Բաժիններ՝

Հայաստանում չափահաս տղամարդկանց 51,5 տոկոսը ծխող է. մասնագետներն այդ ցուցանիշը մտահոգիչ են համարում

Հանրապետությունում չափահաս բնակչության 28 տոկոսը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կազմում է 51,5 տոկոս, կանանց շրջանում՝ 1,8 տոկոս: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ սա բավական մտահոգիչ ցուցանիշ է:

«51 տոկոսը բարձր ցուցանիշ է: Փաստորեն, մոտավորապես, բնակչության 1/3 տոկոսը ծխախոտային տարբեր ապրանքատեսակներ օգտագործող են: Կան եվրոպական շատ երկրներ, որոնք ցանկանում են մինչև 2040 թվական ծխախոտի օգտագործումը հասցնել 5 տոկոսի, մեր առջև ևս խնդիր է դրված՝ որքան հնարավոր է նվազեցնել ցուցանիշը»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

Ծխախոտի տարածվածության նոր տվյալները հասանելի կլինեն տարվա վերջ, երբ կամփոփվեն ընթացքի մեջ գտնվող ուսումնասիրությունների արդյունքները: Քանի որ վերջին շրջանում ակտիվորեն տարածվում են էլեկտրոնային և նմանատիպ այլ ծխախոտային արտադրանքները, տարեվերջյան տվյալները կարտացոլեն նաև նոր տիպի ծխախոտային արտադրանքի կիրառությունը: Մինչ արդյունքներն ամփոփվում են, ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը շտապում է ներկայացնել առողջությանը հասցված ծխախոտի վնասները:

«Ծխախոտի կիրառությունն իրապես խնդիր է առողջապահական համակարգերի համար ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Ծխախոտը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար՝ սրրտանոթային, շնչառական համակարգի հիվանդություններ, շաքարային դիաբետ, քաղցկեղ: Մեր քաղաքականության մեջ է մտնում ինչպես չծխողներին երկրորդային ծխից պաշտպանելն, այնպես էլ՝ այն ծխողներին աջակցելը, որոնք ցանկանում են հրաժարվել ծխախոտից»,-ասաց Մարիամ Մնացականյանը:

Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը նոր օրենսդրական փոփոխություններով, նոր կարգավորումներով խստացումներ է մտցրեց ոլորտում. վաճառքի կետերում սահմանափակվեցին ծխախոտի վաճառքի հնարավորությունները, հանրային սննդի փակ և բաց վայրերում արգելվեց ծխելը:

Փոփոխություններն ամբողջապես ուժի մեջ մտան ընթացիկ տարվա մարտից և մասնագետները դեռ վաղ են համարում դրանց կոնկրետ ազդեցության մասին խոսելը:

«Խիստ նախնական պատկերը կարող ենք ունենալ հաջորդ տարվա վերջին: Իրական պատկերը կունենանք 5 տարի հետո: Արդեն 10-15 տարի հետո կունենանք լրջագույն հաջողություններ, այն է՝ այս կամ այն հիվանդությամբ պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջիկա երկու ամիսը հանրային սննդի վայրերում, ընդհանուր առմամբ, պահպանվել են կանոնները, իսկ հետո արդեն խախտումները դարձան ավելի հաճախակի: Առաջիկայում նոր խստացումներ ու սահմանփակումներ չեն սպասվում, փոխարենը նախարարությունը մոնիթորինգային գործընթացներ է իրականացնում՝ վերհանելու օրենսդրական դրույթների բացերը՝ գործնականում:

Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանը վավերացրել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս