«Հայ-ադրբեջանական հանգրվանը ՌԴ-ն գիտակցաբար բաց կթողնի, իսկ ԼՂ-ի առումով գուցե լինեն զարգացումներ». վերլուծաբան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել «խաղաղության պայմանագրի» սկզբունքային կետերի շուրջ, և մնում է միայն դրանք իրագործել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն:
«Սկզբունքային 5 կետերի վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն: Այստեղ մտնում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սերտորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագրի» բանակցությունների հետ:
«Այդ երկու գործընթացները չեն կարող առանձին ընթանալ: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Դա մեզ համար կարմիր գիծ է»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ասել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է անցել: Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանի վրա ճնշում է գործադրվում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ Սփյուռքի կողմից:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ մինչ Պրահայի հանդիպումները տպավորություն էր, որ այնտեղ ինչ-որ կարևոր բան է նախապատրաստվում հայկական փաթեթի տեսանկյունից: Իսկ արդյունքները, նրա խոսքով, ցույց տվեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Խաղաղության համաձայնագիրը կազմող հիմնական սկզբունքների շուրջ, ինչը և Թուրքիայի վերջին պահանջներից մեկն էր:
Ըստ վերլուծաբանի, ռեալ հայ-թուրքական քայլեր, գործընթաց, հարաբերությունների վերականգնում երևի թե կարելի է տեսնել Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:
«Հայ-թուրքական գործընթացը կարծես լծակ է դարձել հայ-ադրբեջանական օրակարգերում, կամ գոնե այդպիսին է տպավորությունը, ուստի տրամաբանությունը հուշում է, որ հարաբերությունների վերականգնումը պաշտոնապես տեղի կունենա մյուս տարի կամ ամենաշուտը՝ այս տարեվերջ, եթե Թուրքիայում լուրջ ներքին գործընթացներ չսկսվեն: Չնայած քանի դեռ կա Էրդողանի իշխանությունը, նախատեսված արտաքին ծրագիրը կիրականացվի: Բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ամիսներ անց Թուրքիան մտնելու է ակտիվ ներքաղաքական գործընթացների տիրույթ, ինչը ենթադրում է բնականոն քաղաքականության համար խնդիրներ և որոշումների կայացման գործընթացների երկարաձգում»,- ասաց Լուկիանովը:
Նա գտնում է, որ Պրահայի հանդիպումները վերջնական ուրվագծեցին այն պատկերը, որը ստեղծվում է՝ Ղարաբաղյան հակամարտությունը վերջնականորեն անջատվում է հայ-ադրբեջանական հարաբերություններից, ու ԼՂ հակամարտության, ԼՂ կարգավիճակի ապագան այլևս կախված է լինելու միջազգային խաղացողներից:
Նա նաև գտնում է, որ Ռուսաստանի համար այս ամենում խնդրահարույցն այն է, որ Երևանն ու Բաքուն հիմք են ընդունում բրյուսելյան փաթեթը:
Ըստ նրա, եթե այդ փաթեթով շարունակեն և ստորագրեն, ինչպես ծրագրվում է, կստացվի, որ ՌԴ քաղաքական դիրքերը Հայաստան-Ադրբեջան կտրվածքով էապես թուլանում են, մնալով ռազմական ներկայության հարցը:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ-ն ունի վերաբերմունք, ու դա այդքան էլ դրական չէ, անկանխատեսելի է, թե ինչ զարգացումներ կլինեն: Բայց առավել հավանական է, որ այս հանգրվանը, պայմանավորված իրավիճակով, ՌԴ-ն գիտակցաբար բաց կթողնի, իսկ ԼՂ-ի առումով գուցե լինեն զարգացումներ, այնտեղ, ի վերջո, կա ՌԴ խաղաղապահ կոնտինգենտ, և միջազգային խաղացողներն այս մասով քննարկումները ևս պետք է փորձեն սեփականաշնորհել կամ այստեղ ձեռք բերել գերիշխող դիրքեր: Այդ առումով ամեն ինչ դեռ առջևում է»,- ասաց նա: