Գրեթե համոզմունք ունեմ, որ Ադրբեջանում սպանվածների թիվը հրապարակվածից շատ է. Գառնիկ Դավթյան
Ադրբեջանական վերջին սադրանքի հետևանքով պաշտոնական Բաքուն հանրայնացրել է սպանված 80 և վիրավոր 282 զինծառայողների մասին տեղեկություն: Ավտորիտար երկրում զոհերի թիվը թաքցնելու պրակտիկայի մասին կարելի էր ենթադրել. Համենայն դեպս, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գերադասեց չհրապարակել զոհերի ամբողջական թիվը: Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը վստահ է՝ զոհերի թիվը հայտարարվածից ավելին է:
«Հաշվի առնելով, որ հարձակվող կողմն Ադրբեջանն է, և նաև այդ հատվածներում դժվար է եղել դիրքեր գրավելը, գրեթե համոզմունք ունեմ, որ հրապարակվածից շատ է, ինչի մասին վկայում է նաև 200-ից ավելի վիրավորների թիվը:
Սա էլ է ցուցիչ, որ ադրբեջանական կողմը, ինչպես 44 օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, զոհերի թվի իրական պատկերը ցույց չի տալիս, որովհետև վերջին ցույցերի ժամանակ շատ է խոսվում, որ աղքատ ընտանիքների զավակներին են տանում առաջնագիծ, և հետևաբար՝ ամենայն հավանականությամբ, այդ աղքատ ընտանիքները հնարավորություն չունեն իրենց բողոքի ձայնն ավելի լսելի դարձնելու»,- նշում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կորուստներին՝ նշելով, թե Իլհամ Ալիևը պետք է բացատրություն տա ոչ միայն 80 նահատակների և 282 վիրավորների համար, այլ նաև, թե ինչու երկիրը փլուզվեց:
Ադրբեջանագետը շեշտում է՝ հետպատերազմյան Ադրբեջանում Ալիևի հասցեին նմանատիպ քննադատությունների պակաս չկա:
«Մասնավորապես հղում են տալիս Ալիևի այն պնդմանը, թե բանակ գոյություն չունի, իրենք հայերի գլուխը ջարդել են, և նման այլ հայատյաց հայտարարություններ, որոնք մատնանշում են՝ ասելով, որ եթե այդպես է, ապա ինչպե՞ս ստացվեց, որ վերջին՝ սեպտեմբերյան բախումների ժամանակ հայերը կարողացան այդքան ադրբեջանցիների կյանք խլել:
Բողոքներ կան նաև զինվորների սոցիալական փաթեթների չվճարման վերաբերյալ. որոշ զինվորների ընդհանրապես գումար չի տրվում, որոշ զինվորների այն աստիճանի ցածր է տրվում, որ նրանք չեն կարողանում իրենց խնդիրները հոգալ՝ դեղեր գնել, բուժզննման գնալ և այլն»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում