«Շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել մեզ համար․ եկել է հազարապատիկ լրջանալու պահը»․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ինձ համար հստակ է դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրը․ մի օր պետք է լինի դա։ Մի քիչ այս կողմ-մի քիչ այն կողմ` դա պետք է լինի։ Պետությունները չեն կարող առանց դրա։ Սա հստակ է, բայց էլի մանրամասները չգիտեմ՝ այս բլուրի, այս ձորակի համար կվիճեն, ինչպիսի քարտեզներով կլուծեն, դա լինելու է։ Իսկ միջանքի մասին ո՞վ կարող է ասել։ Գուցե այն մարդիկ, ովքեր տիրապետում են ինֆորմացիային, շատ լավ գիտեն՝ ինչ է լինելու։ Ես չգիտեմ»,-Հանրային հեռուստաընկերությանը` Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հարցին՝ չէ՞ որ խորհրդարանական ընդդիմությունն այդ գործիքակազմն ունի՝ կանչել վարչապետին պառլամենտ և ասել՝ պատմիր՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ չեն կանչում, նախագահը պատասխանեց․ «Որ կանչեն, իրար վրա շշեր շպրտե՞ն… Թող անեն, ես ոչ պատգամավոր եմ, ոչ բան, իրենց գործը դա է։ Մենք հիմա խորհրդարան էլ չունենք։ Եթե գալիս է մի ֆրակցիա, ինչ որոշում ուզում՝ դակում է, ի՞նչ խորհրդարան։ Խորհրդարանը հենց խորհրդակցելու, վիճալու, կոմպրոմիսի գալու տեղն է։ Կներեք, այդ հարցերը սխալ հասցեով եք ուղղում»։
Հարցին՝ արդյոք ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը հայ-ռուսական բարեկամական պայմանագիրը ստորագրելիս մտածե՞լ է, որ երբևէ մենք կհասնենք մի օրի, երբ ՀՀ սուվերեն տարածքը կռմբակոծվի, իսկ Ռուսաստանը լղոզված պատասխան կտա, նա պատասխանեց․
«Շատ կներեք, եթե մտածեի կամ չմտածեի, դա ի՞նչ նշանակություն ունի։ Այն ժամանակ ուրիշ իրականություն էր, այսօր՝ այլ։ ՌԴ-ի հետ էլ շատ նորմալ և գուցե շատ ավելի կոնստրուկտիվ հարաբերություններ կլինեին, եթե այս նոր իրողությունը չլիներ։ Հիմա ամեն ինչ է խառնվել՝ ռուս-ուկրաինական պատերազմը․․․ Հիմա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել մեզ համար։ ՌԴ-ն այստեղ դեր ուներ և միշտ կատարել է։ Եթե 30 տարվա պրոցեսում, թեկուզ սառեցվեց, բայց ՌԴ-ն էր հիմնական դերակատարն այդտեղ»։
Ճշտող հարցին՝ էլի՞ կարծում է, որ Արցախի հարցի լուծման բանալին ՌԴ-ում է, նա պատասխանեց․
«Արդեն լուծվել է։ Ես չեմ ուզում հուսահատեցնել մարդկանց ոչ թե այն առումով, որ լուծվել է, հիմա Արցախն այնպիսի վիճակում է, որտեղ Հայաստանը որևէ խոսք չունի, չկա Հայաստանը, Հայաստանը Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունն է, տնտեսության վերականգնումն է։ Բանալին ՌԴ-ի ձեռքում էր մինչև այս պատերազմը։ Հիմա Ռուսաստանը այնքան խնդիրներ ունի, այդ բանալին կորցրած էլ կարող է լինի։ Հիմա դուք ՌԴ-ից ինչ-որ ակնկալիք կարո՞ղ եք ունենալ։ Հիմա շատ վտանգավոր վիճակ է, այսինքն՝ այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել։ Գուցե կարելի է ասել՝ կարիբյան ճգնաժամից հետո սա տասնապատիկ ավելի մեծ ճգնաժամ է»։
Անդրադառնալով ԱՄՆ դերակատարությանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց․
«ԱՄՆ-ն ունի կարողություն, ՌԴ-ի մոտ այդ կարողությունները մի քիչ թուլացել են, քանի որ իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է ուկրաինական պատերազմի վրա, գուցե ԵՄ-ն էլ ունի կարողություն՝ ավելի չբարդացնելու մեր վիճակը։ Այսքան բան։ Ավելի չբարդացնելու և տանելի լուծման հանգեցնելու համար, այսքանն է կարողությունը, ոչ ավել։ Սա էլ է վտանգված։ Նայած՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ը որքան կխրվեն այս ռուս-ուկրաինական պատերազմի խնդիրների մեջ։ Գուցե գա մի պահ, արդեն իրենք էլ ուշադրություն չդարձնեն, թե այստեղ ինչ է կատարվում։ Չեմ ուզում վախեցնել ոչ մեկին, բայց մի բառ ասել եմ մի անգամ, չեմ կրկնի․ եթե այն ժամանակ ասում էի՝ լրջանալու պահը, հիմա հազարապատիկ լրջանալու պահն է։ Ես մեզ եմ ասում՝ մեր հասարակությանը, մեր իշխանություններին, մեր քաղաքական գործիչներին, մեր մտավորականությանը։ Հազարապատիկ լրջանալու պահը»։