«Փաշինյանը պատերազմով տալու է Հայաստանի տարածքների կեսն ու շարունակի մնալ իշխանություն». Արմեն Բաղդասարյան

Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ադբեջանական կողմից հայկական դիրքերի պարբերական հրթիռակոծումը վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն առաջարկեց դիտարկել՝ որպես Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսման նախերգանք, ինչը հետապնդում է երկու նպատակ՝ կամ Հայաստանի իշխանությանը պարտադրել պայմանագրի ստորագրում, կամ սկսել Հայաստանի դեմ ռազմական գործողություններ. ստացվում է՝ Ադրբեջանը երկու ուղղությամբ աշխատում է, և Հայաստանի իշխանություններից է կախված, թե որ տարբերակը կընտրեն։

«Այստեղ գուցե կարող է մի փոքր զսպող գործոն դառնալ Եվրոպայից քաղաքացիական առաքելության տեղակայումը, սակայն ակնհայտ է, որ եվրոպացիներն ունեն իրենց շահերը, հետևապես՝ նրանց հետ հույսեր կապել չի կարելի։ Հույսեր կապել չի կարելի, որովհետև ադրբեջանական ագրեսիայի զսպման մեխանիզմներն Արևմուտքում չեն»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ ՆԱՏՕ, ԱՄՆ, ԵՄ այցերին ի պատասխան, Ռուսաստանից պետք է սպասել ցավալի արձագանքների։

«Այդ հանդիպումներից հետո պետք է սպասենք արդյունք ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ Ռուսաստանից. Ռուսաստանը ցավոտ պատասխան է տալու, որովհետև գիտի՝ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ակտիվացել է բացառապես սեփական շահի համար, իսկ այդ երկրի շահը մեկն է՝ անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի մեր տարածաշրջանից։ Նույնն է նաև հավաքական արևմուտքի նպատակը, ուստի նրանք մեզ կարող են աջակցել, եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից ու տեղավորվենք արևմտյան ուղեծրում»,- ասաց Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ռուսաստանից սպասվող ցավոտ պատասխաններին, ապա Բաղդասարյանը մանրամասնեց.

«Ռուսաստանն ինչ էլ անի, անելու է Ադրբեջանի միջոցով. օրինակ՝ կանի այն, ինչ արեց, օրինակ, Փառուխում։ Ռուսաստանն ունի այս տարածաշրջանում իրական ուժային լծակներ և դա կաշխատեցնի, փոխարենը՝ Արևմուտքն ունի իրական լծակներ ունենալու ցանկություն ընդամենը»,- ասաց վերլուծաբանը՝ ընդգծելով, որ ցավոտ լուծումներին դիմագրավելու համար ՀՀ իշխանությունը պետք է լրիվ այլ բան աներ։

Ըստ նրա՝ Պրահայում Հայաստանի և Արցախի շահը չպաշտպանող և լոկ քարոզչական նպատակ ունեցող հայտարարությանն իր համաձայնությունը տալու փոխարեն՝ Փաշինյանի իշխանությունն իրականում պետք է մեր ժողովրդին պատրաստի պատերազմի, սակայն դա չի անում, որովհետև չի բացառում, որ խաղարկի Արցախյան 44 օրյա պատերազմի սցենարը՝ պատերազմ-զոհեր, ինչից հետո նոր՝ ստորագրում։

«Եթե մի անգամ նրա մոտ ստացվել է, ինչո՞ւ հիմա նույնը չպետք է անի. վստահ եմ՝ Փաշինյանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրի, որովհետև իրեն այդ դեպքում կասեն՝ դավաճան, բայց քանի որ մի անգամ նա տվել է Արցախի մեծ մասը և կարողացել է պահպանել իշխանությունը՝ մեղադրելով նախկիններին, ճիշտ նույնն է անելու նաև հիմա»,- ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանն առաջնորդվում է ոչ թե պետության, այլ բացառապես իր անձնական և քաղաքական շահերով, ինչի ապացույցն է այն, որ պատերազմը դադարեցնելու հնարավորություն ունենալով՝ խոստովանեց, որ դա չի արել, հետո ընդունեց, որ սխալ է արել։

«Հիմա կկրկնի իր այդ սխալը, և սա է ամենամեծ վտանգը։ Հիմա Փաշինյանը Հայաստանի դեմ պատերազմի արդյունքում կստորագրի, բայց ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ մի հերթական նոյեմբերի 9-ը, նոր հրադադար, բայց արդեն ավելի ծանր պայմաններում։ Փաշինյանն ընտրելու է իր համար ամենաքիչ ցավոտ տարբերակը՝ տալու է Հայաստանի տարածքների կեսն ու շարունակի մնալ իշխանության»,- խոսքը եզրափակեց վերլուծաբանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս