձակապես չկա. կարողանում է ճնշել բոլոր նրանց, որոնք որևէ կերպ փորձում են գեներացնել հակաալիևյան քաղաքական դաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս