Հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և խաղաղության պայմանագրի հարցում զգալի առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանն այդ ամենից օգտվում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կարևոր թեմաներից մեկը երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։ Մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ քայլին, սակայն Ադրբեջանը նույնկերպ չի արձագանքել։ Հակառակը՝ Ադրբեջանը ակտիվորեն հայտարարում էր, որ Հայաստանի ամբողջ հարավն ու արևելքը, և նույնիսկ մայրաքաղաք Երևանը ադրբեջանական հողեր են։ Մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի որոշակի տարածք։ Սրա հետ կապված ես կցանկանայի պաշտոնական և հրապարակային հարց հնչեցնել և այն հասցեագրել Ադրբեջանի նախագահին․ կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը դուք ճանաչում եք կամ որով պատրաստ եք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ եմ ես այս հարցը տալիս, որովհետև կարող է այնպես ստացվել, որ Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանի կեսը կամ նույնիսկ դրանից քիչն է Հայաստանի Հանրապետություն։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ թե թեորիապես, այլ հստակ, ես նկատի ունեմ մեր՝ միջագայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը 29800 քառակուսի կիլոմետր մակերեսով, նշանակում է, որ մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու միջոցով»,- մանրամասնեց Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրն ամբողջական չի լինի, և Ադրբեջանը դրանից հետո կօգտագործի սահմանների դելիմիտացիայի գործընթացը Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր օկուպացիայի համար։

Տեսանյութեր

Լրահոս