Մոսկվան ուղարկել է Խովաևի պլանը, սակայն Փաշինյանն ու Ալիևը շարժվում են Բրյուսելի փաթեթով
Մինչ Պրահայում արևմտյան հովանու ներքո Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունենում և նաև պաշտոնական հանդիպումներ կունենա Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հետ, Մոսկվան հայտարարեց, որ Երևանին ու Բաքվին է փոխանցել Խաղաղության համաձայնագրի իր առաջարկները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:
«Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել ՌԴ դերակատարությունը, կամ խոսել ՌԴ անգործության մասին, ցանկալին ներկայացնում են՝ որպես իրականություն:
Զախարովան նշել է, որ, հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը, տեղին չէ հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները։
Ուշագրավ է, որ այս ամենին նախորդել էին ՀՀ-Արևմուտք շփումների ինտենսիվացում, ինչպես նաև Հայաստանում օբյեկտիվ հիմք ունեցող և նաև մեծապես ուղղորդվող հակառուսական տրամադրություններ:
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հոդված հրապարակվեց, որը հղում էր կատարում հավաստի աղբյուրի, ինչը հանրությունը նույնացրեց Նիկոլ Փաշինյանի հետ:
Հոդվածի գլխավոր միտքն այն էր, որ ՌԴ-ն ձգտում է ՀՀ ինքնիշխանության վերացման, միութենական պետության մեջ ներառելու ցանկությամբ:
«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։
Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերն Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին»,- նշվում էր հոդվածում, ինչին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքեց անմիջապես՝ նշելով, որ ՀՀ-ին միութենական պետության մեջ ներառելու մասին պնդումներն անհեթեթություն են:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ համացանցային հարթակներում տարածվեցին, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի Մոսկվայի և Բրյուսելի տարբերակները: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայի տարբերակը Երևան է բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, թերևս, հենց այդ պատճառով համացանցում Մոսկվայի տարբերակը անվանվում է՝ որպես Խովաևի պլան:
«Ըստ այդ պլանի՝ պետք է տեղի ունենար հետևյալը՝
2020թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանապահ ծառայությունը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կքննարկվի:
Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանագծում և սահմանազատում, սահմանների ճանաչում՝ ՌԴ Գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն:
Արցախի հարցն առանձին կետով է կարգավորվում: Ենթադրվում է դրա լուծումը թողնել ապագային՝ պահպանելով 2020թ. նոյեմբերի 10-ին ձեռք բերված ստատուս-քվոյի կարգավիճակը, և այն լուծել «ամուր խաղաղության» հաստատումից հետո:
Ադրբեջանի և Հայաստանի միջև այլ կոմունիկացիաների բացումը՝ արդեն առանց տվյալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով եռակողմ ներկայության»,- այս մասին օրերս գրել էր TOGARMA տելեգրամյան ալիքը: Ի դեպ, այս հարթակը հրապարակել էր նաև Բրյուսելյան տարբերակը.
«Երկու հանրապետությունների միջև բոլոր կոմունիկացիաների բացում: Բոլոր բացվող կոմունիկացիաները վերահսկվում են բացառապես Ադրբեջանի և Հայաստանի ուժերով, ըստ այն տարածքների, որտեղով անցնում են դրանք: Այսինքն՝ եռակողմ ներկայություն չի նախատեսվում, պարզապես ընդհանուր հիմունքներով կոմունիկացիաներ:
Երկու հանրապետությունների միջև սահմանագծման և սահմանազատման իրականացում, ի՞նչ հիմքով, հայտնի չէ: Միմյանց տարածքային ամբողջականության ընդունում և տարածքային հավակնությունների բացառում: Արցախի հարցն այս տարբերակում առհասարակ ընդգրկված չէ»: Նույն տեղեկատվական հարթակը գրել էր, որ պլաններից ոչ մի տարբերակը ձեռնտու չէ կողմերին:
Սակայն ակնհայտ է դառնում նաև այն հանգամանքը, որ բանակցությունների բրյուսելյան հարթակը ներկայումս, այսպես կոչված, կարգավորման միակ ընդունելի հարթակն է: Այդ հարթակից ու Բրյուսելի միջնորդությունից Պրահայում իր գոհունակությունն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով նաև նոյեմբեր ամսին Բրյուսելի միջնորդությամբ կայանալիք ղեկավարների մակարդակով հերթական հանդիպման մասին: Դժվար է պատկերացնել, որ Բրյուսելում կողմերը դիտարկելու են Մոսկվայի փաթեթը: Դատելով Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարություններից, հանգամանքից, որ Հայաստանն այլևս չի բանակցելու ԼՂ հարցով Ադրբեջանի հետ, դատելով հակառուսական տեղեկատվական արշավից, որոշումից, որ ստեղծվելու է քննարկումների մեխանիզմ Բաքվի ու Ստեփանակերտի միջև, կարելի է ենթադրել, որ Երևանը հիմք ընդունում է առավելապես «կարգավորման» բրյուսելյան փաթեթը, և Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են «կարգավորման» բրյուսելյան փաթեթի շրջանակում: