Հատկապես թշնամու լեզուն անհրաժեշտ է հասկանալ. Հայաստանի մի քանի դպրոցում արդեն դասավանդում են ադրբեջաներեն ու թուրքերեն
Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացնելու նպատակով պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակներն օգոստոսի 31-ին պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնելով պարգևները, շնորհակալություն է հայտնել նրանց համագործակցության համար. «Մենք միասին սկսել ենք մի կարևոր գործընթաց՝ տարածաշրջանային լեզուների, այդ տարածքում մեր շահերի, դիրքի, մարտահրավերների իմացության և նորովի վերաիմաստավորման նպատակով: ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կազմակերպումը, որի ապահովման նպատակով նախորդ ուստարվանից սկսել ենք այդ աշխատանքները»:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը մշակելու համար համագործակցել է համապատասխան մասնագետների հետ:
Մշակված ծրագրերը սահմանված կարգով ներկայացվել են մասնագիտական կարծիքի, որից հետո նախարարի հրամանով երաշխավորվել են դպրոցներում գործածության համար:
Այսօր ԿԳՄՍ նախարարությունից 168.am-ին հայտնեցին, որ 2022-2023 ուսումնական տարվա սեպտեմբերի 9-ի դրությամբ տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը մեկնարկել է ՀՀ 23 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 7-ում՝ պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն: Վերոնշյալ հաստատությունների մի մասում տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է խմբակի ձևաչափով, որոշներում՝ 3-րդ օտար լեզվի: Խմբակի դեպքում, ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, անհրաժեշտ է, որ դասավանդողն ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն, իսկ 3-րդ օտար լեզվի ուսուցման դեպքում՝ համապատասխանի «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին:
Նախարարությունից հայտնեցին, որ թուրքերենի ուսուցումը կազմակերպվելու է բացառապես ավագ դասարաններում՝ 10-12-րդ դասարանների սովորողների համար: Վրացերենի և պարսկերենի ուսուցումը կազմակերպվում է կրտսեր և միջին դասարաններից:
Քննարկումների ընթացքում հաստատություններին տեղեկացվել է, որ համապատասխան մասնագետ ունենալու դեպքում նրանք ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը կազմակերպելու հարցում:
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը համոզված է՝ հատկապես թշնամու լեզուն պետք է իմանալ:
«Հայկական ասացվածքն ասում է՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»: Հատկապես թշնամու լեզուն անհրաժեշտ է հասկանալ բառիս բուն և փոխաբերական իմաստով»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Նրա փոխանցմամբ՝ Թուրքիայում, Ադրբեջանում հայերեն դասավանդում են համալսարաններում, հայագիտական կենտրոններում, և նրանք այդ ուղղությամբ վաղուց են աշխատել և աշխատում են:
«Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ քարոզչություն էին տանում՝ ահաբեկչական կոչեր էին տարածում, որը շարունակվում է մինչ օրս: Այնպես որ՝ մենք այս առումով անելիք ունենք: Մեր բուհերում կարող են լինել համապատասխան մասնագիտացված ուղղություններ: Օրինակ, Բաքվի համալսարանին կից ստեղծվել են հայագիտական կենտրոններ. Ի տարբերություն մեզ՝ իրենք ուշադիր են եղել լեզուն պահպանելու և տարածելու առումով: Դրա համար ունեն հայերենի նոր մասնագետներ: Համացանցում նկատած կլինեք՝ շատ են հայալեզու կայքերը, հայախոս անձինք, կարծում եք՝ հայե՞րն են, իհարկե ո՛չ: Ականատես եղանք, թե ինչպես են արցախցիներին, սահմանամերձ բնակիչներին ահաբեկում մաքրամաքուր հայերենով:
Ի դեպ, Ստամբուլի համալսարաններում հայոց լեզվի մասնագետներ տանում են Բաքվից, չնայած նրան, որ այնտեղ կա հայկական համայնք: Իրենք իրենց թշնամուն՝ հայերին, միշտ լուրջ են վերաբերվել, միշտ վախով են վերաբերվել, պատրաստվել են կյանքի ու մահվան կռվի»,- նշեց Գրիգորի Այվազյանը: