GIF. Հայաստանում տեխնոլոգիական կրթության մակարդակը գնալով աճում է. Արամ Փախչանյան

ՏՏ ոլորտում որակյալ մասնագետներ ունենալու համար ընկերությունները պետք է համագործակցեն համալսարանների հետ։ Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և հիմնադիր Արամ Փախչանյանը։

«Հայաստանում տեխնոլոգիական կրթության մակարդակը գնալով աճում է, սակայն այդ մակարդակը երբեք չի լինի բավարար, որովհետև դրան զուգահեռ տեխնոլոգիաները մեծ թափով զարգացում են ապրում»,- նշեց Փախչանյանը։

Նրա համոզմամբ՝ տեխնոլոգիական կրթության զարգացման հիմնական շարժիչ ուժը շուկան է։ Շուկան հստակ պահանջարկ է ներկայացնում, և կա պահանջարկը բավարարելու կարիք։

«Ոլորտում որակյալ մասնագետ ունենալու համար ընկերությունները պետք է գիտակցեն համալսարանների հետ աշխատելու կարևորությունը։ Պետք է համագործակցեն համալսարանների հետ և համատեղ ձևավորեն այն մարդկային ներուժը, որն անհրաժեշտ հենց իրենց։ Այս փորձի լավագույն օրինակներից է Սիլիկոնյան հովիտը»,- ասաց նա։

Տեխնոլոգիական կրթության գործում Փախչանյանը կարևորեց COAF-ի, «Արմաթ» լաբորատորիաների և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դերը։ Նրա խոսքով՝ սրան զուգահեռ հայկական դպրոցներում բնագիտության, մաթեմատիկայի ուղղությամբ ուսուցիչների սակավություն է նկատվում։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Տեսանյութեր

Լրահոս