Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությունը կկազմի 1.1 մլն դրամ. փոխնախարար
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ հարցերի վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների հավելավճարի հնարավորությանը:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքներ նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատող աշխատակիցներն իրենց յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց չեն ստանում ոչ հավելավճար, ոչ էլ ավելանում են նրանց գործակիցները՝ չնայած որ այլ պետական մարմիններում տվյալ ստորաբաժանումներում աշխատող աշխատակիցների դեպքում գործում է կամ գործակցի աճի, կամ հավելավճարի մեխանիզմը: Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել 2 տոկոս հավելավճար»,-ասաց Սարգսյանը:
Առաջարկվում է այս փոփոխությունն ուժի մեջ դնել 2024 թվականի հուլիսի 1-ից:
Հատուկ քննչական ծառայության լուծարման շրջանակներում նախկին աշխատակիցները տեղափոխվել են ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտե, այլ նաև Դատախազություն կամ քննչական այլ մարմիններ: «Եվ խնդիր էր առաջանում այն տեսանկյունից, որ նրանց արդեն իսկ աշխատանքային ստաժը չէր դիտարկվում հավելավճարի կոնտեքստում: Ըստ այդմ՝ առաջարկվում է այս սոցիալական երաշխիքը ևս վերականգնել այդ աշխատակիցների համար, որոնք տեղափոխված կլինեն Դատախազություն կամ քննչական մարմին»,-ասաց փոխնախարարը:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է շատ ավելի շուտ, քան ուժի մեջ է մտնել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը:« Ըստ այդմ՝ առաջարկվում է հետադարձության կանոնի ուժով սահմանել, որ կոմիտեի նախագահի վարձատրության կտորները շատ ավելի շուտ են ուժի մեջ մտնում: Եվ պաշտոնի նշանակման պահից մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում ևս վարձատրությունը համապատասխան կերպով հաշվարկվում է և վճարվում է կոմիտեի նախագահին»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ բյուջետային կտրվածքով՝ նա ասաց, որպեսզի այս պահին պետբյուջեի վրա շատ բեռ չլինի, նախատեսել են, որ 2 տոկոս հավելավճարի կարգավորումն ուժի մեջ կմտնի 2024 թվականին:
«Ըստ մեր հաշվարկների՝ այն կկազմի շուրջ 4.3 մլն դրամ: Իսկ ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը՝ այն կկազմի շուրջ 1.1 մլն դրամ, որը 2021-2023 ՄԺԾԾ հայտում արդեն իսկ նախատեսված է եղել, հետևապես լրացուցիչ բյուջետային միջոցներ ներգրավելու կարիք չի լինի»,-եզրափակեց նա: