Բաժիններ՝

«Երեկ ենք իմացել, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը». Ֆիզկուլտինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ. ռեկտոր

ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Վ.Բրյուսովի պետական համալսարանի ֆակուլտետի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:

«Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ՝ երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր Ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։ Մեկ է, չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը»,- գրել էր նա։

Գրառումից հետո բուհում դասադուլ սկսվեց:

«Շատ հարցեր մնացել են չպատասխանված, և մենք սպասում էինք, թե երբ կլինի այդ նախագիծը, հարցերի պատասխանները, թե կոնկրետ որ համալսարանը որ համալսարանի հետ է միավորվում, ինչո՞ւ, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ հիմնավորմամբ»,- բուհի մոտ ելույթ ունենալով՝ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Կարդացեք նաև

«Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ առաջնահերթ այդ խոշորացման պլանում Բրյուսովի անվան պետական համալսարանն է: Երեկ ենք մենք դրա մասին իմացել և երեկ ենք իմացել, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով, ինչպես ասացի, Ֆիզկուլտինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Այդ առումով այս բողոքի ալիքը՝ թե՛ աշխատակազմի, թե՛ դասախոսական կազմի, թե՛ ուսանողության հետ, այդ լուրի տարածումից հետո է առաջացել»,- Կարինե Հարությունյանը:

Ռոկտորը նշեց, որ ստորագրահավաք են անում և այսօր համալսարանի անունից պաշտոնապես դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, դիմելու են նաև Հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի քննարկում կազմակերպվի համալսարանում. «Հարցը մեր համալսարանի ուսանողության և աշխատակազմի հետ չի քննարկվել: Որպեսզի այս հարցը քննարկվի, բարձրաձայնվեն մեր մտահոգությունները, որպեսզի լսվի մեր կարծիքը, այդ թվում՝ ուսանողների, դասախոսների, և փորձենք մեր տեսակետն արտահայտել, շեշտել, որ գրեթե 90 տարվա պատմություն ունեցող այս համալսարանն իր ուրույն դիրքն ունի մեր թե՛ բուհական համակարգում, թե՛ ընդհանրապես Հայաստանում, որ համալսարանը մեծ հեղինակություն վայելող համալսարան է, և մենք չենք  ցանկանում, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի հետ որևէ սցենարով: Ես հիմա արտահայտում եմ բոլորի կարծիքը՝ և՛ ուսանողության, և՛ դասախոսության: Բոլորս այս հարցում միակարծիք ենք, այս հարցը պետք է բարձրաձայնենք ու քննարկենք: Եթե թույլ տաք, հիմա վերադառնանք մեր բնականոն աշխատանքին: Մինչև շաբաթվա վերջ պետք է խնդրենք հանդիպում մեզ հետ»,- նշեց ռեկտորը:

Նա խնդրեց ուսանողներին իրենց շարքերից ամենաշատը 50 հոգի պատվիրակել, որոնք քննարկումը կվարեն թե՛ նախարարության ներկայացուցչի, թե՛ կառավարության հետ:

«Ես լիահույս եմ, որ մեր խոսքն ու կարծիքը լսվելու է: Հետագա քայլերի մասին կխոսենք, երբ լինի այդ հանդիպումը: Մենք 4500 ուսանող ունենք, բնական է, բոլորի հետ հնարավոր չէ վարել երկխոսություն, լսել կարծիքը, ուրեմն դուք պետք է ընտրեք ուսանողներին, ովքեր պետք է մասնակցեն քննարկմանը: Ունենք մոտ մեկ շաբաթ ժամանակ այդ հարցերը պարզելու, և նորից կհավաքվենք, կքննարկենք, եթե մեզ համար ոչ բարեհաճ տարբերակով լուծում լինի»,- եզրափակեց Կարինե Հարությունյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս