«Հայաստան գոյություն չի ունենա, եթե սահմանագծումը կատարվի 1919թ. ադրբեջանական կեղծված քարտեզով». Ռուբեն Գալչյան
Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ում «հավաստի աղբյուր» ստորագրությամբ հայտնի հրապարակման մասին, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանագծում և սահմանազատում անել 1919 և 1920 թվականների քարտեզներով, ասաց, որ մինչև 1918 թվականն Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ երբ 1918 թվականին այդ պետությունը «ծնվեց», չունենալով ոչինչ, սկսեց պահանջել իր հարակից տարածքների մի մասի միացումն իրեն։
«Այդպես Ադրբեջանը սկսեց տարածքներ պահանջել Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Հիմա նույնը շարունակում է՝ չունենալով իր այդ պահանջի համար որևէ փաստական ապացույց. Ադրբեջանի կողմից հրապարակված քարտեզը, ըստ որի՝ Հայաստանի Սյունիքի մարզը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Սևանի մի հատվածն ադրբեջանական է, իրավական որևէ հիմնավորում չունի. այն սոսկ ադրբեջանական ցանկությունների հիման վրա նկարված մի քարտեզ է»,- վստահեցնում է քարտեզագիրը։
«Երեկվանից ադրբեջանցիների կողմից շրջանառվող սև և սպիտակ գույներով այդ քարտեզն ուղղակի նկար է, այն իրականության հետ կապ չունի. ավելին՝ այդ քարտեզի նմանությամբ մեկ քարտեզ 1919 թվականին Ադրբեջանը ներկայացրել է Ազգերի լիգա, որը, սակայն, մերժվել է, հետևապես, եթե Ադրբեջանը հիմա խոսում է իրավական որևէ հիմնավորում չունեցող իրենց երազանքի քարտեզներով, ապա մենք էլ կարող ենք մեր երազանքի քարտեզը դնել սեղանին. օրինակ՝ կա ամերիկյան հայտնի քարտեզագրական մի ընկերություն, որը հրատարակել է մի քարտեզ, որտեղ Հայաստանը սկսվում է արևելյան Թուրքիայից և ավարտվում Բաքվում. դե՛, եթե այդպես է, մենք էլ կարող ենք այս քարտեզը դնել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային սեղանին»,- ասաց Ռուբեն Գալչյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի կողմից հրապարակված կեղծված քարտեզով Նախիջևանը Հայաստանինն է։
«Կրկնում եմ՝ մենք իրավական հիմնավորում ունեցող քարտեզ պետք է պահանջենք և ասենք, որ, օրինակ, Կարմիր Քուրդիստան ստեղծելու նպատակով Հայաստանից ժամանակին պոկված տարածքները հիմա Ադրբեջանը պետք է մեզ վերադարձնի, և այդ նպատակով Հայաստանը պետք է դիմի նաև միջազգային դատարաններին, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի ասած 1919, 1920 թվականների քարտեզով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում կունենանք հետևյալը.
«Դա կլինի ոչ միայն կապիտուլյացիա, այլև Հայաստանի վերջը. մի քանի տարի հետո Հայաստան գոյություն չի ունենա»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ մեկ անգամ հնչեցված հայտարարությանը, թե՝ «Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը կարմիր գիծ է իր իշխանության համար», Ռուբեն Գալչյանը շեշտեց՝ 29.800 քառակուսի կիլոմետրով Հայաստանն անկախացել է Խորհրդային Միությունից, և, երբ ՀՀ իշխանությունը խոսում է Հայաստանի կարմիր գիծ 29.800 քառակուսի կիլոմետրը պահպանելու մասին, ուստի առաջին հերթին պետք է Հայաստանի տարածքներից դուրս քշի այդ կարմիր գիծը խախտած ադրբեջանական զինված ուժերին։
«Հիմա պետք է Հայաստանը սահմանագծման և սահմանազատման հարցում Ադրբեջանի առաջ պայման դնի՝ քանի դեռ ադրբեջանական զորքը հետ չի քաշվել իր անկախացման պահին ունեցած սահմանից, այսինքն՝ դուրս չի եկել Սև լճի, Իշխանասարի, Շորժայի տարածքներից, որևէ սահմանագծման կամ սահմանազատման աշխատանք չպետք է սկսել»,- ասաց քարտեզագիրը՝ նշելով, որ Հայաստանի նպատակը պետք է լինի հասնել նրան, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի սեղանին դրվի 1926 ապրիլի 1-ին հրապարակված քարտեզը, որով անկլավները Հայաստանինն են, իսկ Արցախը Հաաստանին է կպած Աղավնո գետով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում