Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի դատավոր կինը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն միաձայն մերժել է ԱՆ միջնորդությունը

Սեպտեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) վերջապես կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Հիշեցնենք, որ այս նիստը պետք է կայանար օգոստոսի 18-ին, սակայն անհասկանալի պատճառներով այն տեղի չունեցավ: Իսկ 168.am-ի հարցին ի պատասխան՝ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասել էր՝ նիստը չի կայացել, քանի որ Աննա Փիլոսյանին պատշաճ չեն ծանուցել:

Արդարադատության նախարարությունը Աննա Փիլոսյանին մեղադրում է այն բանում, որ 2021թ. իր վարույթում գտնվող 5400 գործերից երկուսն ամիսներով աչքաթող է արել, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարությունը ԲԴԽ-ին մոռացել էր ուղարկել Դատարանի ուղարկած նյութերի մի մասը:

Ի դեպ, նիստի ժամանակ հենց դատավորն էր բարձաձայնել իրեն մակագրված գործերի թիվը, որը եթե բաժանես օրերի, յուրաքանչյուր գործի համար մի քանի ժամ ժամանակ կարող ես հատկացնել:

Կարդացեք նաև

Դատավորը նաև ֆեյսբուքյան իր էջում էր անդրադարձել այդ համակարգային խնդրին:

«Ինձ կարգապահական պատասխանատվության կանչելու առիթն օգտագործելով՝ բարձրաձայնում եմ ողջ դատական կորպուսին վերաբերող համակարգային խնդիրների մասին։

Միայն 2021 թվի ընթացքում ինձ մակագրվել է շուրջ 5400 գործ։ Տարվա ընթացքում ունեմ շուրջ 1900 աշխատաժամ։ Այս պայմաններում անգամ տեսականորեն հնարավո՞ր է ուշացումները բացառել ու վրիպումներ թույլ չտալ։

Իսկ արդարադատություն հայցող քաղաքացիներն ու փաստաբաններն արդարացիորեն դժգոհում են։ Ու դժգոհում են դատավորներից»,- գրել էր դատավորը:

Քիչ առաջ 168.am-ի տեղեկություններով՝  ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարության միջնորդությունը. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը պատասխանատվության չի ենթարկվի: ԲԴԽ-ն միաձայն մերժել է Արդարադատության նախարարության միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս