Այս պահի դրությամբ ցուցանիշից մոտ 3 անգամ ավելի քիչ ֆինանսավորում ունենք. Հովակիմ Զաքարյան

2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացնել 250 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ՝ ավելի է 10.3 տոկոսով:

«Գիտության ոլորտին հատկացումները կգերազանցեն 36 միլիարդ դրամը, ինչն ավելի քան  6.5 միլիարդով ավելին է, քան այս տարվա համար սահմանված հատկացումներն են: Դա թույլ կտա բարձրացնել գիտական կենտրոնների հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով և բարձրացնել իրականացվող աշխատանքների արդյունավետությունը»,- կառավարության հերթական նիստում բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ նշել էր Տիգրան Խաչատրյանը:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում դրական համարեց գիտությանն ուղղվող հատկացումների ավելացումը, սակայն նկատեց՝ այս պահին ոլորտին ուղղվող ֆինանսավորումը 3 անգամ ցածր է ընդունված՝ միջին եվրոպական ցուցանիշից:

«Միջին եվրոպական ցուցանիշը ՀՆԱ-ի 1 տոկոսն է, որ ամեն տարի պետությունը պետք է ծախսի գիտության ֆինանսավորման վրա: Այս պահի դրությամբ ցուցանիշից մոտ 3 անգամ ավելի քիչ ֆինանսավորում ունենք՝ նույնիսկ այդ ավելացումներով հանդերձ: Հետևաբար, ցանկացած ավելացում, որն այժմ արվում է, լավ է այն առումով, որ պետք է ձգտել ֆինանսավորումն արագ բերել այնպիսի ցուցանիշի, ինչպես այդ մեկ տոկոսն է ՀՆԱ-ի:

Հաջորդ հարցն այն է, թե ավելացված գումարները որքան արդյունավետ ես կարողանում ծախսել. առաջնային խնդիրը, որ մեզ մոտ կա՝ նոր լաբորատորիաների ստեղծումն է: Պետք է նաև ապահովել նոր գիտական կադրերի ներգաղթ, որովհետև գիտական կադր սարքելը երկարատև պրոցես է, բայց մենք խնդիրը հենց հիմա ունենք: Ներագաղթի համար էլ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ գիտնականների համար ՀՀ-ում աշխատելը ձեռնտու լինի»,- մանրամասնեց գիտնականը:

Տեսանյութեր

Լրահոս