Բաժիններ՝

«Մամ ջան, հիմա իմ տունը դիրքերում է»․ 20-ամյա  Էդուարդ Սիանոսյանը զոհվել է Ջերմուկի դիրքերում

Սեպտեմբերի 13-ին թշնամու  սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը։

Էդուարդը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից էր, ընտանիքի միակ որդին, իրենից մեծ մեկ քույր ունի։ Էդուարդի քույրը՝ Լիանա Սիանոսյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրը զորակոչվել էր 2021 թվականի մարտի 11-ին, 6 ամսից պետք է տուն գար։

«Եղբայրս սկզբում ծառայել է Ճամբարակում, այնուհետև տեղափոխվել էր Ջերմուկ։ Ինքը շատ էր սիրում ծառայությունը, դեռ փոքրուց տրամադրված էր, որ պետք է գնա՝ հայրենիքը պաշտպանի․․․

Հայրս 1995 թվականին, երբ ժամկետային զինծառայող է եղել, Տավուշում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել, համարել են, որ մահացած է, բայց ինքը վերակենդանացել էր։ Մենք պապայի ծնունդը 2 անգամ ենք նշում, մեր մեջ սերմանվել է հայրենասիրությունը, հայրենիքի նկատմամբ վեհ զգացողությունը․․․»։

Լիանան նաև պատմեց, որ 2020 թվականի մարտի 10-ին՝ Երասխի դիրքերը պաշտպանելիս, թշնամու կրակոցից հորեղբոր տղան էր զոհվել՝ պայմանագրային զինծառայող Զոհրաբ Սիանոսյանը, իսկ մահվան տարելիցը լրանալու հաջորդ օրը Էդուարդը մեկնեց ծառայության․

«Այդ դեպքից հետո հատկապես, որ իր մոտ տեսակցության էինք գնում կամ ինքն էր արձակուրդ գալիս, զգում էինք, թե ինչքան էր հայրենիքի հանդեպ նրա սերը բազմապատկվել։ Վերջին արձակուրդի ժամանակ, որ արդեն պետք է զորամաս գնար, արագ-արագ հագնվում էր, մայրս ասաց՝ Էդո ջան, ինչի՞ ես վռազում, պատասխանեց՝ մամ ջան, շուտ հագնվեմ՝ գնամ տուն։ Մաման ասաց՝ քո տունը սա է, պատասխանեց՝ հիմա իմ տունը դիրքերում է, մամ ջան։ Վերջին արձակուրդը մայիսի 6-ին էր։

Վերջին շրջանում անընդհատ ասում էր՝ որ գամ, էսպես կանեմ, որ գամ․․․ Անընդհատ շեշտում էր, հարցնում էինք՝ խի՞, ոչ մի բան չէր ասում։ Առհասարակ ծառայության վերաբերյալ որևէ բան չէր ասում, որ հարց էինք տալիս, ասում էր՝ չգիտե՞ք, որ դա ռազմական գաղտնիք է»։

Լիանան ասաց, որ եղբայրն Արտաշատի քոլեջն էր ավարտել, որոշել էր զորացրվելուց հետո ճարտարապետ-դիզայների մասնագիտություն ձեռք բերել, այլ նպատակներ էլ ուներ, որոնց մասին կիսվել էր քրոջ հետ․

«Մեծ նպատակ ուներ, անընդհատ ասում էր՝ քուրիկ, որ գամ, ուզում եմ մի հատ լավ «07» մակնիշի ավտոմեքենա առնեմ։ Ամուսնանալու հետ կապված, որ հարցեր էի տալիս, ասում էր՝ որ ամուսնանամ, որոշել եմ՝ 5 հատ տղա ունենամ, հարցնում էի՝ խի՞, ասում էր՝ էդպես եմ ուզում․․․»։

Պատերազմը սկսվելուց 20 րոպե առաջ Էդուարդը խոսել էր հորեղբոր 18-ամյա թոռան հետ, որը 2 ամիս առաջ է մեկնել ծառայության՝ Վարդենիս․

«Էդոն ասել է՝ ինձ մնացել է 160 օր, որ զորացրվեմ, անպայման գալու եմ քեզ տեսնեմ»։

Զոհված զինծառայողի քույրը պատմեց, որ հաշվում էր եղբոր ծառայության անցած օրերն ու ջնջում․

«Ես ծրագիր ունեի, որ օրերը ցույց էր տալիս, Էդոն ասաց՝ ջնջի, չեմ ուզում, որ դու հաշվես, թե ինձ քանի օր է մնացել, էդպես դժվար կլինի քո համար։ Մտածում էի՝ ինքն էլ չի հաշվի, փաստորեն հաշվել է»։

Էդուարդը զոհվել է հենց սեպտեմբերի 13-ին, բայց ընտանիքի անդամները 16 օր շարունակ փնտրել ու չեն գտել նրա մարմինը։

«Սկզբում մի տեսանյութ գտանք, մտածեցինք, թե ինքն է, բայց սխալվել էինք․․․ Մայրիկս ու հայրիկս ԴՆԹ անալիզ  հանձնեցին, ամսի 29-ին զանգ ստացանք, պարզվեց, որ եղբայրս հենց սեպտեմբերի 13-ին զոհվել է։ Հետո իմացանք, որ սեպտեմբերի 13-ին 00։15-ին իր ծառայակից մտերիմ ընկերոջ հետ է կապ ունեցել, որն այդ պահին ներքևի պոստում է եղել, նա ևս զոհվել է․ երկուսի կապն ընդհատվել է, ու ոնց հասկացանք՝ եղբայրս փորձել է իջնել իր ընկերոջն օգնության ու զոհվել է․․․

Ամսի 12-ին՝ կռիվը սկսվելու նախօրեին, զանգեց, ինչ-որ պարագաներ, մրգեր ուզեց, երբեք այդքան շատ բան չէր ուզել, հատկապես, որ դրանից 10 օր առաջ այդ նույն բաներից ուղարկել էինք։ Ամբողջ պարագաները ամսի 12-ին առել էինք, դրել սեղանին, որ դասավորեինք ու առավոտյան ուղարկեինք իրեն, բայց այդպես մնաց սեղանին․․․»։

Լիանան ասաց, որ եղբոր մարմինը եղել է Ադրբեջանի  փոխանցած 95 մարմինների մեջ․

«Մեզ ոչ մի իր չի փոխանցվել եղբորիցս, ամեն ինչ հանված է եղել տղաների գրպաններից, անգամ հագուստի վրայի կոչումները, նշանները, բոլորը պոկված են եղել, այնպես են արել, որ չճանաչեն։

Էդուարդ Սիանոսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ Փոքր Վեդիի գերեզմանատանը։

Տեսանյութեր

Լրահոս