Արցախում նախատեսում են բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքի իրացումն ապահովող օրենսդրական փոփոխություններ

Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Ինչպես  հայտնեցին Արցախի ԱԺ-ից, օրակարգում ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։ Օրինագիծը ներկայացրել է Արցախի արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։

Նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:

Նախարարի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով ։

Պատգամավորների հարցերին նախարարը տվել է պարզաբանումներ։ Օրինագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկման կդրվեն։

3 կողմ ձայնով օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։

Տեսանյութեր

Լրահոս