«Հավաստի տեղեկություններով՝ այս պահին բոլոր բանակցություններն ընթանում են Անվտանգության խորհրդի խողովակով». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի բնորոշմամբ՝ Հանրային հեռուստատեսությանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ վատ, քաղաքական «կրուտիտներով» լեցուն  հարցազրույց էր։

«Այն մեծամասամբ դատարկ էր, միտված էր այլ մարդկանց վրա մեղավորություն, որոշ դեպքերում էլ՝ երևույթների վրա մեղավորություն գցելուն, որովհետև կոնկրետ 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո աշխարհի լռությունն առ Հայաստան, ինչը պատճառաբանում էր քովիդով։ Այսինքն՝ Փաշինյանի մեղավորներ նշանակելու զառանցանքը հասել է  գագաթնակետին, առաջ մարդկանց էր մեղադրում, հետո պետություններին, հիմա սկսել է երևույթներ մեղադրել, այսինքն՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորական խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այդ հարցազրույցի առաջին հասցեատերերից էին Նիկոլ Փաշինյանի սեփական թիմակիցները, որոնք մեծ ճնշում էին գործադրում Փաշինյանի վրա՝ կապված ապագայի, մասնավորապես՝ իրենց կաշվի անվտանգության հետ։

«Հավաստի տեղեկություններով կարող եմ հայտնել, որ այս պահին բոլոր բանակցություններն ընթանում են Անվտանգության խորհրդի խողովակով, այլ ոչ թե ինստիտուցիոնալ՝ ԱԳՆ-ի խողովակով։ Ասել է  թե՝ Արարատ Միրզոյանը մեծամասամբ դուրս է բերված բանակցային գործընթացից, և այդ հանդիպումները բացարձակ ոչ մի բան չեն նշանակում»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սահմանագծում միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն անխուսափելի է, Հայկ Մամիջանյանն ասաց, որ դա այն կետն է, որը ստացել է 2018 թվականին իշխանության գալով՝ որպես բանակցային ժառանգություն։

«Եթե հիշում եք, այն ժամանակ կային Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ապրիլյան պատերազմում ունեցած հաղթանակից հետո, նաև դիվանագիտական հաղթանակի միջոցով։ Դրանք Փաշինյանի կողմից մսխվել են խայտառակ կերպով, որովհետև այդ պայմանավորվածությունների մասին առաջին հիշատակումը եղել է 2019 թվականին, եթե չեմ սխալվում։

Հիմա կարճ, առաջարկում եմ, որպեսզի իրենք համադրեն փաստերը՝ Փաշինյանը ստացել էր բանակցային ժառանգություն, որը թույլ էր տալիս Արցախի ու Ադրբեջանի շփման գծում մշտադիտարկման որոշակի առաքելություն իրականացնել։ Հիմա ըստ Արարատ Միրզոյան և Բայրամով հանդիպման հաղորդագրության՝ ուզում են հասնել նրան, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծում լինի մշտադիտարկում։ Հիմա փորձում են հայ-ադրբեջանական սահմանին ստանալ մշտադիտարկում, որտեղից ուր են հասել իրենց ապիկարության պատճառով»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի խայտառակ հատվածներից մեկն էլ՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա սադրանք որակելն էր։

«Եթե Հայաստանի ղեկավարը դա սադրանք է որակում, մենք միջազգային հանրությունից ի՞նչ ենք ակնկալում։ Իրենք այդպես էլ չեն հասկացել, որ այլևս վարձու լրագրողներ չեն, ծախու ակտիվիստներ չեն, և իրենց ասածները լսում են աշխարհաքաղաքական կենտրոններում»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս