Ինչո՞ւ չկրակեցին գազամուղների վրա. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագիրը կրող քննարկման ժամանակ շեշտեց՝ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանը մենակ էր մնացել դիվանագիտական ճակատում:

168.am-ի հարցադրումին, թե ինչո՞ւ Կանադայի վարչապետին նվիրած եռագույն գուլպաները, Անգելա Մերկելի հետ զբոսանքն ու Մակրոնի հետ ջերմ հարաբերությունները մեզ չօգնեցին այդ օրերին, Արմեն Աշոտյանը արձագանքեց հիշեցմամբ. «Մեզ հրամցվում էր մի  պատկեր, որտեղ Նիկոլը իբրև հավասարը հավասարի պես խոսում է աշխարհի հետ, ու աշխարհն իրեն ծափահարում է. աշխարհն ուներ իր շահերը 2018 թ. «հեղափոխության մեջ»:

Վերջինի առնչությամբ Հանրապետական կուսակցության փոխնախագահը մի քանի փաստեր ընդգծեց:

«Երբ մի տեղ ռմբակոծվում է, կռիվ է, իրար սպանում են, հոշոտում են, այդտեղ շինարարություն արվո՞ւմ է.  բա ինչպե՞ս եղավ, որ 44-օրյա պատերազմին զուգահեռ՝ ավարտվեց Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ արտահանող Հարավային գազային միջանցքի կառուցումը: Էդ ո՞նց եղավ, որ նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցվեց, իսկ դեկտեմբերի 1-ին ԵՄ-ն սկսեց ադրբեջանական գազ ստանալ:

Այս հարցերիս մեջ կան պատասխաններ, որոնց մասին խոսվել է:

Կարող եմ ևս մի հանցագործություն ֆիքսել՝ ինչո՞ւ չկրակեցին գազամուղների և նավթամուղների վրա, ինչո՞ւ գոնե չսպառնացին դա անել, ինչո՞ւ հակառակը խոստացան, ինչո՞ւ երկարացրին ադրբեջանցիների ձեռքերը, եվրոպացիներին էլ՝ արխայնացրին: Ինչո՞ւ. սպառնայիք՝ գոնե դրա  տակ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը ինչ-որ մի բան կանեին, ԵԽ-ն կամ ԵԱՀԿ-ն ավելի կոնկրետ բաներ կանեին, ոչ թե դուրս գայիք պատերազմի առաջին օրերին չխմած նախագահի շուրթերով (որին ես էլ եմ ընտրել. հազար անգամ ներողություն եմ խնդրել իմ ժողովրդից, որ Արմեն Սարգսյանին եմ ընտրել)` մինչև Նիկոլ Փաշինյան երաշխիքներ տայիք, որ չեք կրակելու»,- նշեց նա՝ համոզմամբ, որ թե՛ 2018 թ. «հեղաշրջումը», թե՛  2021 թ. արտահերթ ընտրությունները աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք էին:

Ի՞նչ պետք է ակնկալել երեք նախագահների և Վեհափառի հետ հանդիպումից՝ մեր մյուս հարցադրումին ի պատասխան էլ՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ զգուշավոր օպտիմիզմ ունի այդ նախաձեռնության առնչությամբ:

«Այդ հանդիպումն ինքնին հզոր ուղերձ էր ազգային միասնության, այն պետական գործիչների և ուժերի միջև, որոնք իրենց բոլոր տարաձայնություններով հանդերձ, այնուամենայնիվ, գիտեն պետության «ղադրը» և պետություն կորցնելու վտանգը տեսնում են»,- հավելեց քաղաքական գործիչը:

Տեսանյութեր

Լրահոս