Երևանյան լճում խայտառակություն է. մի ամիս առաջ աղբը մաքրել էինք, էլի հավաքվել է. Հրաչյա Սարգսյան
«Երևանյան լճի վրա տեղադրված աղբաորսիչ ցանցն արդյունավե՞տ էր, թե՞ ոչ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարց բարձրացրեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Բնապահպանության վարչության ներկայացուցիչը պատասխանեց, որ արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ եթե պարբերաբար՝ շաբաթը մեկ անգամ, մաքրվում է, արդյունավետորեն իր գործառույթը կատարում է, թույլ չի տալիս, որ աղբը տեղափոխվի Երևանյան լիճ: Եվ, ըստ նրա, արժե ևս 1-2 աղբաորսիչ տեղադրել:
«Այո, երկու աղբաորսիչի անհրաժեշտություն կա. խայտառակություն է, մի ամիս առաջ մաքրել էինք, էլի հավաքվել է: Բայց մաքրման հետ կապված՝ պետք է հասկանանք, թե ոնց ենք լուծում»,- ասաց քաղաքապետը:
Դեռևս այս տարվա հունիսի 24-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Երևանյան լճի մաքրման աշխատանքներին․
«Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ՝ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն ևս մի քանիսը։
Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ և աղբը թափել միայն սահմանված վայրերում»,- գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ: Մինչև հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվել է շուրջ 50 տարվա աղբից: Տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվել 8 հա տարածք: