«Փոխադարձ սահմանների ճանաչումը նշանակում է՝ հրաժարում Լեռնային Ղարաբաղից». Ամատունի Վիրաբյանը՝ 1991 թվականի սահմանների մասին
Սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրել է, որ 2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Ապա շեշտել, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների առաջին իսկ ամիսներին դարձել են պետական սահման, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ստորագրել ու վավերացրել են ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը և դրանով փաստացի ճանաչել են միմյանց սահմանները։
Հարկ է հիշեցնել, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում երեք հանրապետությունները՝ Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան են համաձայնագիր ստորագրել, որով ԽՍՀՄ-ը փաստացիորեն դադարեց գոյություն ունենալ, դրան փոխարինեց Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ոչ պետական կազմավորումը, որի վերաբերյալ հռչակագիրն ընդունվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում՝ Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ:
Այդուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը երեկ Ելիսեյան պալատում հնչեցրած իր ելույթում հղում կատարելով դեկտեմբերի 8-ի համաձայնագրին՝ ասել է.
«Գալով երկարաժամկետ լուծումներին՝ կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են։ Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, որ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ասաց, որ, բնականաբար, 1991 թվականից մինչև ԽՍՀՄ փլուզումը գոյություն ուներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի վարչական սահման, որի քարտեզները կան և վերջին քարտեզը տպագրվել է ՌԴ Գլխավոր շտաբում 1990 թվականին։
«Փոխադարձ սահմանների ճանաչումը նշանակում է՝ հրաժարում Լեռնային Ղարաբաղից, որը լինելու է Ադրբեջանի կազմում։ Բնականաբար, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ շատ արագ հայաթափում տեղի կունենա, և դրանով Արցախի հարցը մեկընդմիշտ կլուծվի, ցավոք, սա է իրողությունը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ երբևէ որևէ քարտեզով չի եղել այնպես, որ Գորիս-Կապան ճանապարհը լինի Ադրբեջանինը։
«Այդ ճանապարհի 5 կմ-ն պատկանել է Հայաստանին, հաջորդ 5 կմ-ն՝ Ադրբեջանին, բայց հայկական կողմը դա ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին։ Մենք չգիտենք՝ ինչ բանակցություններ են ընթանում, չենք կարող ասել, թե ինչ են պայմանավորվել։ Բայց փաստ է, որ այդ ճանապարհի մի հատվածը 1990-ականների քարտեզներով Հայաստանինն էր, մի հատվածը՝ Ադրբեջանինը, որն այսօր ամբողջությամբ հանձնված է Ադրբեջանին»,- շեշտեց Ամատունի Վիրաբյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ՄԱԿ-ի ամբիոնից, որտեղից նա դիմելով Ալիևին՝ ասաց, թե թող ցույց տա այն քարտեզները, որով պետք է ճանաչի Հայաստանի սահմանները, Ամատունի Վիրաբյանը նկատեց՝ նման բան ասելն իհարկե սխալ էր։
«Մինչև 1918 թվականն Ադրբեջանը գոյություն չի ունեցել, ի՞նչ քարտեզ պետք է ցույց տա Ալիևը»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։