Վահե Ղազարյանը ծաղիկներ է խոնարհել Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները հոկտեմբերի 4-ին ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նրանք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ամբողջ տարածքը։ Հայը կրկին պիտի հաստատեր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։ Եվ հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի երկիր, նորից իրագործի իր ցեղասպան նկրտումները։
Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։
Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։
Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: