«Հայաստանը երկրորդ պլան է մղվել ՌԴ-ի համար, դա անխուսափելի է և, կարծում եմ, ժամանակավոր». Սկակով
«ՌԴ քաղաքականությունը Հարավային Կովկասում պասիվ է, ավելի պասիվ, քան կարող էր լինել»,- այս մասին 168TV-ի հետ հարցազրույցում նշեց ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
Նա նշեց, որ միանշանակ չէր ասի, որ հայ-ռուսական հարաբերությունները վատթարանում են, կամ, որ Հայաստանը դուրս է գալիս ՌԴ ազդեցության ուղեծրից: Ըստ նրա, Հայաստանը գրեթե մշտապես վարել է բազմավեկտոր քաղաքականություն, և որևէ արտասովոր բան չկա նրանում, որ հանդիպումներ են տեղի ունենում ՆԱՏՕ-ի չինովնիկների, ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչների հետ, կամ այցելում Ֆրանսիա, դրանում որևէ արտառոց բան չկա:
«Ես նկատում եմ բարդություններ հարաբերություններում, բարդությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ռուսական քաղաքականության առաջին ճակատում չէ, ՌԴ ուշադրությունը, բնականաբար, սևեռված է Ուկրաինայի և այդ թևում առկա խնդիրների վրա: ՌԴ-Արևմուտք-Ուկրաինա եռանկյունին ներկայումս ամենակարևորն է: Ուստի այն, որ այսօր Հայաստանը երկրորդ պլան է մղվել, անխուսափելի է և, կարծում եմ, ժամանակավոր»,- ասաց նա:
Վերլուծաբանը գտնում է, որ պետք չէ գերագնահատել և լրջորեն խոսել այն մասին, որ Ռուսաստանը բացասական վերաբերմունք ունի Փաշինյանի հանդեպ, քանի որ Փաշինյանն առաջին հերթին քաղաքական գործիչ է:
Սակայն հարցը, ըստ Սկակովի, թե ի՞նչն է նրա համար առաջին տեղում՝ նրա շահե՞րը, որպես քաղաքական գործիչ, թե՞ ՀՀ շահերը, դա այլ հարց է:
«Իսկ իրողություններից ելնում է նաև Մոսկվան: Եթե Փաշինյանը ձեռնտու է հայ հասարակությանը, ապա նա ձեռնտու է նաև Մոսկվային: Ուստի ես անձնային գործոնով պայմանավորված պատճառներ չեմ տեսնում»,- ասաց ռուս քաղաքագետը:
Նա այն կարծիքին է, որ հայ հասարակության շրջանում կա ոչ այնքան օբյեկտիվ պատկերացում աշխարհում կատարվողի և դրանում Հայաստանի դերի մասին: «Հայակենտրոնություն, սա պատմություն ունեցող երկրի դեպքում անխուսափելի գործոն է, բայց թվում է, թե բոլորը մշտապես մտածում են միայն Հայաստանի մասին, նույն գործոնը կա Վրաստանի դեպքում:
Բայց դա բացարձակապես այդպես չէ: Ավելի շատ լավ ու վատ բան կարող են Հայաստանի համար անել ոչ թե արտաքին գործոնները, այդ թվում՝ ՌԴ-ն, այլ ինքը՝ Հայաստանը: Դա վերաբերում է նաև Հայաստանի ապագային և ԼՂ հակամարտությանը և մնացյալին»,- նշեց նա: Սկակովը հիշեցրեց, որ միակ գործոնը, որը փրկեց ԼՂ-ն քարտեզից վերացումից, որը հակամարտության գոտի խաղաղապահներ մտցրեց, Ռուսաստանն էր, ու եթե չլիներ Ռուսաստանը, ի՞նչ կլիներ հիմա Ստեփանակերտում և ԼՂ այն տարածքից, որը հայկական է մնացել: «Կլինեի՞ն այնտեղ հայեր, ես խիստ կասկածում եմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ՌԴ-ն չաջակցեց Հայաստանին, ապա Սկակովը գտնում է, որ ՌԴ-ն պետք է ակտիվանա տարածաշրջանում:
«Օրինակ՝ հաշվի առնելով Նենսի Փելոսիի այցը Երևան, հասկանալի է, որ այցը նախապես էր ծրագրվել, պատրաստվել, և դա ամենևին սպոնտան այց չէր, տրամաբանական կլիներ՝ ՌԴ-ի կողմից նույնպիսի ֆիգուր այդ ժամանակահատվածում այցելեր Հայաստան: Ռուսաստանին հարկ է ավելի ակտիվ լինել: Ռուսաստանի քաղաքականությունը պասիվ է, այն ավելի պասիվ է, քան կարող էր լինել՝ հաշվի առնելով խնդիրները: Այն միանշանակ ավելի ակտիվ պետք է լինի»,- ասաց Սկակովը: