Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի հանգամանքները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է :

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս