Բաժիններ՝

«Յուրաքանչյուր մարդ այդ աճը պետք է զգա իր մաշկի վրա». Տնտեսագետի արձագանքը՝ աննախադեպ աճերի մասին հայտարարություններին

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով, Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս. կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Այս «կարևոր հիշեցմանն» արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե պետք է ամեն ինչ անեն տնտեսության բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Կառավարության նիստերի ժամանակ աճերի ու աննախադեպ ցուցանիշների մասին նմանատիպ երկխոսություններն արդեն դեժավյուներ են, իսկ Հայաստանում մարդիկ շարունակում են ապրել բարձր գնաճի ու ցածր եկամուտների միջև:

Թե ինչպե՞ս է ստացվում, որ այս աճերն ու աննախադեպ ցուցանիշները շրջանցում են ՀՀ քաղաքացիների մեծ մասին՝ 168.am-ը հետաքրքրվել է տնտեսագետ Հայկ Ֆարմանյանից:

«Երբ ՀՀ տնտեսության վերաբերյալ պարբերաբար թվեր են հրապարակվում, դիցուք՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, և այլն, դրանք ես մի առիթով բնութագրել եմ՝ որպես ինքնաբերաբար աճ, ոչ օրինաչափ աճ: Այսինքն՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ ոչ թե այդ աճը կառավարության պետական տնտեսական քաղաքականության արդյունք է, կամ իրենց շնորհքն է, այլ ինքնաբերաբար. օրինակ, մեր երկիր տեղափոխված՝ հիմնականում ՌԴ քաղաքացիների գործունեության արդյունքում տեղի ունեցած տնտեսական աճ: Հետևաբար, 13.9 տոկոս ակտիվության աճը, որն ունենք, ոչ այլ ինչ է, քան ոչինչ չասող ցուցանիշ, որովհետև դրա տակ իրական, շոշափելի արդյունքը մենք չենք տեսնում»,- ի պատասխան՝ նշեց տնտեսագետը:

Նա հիշեցրեց՝ ՀՀ տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ առյուծի բաժինն ընկնում է սպասարկումների և ծառայությունների ոլորտի վրա, իսկ ՌԴ-ից ժամանած բազամահազար քաղաքացիների (որոնք գործունեություն են իրականացնում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև՝ զբաղվում հիմնականում սանկցիոն ապրանքների՝ ՀՀ միջոցով ներմուծմամբ և ՌԴ արտահանմամբ) գործունեության արդյունքում, բնականաբար, չէր կարող չարձանագրվել տնտեսական ակտիվության աճ:

Անդրադառնալով կենսաթոշակների, աշխատավարձերի աճերի մասին հայտարարություններին՝ Հայկ Ֆարմանյանը նկատեց.

«Միշտ այդ հարցը չեն դիտարկում առկա գնաճի համատեքստում: Այսինքն՝ երբ գնաճի մակարդակը համեմատում ենք թոշակի կամ աշխատավարձի բարձրացրած թվի հետ և նայում ենք տարբերությանը, պարզ է դառնում, որ մենք գործ ունենք բացասական իրավիճակի հետ, և ոչ թե՝ դրական. ընդամենը 2000 դրամով բարձրանում են թոշակները, բայց առանձին ապրանքատեսակների գնաճը կազմում է 15-30 տոկոս կամ գուցե ավելի»:

Ի պատասխան հարցին, թե ռազմական վերջին գործողություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի տնտեսության վրա, տնտեսագետը նկատեց՝ առավել կսրվեն անվտանգային գործոնով պայմանավորված արդեն առկա տնտեսական խնդիրները:

«Ակնհայտ է, որ առաջիկայում գործ կունենանք բացասական միտումների հետ, որովհետև եթե չկան անվտանգության երաշխիքներ, բնականաբար, ներդրումներ չեն լինի. դա ոսկե կանոն է, և, ցավոք սրտի, վերջին տարիներին՝ հատկապես համավարակի ճգնաժամից սկսած մինչև հիմա, մենք գործ ունենք այդ երևույթի հետ,- մանրամասնեց Հայկ Ֆարմանյանը՝ հավելելով, որ միայն ԵԱՏՄ անդամությունն է օգնել ՀՀ-ին աճ արձանագրել,- Ցանկացած աճ բնութագրող թվեր երբ բերում են, ասում են՝ աննախադեպ աճ ունենք, և այլն. յուրաքանչյուր մարդ պետք է այդ աճը զգա իր մաշկի վրա: Երբ խոսում են աշխատավարձերի աճի մասին, հարկ է նկատել, որ այդ աճի ցուցանիշը բացարձակապես պետական սեկտորի աշխատավարձերի աճի հաշվին է. մասնավոր սեկտորում այսօր գործ ունենք կատաստրոֆիկ իրավիճակի հետ. առանձին ոլորտներ կան, որտեղ աշխատավարձերի բացարձակ ոչ մի աճ գոյություն չունի»:

Հիշեցնենք՝ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով:

Առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է էլեկտրաէներգիայի ճյուղում. մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա ութ ամիսներին աճել է 16.6%-ով, 2021թ․ օգոստոսի համեմատ՝ 30.1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2.7%-ով։

Հունվար-օգոստոսին շինարարության ծավալն աճել է 14.2%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 27.1%-ով։ Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա այս տարվա ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 13.6%-ով: Սպառողական գներն էլ նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել են 8.4%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56.2%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 52.9%-ով, իսկ ներմուծումը՝ 58.2%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս