Թիմային խաղի սպասումով․ Հայաստան-Ուկրաինա
Այսօր՝ Երևանի ժամանակով 17։00-ին կմեկնարկի Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։
Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես գալիս մրցաշարում՝ Խոակին Կապարոսի թիմը հայտնվել է B լիգայից դուրս մնալու վտանգի տակ: Չնայած այն հանգամանքին, որ թիմը մեկնարկեց Իռլանդիայի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակով, խմբային փուլից երկու տուր առաջ նրանք աղյուսակի վերջին տեղում են: Միևնույն ժամանակ, տեղը պահպանելու հնարավորություններ դեռ կան՝ երրորդ, Իռլանդիան ունի ընդամենը մեկ միավոր ավելի, իսկ Ուկրաինան՝ 4 միավորի հեռավորության վրա է։
Առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոփոխություններ կան։ «Որովհետև այս երկու խաղերի համար ես նպատակահարմար գտա հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնք հրավիրված են։ Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, որոնք կարող են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Իսկ եթե կոնկրետ պատասխան եք ցանկանում, ապա ասեմ, որ այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիստները, իմ կարծիքով՝ ավելի ուժեղ են»,- ասում է Խոակին Կապառոսը։
Մարզչի խոսքով՝ մենք իրոք հայտնվել ենք շատ բարդ խմբում։ «Շատ բարձր կարծիք ունեմ Ուկրաինայի հավաքականի մասին։ Կարելի է ասել, որ մենք իրոք բարդ խմբում ենք հայտնվել։ Ուկրաինան շատ լավ թիմ է, մեր թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, եթե ցանկանում ենք լավ արդյունքի հասնել»։
Ուկրաինայի հավաքականը խմբի ֆավորիտ էր Շոտլանդիայի հետ հավասար, սակայն Ալեքսանդր Պետրակովի թիմն առայժմ չի արդարացնում այս կարգավիճակը։ Յոթ միավորով ուկրաինացիները խմբում երկրորդ տեղում են՝ երկու միավորով զիջելով Շոտլանդիային: Նման ֆորա ձևավորվեց օրեր առաջ դեմ առ դեմ խաղում շոտլանդացիներից կրած պարտության պատճառով՝ 0:3 հաշվով Ուկրաինան Գլազգոյում պարտվեց իր հիմնական մրցակցին։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։ VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Տերյե Հաուգեն (Նորվեգիա), պատվիրակ՝ Միխալ Մերտինակը (Սլովակիա)։
Սիրարփի Աղաբաբյան