Գոնե գիտակցո՞ւմ եք ձեր ասածի հետևանքները

Վերջին օրերին հակառուսական հիստերիան Հայաստանում նոր թափ է առել։ Դրա համար գուցե պատճառներ կան՝ կապված ադրբեջանական ագրեսիայի ու դրա նկատմամբ ռուսական կողմի գնահատականների հետ, բայց դա չի նշանակում, թե կարելի է ամեն ինչ ծայրահեղացնել։ Այնտեղ են հասել, որ կոչեր են հնչեցնում անջատելու ռուսական ռազմաբազայի գազն ու հոսանքը, պահանջում են բազան հանել Հայաստանից։

Թե սա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար, հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ պահվածքի ու այսօրվա աշխարհաքաղաքական հակամարտությունների պայմաններում, դժվար չէ պատկերացնել։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Ռուսաստանին մեր երկրից դուրս մղելու ու կողմնորոշումները վերանայելու վերաբերյալ կոչեր հնչեցնողները չպետք է մոռանան նաև դրա տնտեսական ու սոցիալական հետևանքները։

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի տնտեսության ամենախոշոր գործընկերը։ Ընդ որում՝ գրեթե բոլոր առումներով և բոլոր ոլորտներում։

Գուցե շատերը կարող են մտածել, որ՝ Ռուսաստանը չլինի, Միացյալ Նահանգները կլինի։ Բայց այդպես չէ. տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում՝ Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների ու Արևմուտքի լարված հարաբերությունների ֆոնին։ Դեռ չասենք, որ Հայաստանի տնտեսության զարգացումներն ու սոցիալական իրավիճակը կիլոմետրերով հեռու է եվրոպականից։

Տնտեսության մեջ գործընկերային հարաբերություններն ու կողմնորոշումները մեկ օրում կամ մեկ տարում չեն կարող փոխվել։ Դրանք տասնամյակներ են պահանջում, իսկ մինչ այդ դեռ պետք է կարողանալ գոյատևել։ Միայն ռուսական էներգակիրների անջատումը կկործանի Հայաստանի տնտեսությունը։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանին ռուսական գազը մատակարարվում է արտոնյալ պայմաններով։ Գուցե կան երկրներ, որոնք ավելի ցածր գին են վճարում ռուսական գազի համար, բայց Հայաստանը ռուսական գազը ցածր գնով ձեռք բերող քիչ երկրներից մեկն է։ 

Երբ Եվրոպայում գազի գինն անցնում է 2 հազար դոլարից, Հայաստանն այն ստանում է ընդամենը 165 դոլարով։ Եթե ավելացնենք նաև կալորիականությունից կախված 10 դոլարը, կստացվի 175 դոլար։

Հիմա համեմատեք 175 դոլարն ու 2 հազար դոլարը։ Տարբերությունն անցնում է 10 անգամից։

Նույնիսկ նման ցածր գնի պայմաններում Հայաստանի տնտեսությունը մրցունակ չէ։ Անգամ անիմաստ է պատկերացնել, թե ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը ռուսական գազը ստանար 10 անգամ ավելի բարձր գնով։ Տնտեսությունը պարզապես կդադարեր շնչել։ Այն սակավաթիվ ապրանքներն էլ, որոնք այսօր քիչ թե շատ մրցունակ են արտաքին ու ներքին շուկաներում, պարզապես դուրս կթռնեն այնտեղից։

Գազի թանկացումը, սակայն, միայն գազի թանկացում չի ենթադրում. այն ուղղակիորեն կբերի էլեկտրաէներգիայի գների բարձրացման։ Դա էլ կլինի մեր տնտեսության երկրորդ ծանր հարվածը։  

Այսպիսի սցենարի պարագայում որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե բնակչությունն ինչքա՞ն պիտի վճարի գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց։

Ներմուծվող գազի այսօրվա անգամ արտոնյալ գնի պայմաններում էներգակիրների սակագները չեն համապատասխանում մեր սպառողների վճարունակությանը։ Ուր մնաց, եթե դրանք, շատ չէ, կրկնապատկվեն կամ եռապատկվեն։ Անգամ Եվրոպայում, որտեղ սպառողների եկամուտներն ու վճարունակությունը մի քանի անգամ բարձր է, քան Հայաստանում, շատերը հայտնվել են անելանելի դրության մեջ։

Հույսերը, որ ռուսական գազին կարող է փոխարինել իրանականը, միամտություն է։

Իրանը երբեք Հայաստանին այնպիսի գին չի առաջարկել, որը կարող է մրցունակ լինել ռուսական էներգակիրների համեմատ։ Ավելին՝ այդ գինն անգամ մոտ չի եղել այն գնին, որը Հայաստանը վճարում է ռուսական գազի դիմաց։

Խնդիրը, իհարկե, միայն գազը չէ։ Հայաստանի էներգետիկ համակարգում ռուսական մասնակցության մակարդակը շատ բարձր է:  Ոչ միայն նրանով, որ ոլորտում մեծ է ռուսական կապիտալով գործող ընկերությունների մասնաբաժինը։ Չպետք է մոռանալ, որ մեր ատոմակայանը հին սերնդի ատոմակայան է և կառուցված է ռուսական տեխնոլոգիայով։ Այն աշխատում է բացառապես ռուսական միջուկային վառելիքով։

Թե ի՞նչ կլինի, եթե խնդիրներ ստեղծվեն միջուկային վառելիքի մատակարարումների հետ կապված, 1990-ականների բովով անցած սերունդը լավ գիտի։ Մեկ անգամ արդեն ականատես ենք եղել դրան, երբ որոշ տաք գլուխների արկածախնդրության հետևանքով դադարեցվեց ատոմակայանի աշխատանքը։

Էներգետիկ այն ճգնաժամը, որում այդ տարիներին հայտնվեց Հայաստանը, շատերը հավանաբար չեն մոռացել, շատերն էլ երևի չեն պատկերացնում։ Օրական 2 ժամ հոսանքը երանություն էր սպառողների համար։

Այսօր, երբ հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման ու ռուսական ռազմաբազան հանելու վերաբերյալ, դրա հեղինակները հավանաբար ուզում են վերադառնալ հայտնի մութ ու ցուրտ տարիներին՝ իրենց շատ ավելի վատ հետևանքներով։

Ռուսաստանի տնտեսության հետ մեր տնտեսական կապերը չափազանց ընդգրկուն են ու լայն։ Արտաքին առևտրի գրեթե մեկ երրորդն այդ երկրի հետ է։ Խոսքն ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման մասին է։ Արտահանման ավելի քան 32 տոկոսը ռուսական շուկայում է։

Ռուսաստանի հետ է ընդհանուր առևտրաշրջանառության գրեթե 31 տոկոսը։

Ոչ մի այլ երկրի հետ Հայաստանն այսպիսի առևտրային հարաբերություններ չունի։

Եվրամիության բոլոր երկրների հետ միասին այդ հարաբերությունները 20 տոկոսից էլ պակաս են։

Միացյալ Նահանգների հետ շատ ավելի քիչ է՝ ընդամենը 2,4 տոկոսը։

 Եվրամիության անդամ բոլոր երկրները միասին վերցրած մենք ավելի քիչ արտահանում ենք անում, քան միայն Ռուսաստան։ Ընդ որում, դրանք հիմնականում վերամշակող հատվածի ապրանքներն են, նաև գյուղմթերքը։

Եվրոպական շուկայում այդ ապրանքները բացարձակ մրցունակ չեն։ Առավել ևս՝ մրցունակ չեն լինի, եթե ավելի թանկ գին վճարենք էներգակիրների համար։ Եվրոպայում մեր մատակարարումների առյուծի բաժինը հանքահումքն է։

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ունեն նաև լուրջ սոցիալական բաղադրիչ։ Գաղտնիք չէ, որ ամեն տարի տասնյակ, եթե ոչ՝ հարյուր-հազարավոր քաղաքացիներ մեկնում են այդ երկիր արտագնա աշխատանքի։ Այստեղ են ձևավորվում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների եկամուտները։ Նրանք իրենց սոցիալական ու կենցաղային խնդիրները լուծում են Ռուսաստանից ստացվող ֆինանսական միջոցների հաշվին։

Միայն բանկային համակարգով Ռուսաստանից տարեկան ստացվում է 1-1,5 մլրդ դոլար։ Տարբեր գնահատումներով ևս այդքան գալիս է՝ շրջանցելով բանկային համակարգը։

Կապիտալի հոսքերը Ռուսաստանից ամենամեծն են նաև տնտեսության մեջ։

Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների 40 տոկոսը ռուսական կապիտալն է։

Հայաստանում գործում են մեծ թվով ռուսական կապիտալով ընկերություններ, որոնց մի մասը համակարգաստեղծ ընկերություններ են և չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր տնտեսության առանցքային հատվածներում։

Երբ հայտարարություններ են հնչեցնում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության ու Ռուսաստանին մեր երկրից դուրս շպրտելու վերաբերյալ, այդ մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են դրա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու սոցիալական հետևանքները։ Թեև եթե գիտակցեին, հազիվ թե նման հայտարարություններ հնչեցնեին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս