Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում կհամակարգի 3 ոլորտ
«Տեղեկացնեմ, որ ուրբաթ օրն ունենք նոր նշանակում, Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխքաղաքապետ, և նախնական արդեն պայմանավորվածություն ունենք, թե որ ոլորտներն է համակարգելու»,- սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը հայտնեց, որ խոսքը շինբարեկարգման, բնապահպանության և մշակույթի ոլորտների մասին է:
«Ընթացքում արդեն քիչ-քիչ գործը կտանք պարոն Ավինյանին, կնայի և դրանով հանդերձ՝ արդեն կսկսենք համատեղ աշխատանքը»,- հավելեց Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ ընտրվեց սեպտեմբերի 23-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ՝ հավաքելով 44 կողմ, 0 դեմ,2ձեռնպահ ձայներ:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նախքան Ավինյանին ելույթի հնարավորություն տալը, նշել էր, որ երկար ժամանակ այս հարցը քննարկվում է, և իր կարծիքով՝ Ավինյանը՝ պետական ապարատում աշխատելու իր փորձառությամբ իրենց թիմին միանալով, հնարավորություն կունենան այդ փորձը կիրառել նաև Երևանում, և համատեղ ուժերով կկարողանան լուծել համայնքի առջևծառացած խնդիրները: