«Առաջ որ խոսում էին՝ Ակադեմիան քանդենք, ինստիտուտները միացնենք բուհերին, ոչ ուղղակի ձևով դա են անում». կրթության փորձագետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի լրամշակված նախագիծը: Նախագծում նշված է, որ Բարձրագույն կրթության և գիտության համակարգի պետական քաղաքականության սկզբունքներից են՝ ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը, իրավահավասարությունը և խտրականության բացառումը, բարձրագույն կրթության և գիտության համակարգի մրցունակությունը և այլն:
Նշվում է նաև, որ առաջին մակարդակի որակավորում շնորհող կրթական ծրագրերի բեռնվածությունը ոչ պակաս, քան 180, և ոչ ավելի, քան 240 կրեդիտ է, բացառությամբ բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի: Բակալավրի որակավորում ստանալու համար ուսուցման տևողությունն առնվազն 3 տարի է: Երկրորդ մակարդակի որակավորում շնորհող կրթական ծրագրերի բեռնվածությունը ոչ պակաս, քան 60, և ոչ ավելի, քան 120 կրեդիտ է: Մագիստրոսի որակավորում ստանալու համար ուսուցման տևողությունն առնվազն մեկ տարի է: Երրորդ մակարդակի որակավորում շնորհող գիտակրթական ծրագրերի բեռնվածությունը 180 կրեդիտ է: Դոկտորի որակավորում ստանալու համար ուսուցման տևողությունն առնվազն երեք տարի է:
Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը։
Նախագծով բուհերի կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանվել է 12, հավասար հարաբերակցությամբ՝ 6-ը՝ բուհի ներկայացուցիչներ, իսկ մյուս 6-ը՝ լիազոր մարմնի առաջադրած ներկայացուցիչներ։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագծում կան և՛ դրական, և՛ բացասական կետեր:
«Բակալավրիատը կարող է լինել 3-4 տարի, կարող է լինել ինտեգրված ուսուցում, երբ բակալավրիատն ու մագիստրատուրան իրար հետ միասին 5 տարի են, կարող են նաև մագիստրատուրան և ասպիրանտուրան միասին լինել: Այդ հնարավորություններն այս նոր նախագիծը տալիս է: Այս ամենը կապ ունի կրթական ծրագրի հետ»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:
Ինչ վերաբերում է կառավարման խորհրդի անդամների թվին, այդ կետը 2021թ. օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել: Եթե օրենքն ուժի մեջ մտներ, ապա բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի՝ նախկին 32-ի փոխարեն, որից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը՝ կառավարությունը, իսկ 4-ին՝ բուհի ակադեմիական խորհուրդը:
Կրթության փորձագետի փոխանցմամբ՝ հիմա այս դրույթը փոխվել է, և կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանվել է 12, հավասար հարաբերակցությամբ՝ 6-ը՝ բուհի ներկայացուցիչներ, իսկ մյուս 6-ը՝ լիազոր մարմնի առաջադրած ներկայացուցիչներ:
«Գործող օրենքով ունենք 24 կամ 36 հոգի, որոնց քառորդ մասը նշանակում են բուհը, կառավարությունը, նախարարությունն ու ուսանողները: Հիմա կեսը բուհն է նշանակում, կեսը՝ նախարարությունը: Այսինքն, եթե մեկն ուզենա ռեկտոր ընտրվել և կառավարության կողմից է առաջադրվել, նախարարության բոլոր ներկայացուցիչների ձայները պետք է ունենա ու մեկ ձայն բուհից: Նույնը՝ բուհի առաջարկած թեկնածուի դեպքում: Բուհի բոլոր ձայները ստանալուց հետո պետք է մեկ ձայն ստանան լիազոր մարմնից»,- մանրամասնեց Ատոմ Մխիթարյանը:
Կրթության փորձագետն ընդգծեց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքն է ընդհանրապես վերանում, ինչը վատ է: Այսինքն, ԳԱԱ-ն այլևս առանձին օրենքով չի կարգավորվելու:
«Երկրորդ բացասական կողմն այն է, որ գիտական կազմակերպություններին թույլ չեն տալիս ասպիրանտական ծրագրեր իրականացնել, դրանք անպայման պետք է բուհերն անեն՝ գիտական կազմակերպությունների ներգրավմամբ: Դա այնքան էլ լավ չէ, որովհետև մեր ամբողջ գիտական պոտենցիալն Ակադեմիայի տարբեր ինստիտուտներում է, և այլևս չեն կարողանա ասպիրանտ ունենալ: Մենակ բուհերը պետք է ունենան, ինչը, իմ կարծիքով՝ սխալ է, որովհետև ասպիրանտն ավելի շատ հետազոտող է, քան ուսանող: Նոր սերունդն ինչպե՞ս պետք է գա, փոխարինի, եթե ԳԱԱ ինստիտուտում չի «աճել»: Այդպես ստիպում են, որ ԳԱԱ ինստիտուտները միանան բուհերին, որպեսզի իրականացնի ասպիրանտական ծրագիր, որովհետև ասում են՝ բուհն ասպիրանտական ծրագիր կարող է իրականացնել որևէ ինստիտուտի հետ, սակայն ինստիտուտն առանձին չի կարող իրականացնել ասպիրանտական ծրագիր: Առաջ որ խոսում էին՝ Ակադեմիան քանդենք, ինստիտուտները միացնենք բուհերին, ոչ ուղղակի ձևով դա են անում: Եթե չեն թողնում, որ իր համար կադր պատրաստի, ստացվում է, որ, եթե ուզում ես ասպիրանտ ունենալ, պետք է միանաս ինչ-որ բուհի:
Մյուս բացասական կողմն այն է, որ երկրորդ գիտական աստիճանը վերացրել են: Հիմա գիտությունների թեկնածուի անունը դնում են PHD, իսկ որպես երրորդ աստիճան՝ ստանում է դոկտորի որակավորում: Իսկ գիտությունների դոկտորը դուրս է մնում, որն անցանկալի է, գիտության զարգացում Հայաստանում չի ապահովելու: PHD-ից դոկտոր՝ վերջանում է, այսինքն՝ մարդը շարժառիթ չունի, որ գիտության մեջ իր գործը շարունակի»,- նկատեց Ատոմ Մխիթարյանը:
Նա կարևորեց օտար լեզվով դասավանդելու հնարավորությունը, որը դրսից ուսանողներ ներգրավելու համար դրական է:
Կրթության փորձագետն ընդգծեց՝ դրական է նաև այն, որ ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է «Հայոց լեզու» առարկայից քննություն հանձնեն: