Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան սահմանից
Ղրղզստանը եւ Տաջիկստանը պայմանավորվել են տեղափոխել ծանր տեխնիկան երկու պետությունների սահմանից: Այդ մասին սեպտեմբերի 26-ին լրագրողներին ասել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սեպտեմբերի 25-ին Ղրղզստանը եւ Տաջիկստանը ստորագրել են արձանագրություն հակամարտության դադարեցման եւ երկու երկրների սահմանին իրադրության կարգավորման շուրջ:
«Այդ արձանագրության կարեւորագույն կետերից մեկը ծանր տեխնիկայի հեռացումն է սահմանից: Սահմանապահ ծառայության տնօրինության ներքո կթողնենք միայն այն սպառազինությունները, որոնցով կարելի է պահպանել պետական սահմանները, այլ ոչ թե կռվել: Այսինքն՝ մենք տանկերը, հրանոթները, ամեն ինչ պետք է հեռացնենք»,-հայտարարել է Պետական կոմիտեի նախագահը:
Տաշիեւի խոսքով՝ ղրղզական կողմը մտադիր է կայունորեն հետեւել արձանագրության բոլոր կետերին եւ հույս ունի, որ Տաջիկստանը եւս այդպես կգործի: Ծավալուն մարտական բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին սկսվել են սեպտեմբերի 16-ի առավոտյան: Կողմերը միմյանց մեղադրել են գնդակոծությունների մեջ:
Կատաղի մարտերը երկու երկրների միջեւ տեւել են ամբողջ օրը՝ սահմանի գրեթե ամբողջ պարագծով:
Հաջողվել է հրադադարի հասնել միայն գիշերվա դեմ: Սեպտեմբերի 17-ի առավոտյան բախումները պարբերաբար վերսկսվել են: Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: Փոխհրաձգությունները դադարել են միայն երեկոյան կողմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: