Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ

Երևանի ավագանին սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ էր գումարել, և օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը վերաբերում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելուն:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նախքան Ավինյանին ելույթի հնարավորություն տալը, նշեց, որ երկար ժամանակ այս հարցը քննարկվում է, և իր կարծիքով՝ Ավինյանը՝ պետական ապարատում աշխատելու իր փորձառությամբ իրենց թիմին միանալով, հնարավորություն կունենան այդ փորձը կիրառել նաև Երևանում, և համատեղ ուժերով կկարողանան լուծել համայնքի առջև  ծառացած խնդիրները:

Տիգրան Ավինյանն իր ելույթը սկսեց նախորդ շաբաթ Հայաստանի ինքնիշխան Հանրապետության դեմ Ադրբեջանի կատարած ռազմական գործողություններից, դիմելով հայ հանրությանը՝ նա մասնավորապես ասաց.

«Սիրելի հայրենակիցներ, երևանցիներ, նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագրեսիային, և ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները: Այդ ագրեսիան, սակայն, մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության, քրտնաջան աշխատանքի կարևորության մասին հիշեցում լինի: Մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ՝ շարունակել ապրել ու արարել՝ ուժեղացնել պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը: Ըստ էության, ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն: Սրանք իրողություններ են, որոնց հետ բոլորս պետք է հաշվի նստենք և հետևապես՝ բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով»:

Կարդացեք նաև

Ավինյանը շեշտեց՝ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար:

«Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլի» մեր գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ՞ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ: Վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից՝ ինձ համար մեծագույն պատիվ է՝ լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին, ու շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար: Երևանն առաջին հերթին մարդիկ են, Երևանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքն ու իր կոլորիտը՝ իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում և քանդակներում: Երևանը Թամանյանն է՝ իր ճարտարապետությամբ, Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, և քաղաքն ինքնաբերաբար սկսում է նմանվել իրենց երգերին: Երևանը Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է, Քոչարի, Արա Հարությունյանի, Նորիկ Կարգանյանի քանդակներն են: Երևանը Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են Երևանի փողոցներով ու հերթը զիջել այսօրվա երիտասարդներին: Երևանը, այո, միայն անցյալը չէ, այն ներկան է ու ապագան:

Երևանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակագործներն են, նկարիչներն ու երաժիշտներն են, դերասաններն ու ռեժիսորներն են՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում և ապրեցնում են քաղաքը: Երևանը նաև այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի համար. առավոտյան, երբ շատերս դեռ քնած ենք, փողոցները կարգի են բերում քաղաքապետարանի մաքրությունն ապահովող աշխատակիցները: Երևանն են՝ կանաչապատումն ու բարեկարգումն ապահովող մասնագետները, ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները, շտապօգնության վարորդներն ու բժիշկները, դաստիարակներն ու մանկավարժները՝ բոլոր նրանք, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով ապահովում են մեր քաղաքի բնականոն ընթացքը: Երևանը մարդիկ են, ովքեր ապրում են մեր քաղաքում, հոգում իրենց ընտանիքների կարիքները, որտեղ, սակայն, բախվում են տարատեսակ խնդիրների: Ոմանք անվասայլակով կամ մանկասայլակով տեղաշարժվում են չհարմարեցված մայթերով, շատերն աշխատանքից կամ դասից ուշանում են՝ արդարացի կերպով դժգոհելով կանգառում ավտոբուսին երկար սպասելուց: Երևանը խաղահրապարակ չունենալու պատճառով գարաժների դռները դարպաս սարքած երեխաներն են և բոլոր այն ծնողներն են, ովքեր գիշերվա «հազարին» հրավառությունից արթնացած իրենց երեխաներին են հանգստացնում»,- թվարկելով՝ շեշտեց Ավինյանը՝ հավելելով, որ խնդիրները նշելուն զուգահեռ՝ չի կարող չանդրադառնալ 2018թ.-ից Երևանի քաղաքապետարանի ջանքերին, որոնք շատ խնդիրներ մեղմել են:

«Քաղաքն ունի նոր տեխնոլոգիական լուծումների կարիք: Երևանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի այն միջավայրի հետ, որն իրեն շրջապատում է: Երևանը մարդկանց համար քաղաք պետք է լինի: Չի կարող մեկի անհատական շահը, իր բակում կառուցվելիք ավտոտնակն ավելի կարևոր լինել, քան երեխաների խաղը՝ բարեկարգ հրապարակում: Չի կարող մեկի շինարարությունն ավելի կարևոր լինել, քան քաղաքի ճարտարապետական տեսքը: Քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթներին, բարեկամներին լավություններ անել պետք չէ: Աղբը բոլոր տեղերում նույն ձևով, որակով պետք է հավաքվի: Մարդկանց համար քաղաքը պետք է լինի ժամանցային.խաղահրապարակները, կանաչապատ տարածքները, մշակութային միջոցառումները պետք է ավելանան և ապակենտրոնանան»,- նկատեց Ավինյանը:

Թեկնածուն ելույթից հետո պատասխանեց նաև ավագանու անդամների հարցերին, ապա անցկացվեց քվեարկության, ինչի  արդյունքում Ավինյանն ընտրվեց փոխքաղաքապետ՝ 44 կողմ ձայնով: 2 հոգի ձեռնպահ էր քվեարկել:

Տեսանյութեր

Լրահոս