Թշնամին արդեն երկրի կեսն է ուզում. այս պայմաններում ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը. Տնտեսագետ
«Իհարկե, կարելի է կարճաժամկետ ընթացիկ այսպիսի որակումներ տալ և մեկ-երկու տարվա կտրվածքով կանխատեսումներ անել, բայց Համաշխարհային բանկին և մյուս միջազգային կառույցներին ընդհանրապես չի հետաքրքրել և հետաքրքրում, թե երկիրն իրապես ինչպիսի՞ տարածաշրջանային խնդիրների է բախվում և վաղն ինչ կարող է լինել: Իսկ այդ վաղն արդեն եկել է»,- 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում ՀՊՏՀ «Նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի վերջին կանխատեսումներին:
Հիշեցնենք, Համաշխարհային բանկի նոր կանխատեսումներով՝ 2022-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7%. կառույցը հրապարակել է Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների աշնան զեկույցը՝ գնահատելով, որ ՀՀ տնտեսությունը սպասվածից լավ վիճակում է: Ըստ զեկույցի՝ տնտեսությունը շահել է դրամական փոխանցումներից և Ռուսաստանից այցելուների աճից, որպես բացասական գործոններ մատնանշելով գնաճային ճնշումները և սահմանային լարվածությունը: Համաշխարհային բանկը երկրում կանխատեսել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ:
Տնտեսագետը փորձագետներին ու տնտեսագետներին խորհուրդ է տալիս փոխել շեշտադրումների տրամաբանությունը, իսկ կառավարական պաշտոնյաներին հուշում՝ անցել է ստանդարտ մեյնսթրիմի, շաբլոն որակումներով բնորոշումների ժամանակը:
«Մեր տնտեսական համակարգը՝ թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային, թե՛ տեխնոլոգիական, թե՛ էֆեկտիվության տեսանկյունից խայտառակ վիճակում է. այդ թվերը ոչինչ չեն ասում և, ընդհանրապես, եթե աճից են խոսում, լավ կլինի խոսեն աճի ներառականությունից,- նկատեց Ատոմ Մարգարյանը և որպես ասվածի ապացույց՝ ուշադրություն հրավիրեց աղքատության ցուցանիշներըի վրա,- Ունենք գերբեևեռացված հասարակություն, հասարակություն, որն ուղղակի բանկային առևտրային կապիտալի գերի է դարձել: Ընդ որում, պետությունը ևս այդ վիճակում է. նկատի ունեմ գերպարտքավորված համակարգը: Այսօր առկա կայունության հիմնական պատճառը ոչ միայն ՌԴ-ից ուղղակի «փախածների» ռեսուրսների հաշվին է, այլ նաև պետական ու մասնավոր սեկտորի պարտքերի հաշվին. 60-80 տոկոսով պարտքն աճել է՝ նաև տնային տնտեսությունների և բիզնեսի:
Տնտեսական միավորների գործունեության վերահսկողություն չկա. գնաճի հիմնական պատճառներից մեկն էլ դա է: Պարզ ասած՝ ով ինչ ապրանք կամ ծառայություն ունի, գլխից դուրս թանկացնում է, և ոչ ոք չի հետաքրքրվում՝ ինչքան էին իրական ծախսերը, շահույթներն արդյո՞ք ողջամիտ էին: Այժմ, սկսած հանրային ծառայությունների ոլորտից՝ գազամատակարարման, հոսանքի, ջրի, կապի համակարգերի, ոչ թե շահույթների շուրջ է մրցապայքարը, այլ քվազի ռենտայի՝ չհիմնավորված բարձր շահույթների»:
Նա խորհուրդ տվեց, որ այս մասին խոսեն տնտեսագետներն ու Համաշխարհային բանկի փորձագետները՝ նկատելով, որ համակարգային կոռուպցիան այժմ էլ շարունակվում է ավելի այլանդակ ու այլասերված ձևով: Տնտեսագետի համոզմամբ՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով՝ հակառակ պարագայում հնարավոր չի լինի քայլեր ձեռնարկել:
«Բոլոր այն ակտիվները, որոնք ապօրինի են՝ սկսած հանքարդյունաբերության ոլորտից, բոլոր այն բիզնեսները, որոնք իրենց ակտիվները ձևավորել են հարկեր չվճարելով, պետք է ազգայնացվեն: Ուրիշ տարբերակ մենք չունենք,- իր կողմից ակնկալվող քայլերի մասին նշեց տնտեսագետը, ապա այս համատեքստում ուշադրություն հրավիրեց նաև ներկրման բիզնեսի վրա, որը, ըստ նրա, ինչպես մենաշնորհային դաշտում եղել է, այդպես էլ մնացել է,- Վերցրեք ներմուծվող ապրանքի ցանկացած արժեշղթա, տեսեք, թե ռեալ ինչ գներով են ձեռք բերվում ներմուծման երկրից, և ինչ գներով են վաճառակետերում հայտնվում. դուք կտեսնեք ոչ թե տոկոսների, այլ անգամների տարբերություն»,- մատնանշելով խնդիրները՝ տնտեսագետը ներկայացրեց, թե ովքեր պետք է լուծեն դրանք.
«Այստեղ է խնդիրը, որ պետք է թավշյա իշխանությունը լուծեր, բայց չի ցանկացել անել, որովհետև բարձր գնաճը բյուջեի հարկեր են, հետևաբար՝ պարգևավճարներ են, ճոխ սերվիսներ են և գլխացավանքից զուրկ կառավարում, բայց դրա վերջը շատ վատ է լինում, իսկ հիմա այդ վերջը տեսնում ենք՝ եկել է. սահմաններն անպաշտպան են, բեկված են, թշնամին արդեն երկրի կեսն է ուզում. այս պայմաններում ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, և ո՞վ է խոսում այդ մասին:
Պատասխանատուներն ավելի լավ կանեն՝ ընդունեն, որ ձախողել են, և բոլորը մեկ մարդու նման դնեն լիազորություններն ու հեռանան, կամ անեն այն, ինչ նշում եմ ես և այլ անկախ փորձագետներ. ազգայնացնել բոլոր ապօրինի ակտիվները՝ առանց նայելու, թե դրանք ում են պատկանում, և այդ ռեսուրսներից ձևավորել պաշտպանական ֆոնդ, դրանով լուծել պաշտպանության խնդիրներն ու կայունացնել իրավիճակը»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը: