Նոր ուսումնական տարում Վրաստանի 120 հայկական դպրոցներն ընդունել են 1232 առաջին դասարանցիների

Վրաստանում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է 2022-23 ուսումնական տարին: Վրաստանի օրենսդրությամբ՝ տվյալ ամսաթվով ուսումնական տարին սկսելու օրենքն ուժի մեջ է 2010 թվականից՝ 2005-ին գործարկված կրթական բարեփոխումների շրջանակում, երբ որոշվել է հրաժարվել խորհրդային մոտեցումներից եւ որդեգրել վրացական ակադեմիական կրթության ավանդույթները: Ընդ որում, հանրակրթական դպրոցներում ուսումնական տարին տեւում է 180 օր եւ ավարտվում հունիսի 15-ին:

Ուսումնական յուրաքանչյուր տարեսկիզբ ու տարեվերջ անդրադառնալով Վրաստանի կրթական, այդ թվում՝ հայկական դպրոցների թեմային, «Վրաստան» թերթն ավանդաբար ներկայացնում է կրթօջախների ոչ միայն դրական տեղաշարժերն ու հիմնախնդիրները, այլեւ դառնում է աշակերտների թվի եւ դպրոցների վիճակագիրը: Այս տարի նույնպես, դիմելով երկրի տարածքային կրթական ռեսուրս-կենտրոններ, թերթը հրապարակել է, թե քանի առաջին դասարանցի ունեն Վրաստանի հայկական դպրոցները:

Այդ տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում 120 հայկական դպրոցներից մայրաքաղաք Թբիլիսիում գործում է 2, Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ 64, Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 38, Ախալցխայի մունիցիպաիտետում՝ 11, Մառնեուլիի մունիիպաիտետում՝ 10, Ծալկայի մունիցիպալիտետում՝ 10, Բոլնիսիի մունիցիպալիտետում՝ 3 դպրոց: Մեկական հայկական դպրոցներ են գործում Բաթումի քաղաքում, Ասպինձայի, Թեթիծղարոյի եւԴեդոփլիսծղարոյի մունիպալիտետներում:

«Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվությամբ՝ 2022/23 ուսումնական տարեսկզբին երկրի դպրոցականների ընդհանուր թիվը 632 726 է, 55 717-ը առաջին դասարանցիներ են, այստեղից՝ 1 232-ը հայկական դպրոցների առաջին դասարանի սաներ,- գրում է թերթը:

Տեսանյութեր

Լրահոս