Հաղորդում է պատրաստվում հանցագործության մասին, իսկ ՄԻՊ-ը չի արձագանքել. Լրագրող Անի Գևորգյանի հետ ԱԺ-ի միջադեպը կունենա իրավական լուծում
Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հերթական անգամ «փայլեց» պատգամավորին ոչ հարիր իր վարքագծով՝ կոնֆլիկտ հրահրելով լրագրողների ու օպերատորների հետ և, ի վերջո, անձնական վիճաբանության մեջ մտնելով MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանի հետ, ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցներին հրամայեց շենքից հանել լրագրողին, ինչը և նրանք սիրով կատարեցին՝ բռնություն գործադրելով Անի Գևորգյանի նկատմամբ:
Այս խայտառակ միջադեպից հետո ԱԺ պատգամավորի խայտառակ վարքագիծը և Ալեն Սիմոնյանի կամայական որոշումը իրենց հայտարարություններով դատապարտեցին Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) և տասնյակ այլ լրագրողական կազմակերպություններ:
«Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութը պատկերում է միջադեպի ողջ ընթացքը, այստեղ հստակ լսվում է պատգամավոր Քրիստինե Պողոսյանի արձագանքը, երբ Անի Գևորգյանը նրան հիշեցնում է 2018թ. ապրիլի 23-ի սպանության դեպքը «թավշյա հեղափոխության» օրերին՝ ի պատասխան այն հայտարարության, թե ընդդիմադիրները գնացել են կառավարող խմբակցության պատգամավորների բնակարաններ: Եվ երբ նրան խնդրում են օրինակներ բերել, ասում է՝ լավ է չասացիք՝ «մարդ մեռե՞լ է…»:
Հիշեցումից հետո, որ, օրինակ, 2018թ. մարդ մահացել է, Քրիստինե Պողոսյանի՝ առանց այդ էլ փխրուն հոգեբանական կայուն վիճակը շարքից դուրս եկավ:
«Չե՞ք ամաչում, ասենք դուք լուրջ լրագրողական համո՞ւյթ եք ներկայացնում… Ոնց ուզում եմ, նենց ինձ պահում եմ, հարց ունե՞ս… Ադրբեջանի ագենտներ, թշնամու ուղարկածներ… Մի օր կգա՝ սրանց դուրս շպրտենք այստեղից… Ա կպի գործերիդ, հա՞… Գնա, լիրբ, ստեղից, դու լրագրող չես… Գնա ստեղից, ասում եմ քեզ… Գնա, ասում եմ քեզ, ստեղից, ոնց ուզում եմ, անձամբ քո հետ տենց խոսում եմ (Անի Գևորգյանին.- Գ.Ս.)… Գնա, բողոք ներկայացրու, ասում եմ՝ գնա, բողոքի… Էսի իմ տունն ա, գնա ստեղից»,- ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի բառապաշարն է՝ ուղղված լրագրողին:
Եվ երբ Անի Գևորգյանին նա հերթական անգամ գոռալով ստիպում է հեռանալ տարածքից, և, որ սա իր տունն է, լրագրողը պատասխանում է՝ չի հեռանալու:
«Շատ էլ որ փողոցից եք եկել»,- ասում է Անի Գևորգյանը՝ մինչ այդ հազիվ խուսափելով Քրիստինե Պողոսյանի ձեռքի կնիքի հարվածից, ինչը կանխեցին գործընկեր պատգամավորները՝ այնուհետև մի կերպ հեռացնելով անհավասարակշիռ կնոջը:
«Ձեր տեղը փողոցն է»,- նրա հետևից նետեց լրագրողը:
Այս վիճաբանության առիթն իր ձեռքից, իհարկե, չէր կարող բաց թողնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ազգային ժողովից դուրս ես անում Անիին և Սյուզիին Բադոյան՝ Ազգային ժողովի բնականոն գործունեությունը տապալելու համար… ՊՊԾ-ին, բան արեք, հանեք ԱԺ շենքից դուրս»,- քյոխվայական կեցվածքով լրագրողների վրա ինքնահաստատվող Ալեն Սիմոնյանի հրահանգն էր՝ «Էյ դուք, ստրուկներ» ոճով:
Վերջինս, բնականաբար, չանդրադարձավ փողոցային բառապաշար կիրառող իր անհավասարակշիռ թիմակցին, ով նաև գաղտնի տեղեկությունների տիրապետող է, ի դեպ՝ հանդիսանալով ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ: Միայն լրագրողներին խորհուրդ տվեց դիմել դատարան:
Ինչպես նշեցինք, վերը բերված տեսանյութում ամեն բան նկարահանված է, այդ թվում՝ ինչպես են գազանաբար Անի Գևորգյանին դուրս հանում Խորհրդարանի շենքից, և ինչպես են ԱԺ անվտանգության «քաջարի մարտիկները» հոխորտում օպերատորի վրա:
168.am-ի հետ զրույցում Անի Գևորգյանն ասաց՝ խնդիրը կունենա իրավական լուծում, և մեր ուշադրությունը բևեռեց այն հանգամանքի վրա, որ միջադեպին չի արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ):
«Մենք Պաշտպանին չենք դիմել, որովհետև սովորաբար երբ նման դեպքեր էին լինում, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը պարտադիր արձագանքում էր: Այս դեպքում ՄԻՊ-ն առհասարակ չի արձագանքել՝ չնայած նրան, որ նախ Հայաստանի ժուռնալիստների միությունը, ապա տասնյակից ավելի լրագրողական կազմակերպություններ դեպքին արձագանքել էին»,- ասաց Անի Գևորգյանը:
«Իրավական պրոցես կլինի՝ նախ ինձ Խորհրդարանից ապօրինի դուրս բերելու համար, ապա Քրիստինե Պողոսյանի վարքագծի հետ կապված, որովհետև ակնհայտ էր՝ ինքը փորձում էր հարվածել, և իրենից անկախ գործողությունն ավարտին չհասավ, որովհետև նրա գործընկերները խանգարեցին»,- ասաց Անի Գևորգյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Քրիստինե Պողոսյանն առհասարակ այդ օրը շատ լարված էր, անընդհատ հրահրում էր լրագրողներին՝ անվանարկելով նրանց ու մեկ թուրքի գործակալ, մեկ այլ որակում տալով:
Ինչ վերաբերում է փողոցի հիշատակությանը, Անի Գևորգյանն ասաց՝ նկատի է ունեցել, որ փողոցային պայքարի արդյունքում են հայտնվել իշխանության ղեկին, և դա էլ ասել է բառապաշարը կարգավորելու՝ պատգամավորին ուղղված բազմաթիվ հորդորներից հետո:
«Հարցազրույց՝ որպես այդպիսին, այդ օրը Քրիստինե Պողոսյանի հետ չի եղել: Մենք պարզապես միջանցքում կանգնած էինք, այլ պատգամավորների հետ էինք զրուցում, ես հիշեցրեցի 2018թ. դեպքը, երբ Էջմիածնի Քաղաքապետարանի շենքը ցուցարարների ներխուժումից փորձում էր պաշտպանել ազատամարտիկ Նվեր Հովհաննիսյանը, որից էլ բորբոքվեց պատգամավորը: Իմ արձագանքը նրան պայմանավորված էր վերջինիս արտահայտություններով ու արհամարհական վերաբերմունքով՝ առ լրագրողներ և օպերատորներ»,- ասաց Անի Գևորգյանը:
Լրագրողը ևս մեկ հանգամանքի անդրադարձավ:
«Երբ լրագրողին անվանում են գործակալ ու նրա անվան շուրջ փորձում են այդպիսի տրամադրություններ ստեղծել, սա էլ է ինձ համար շատ լուրջ խնդիր»,- ասաց Անի Գևորգյանը:
Անի Գևորգյանի ներկայացուցիչը «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է:
«Պատրաստվում է հաղորդում հանցագործության մասին: Հաղոորդում ենք ներկայացնելու լրագրողի գործունեությանը խոչընդոտելու, լիազորությունների անցման և բռնություն կիրառելու հանցակազմերով»,- ասաց Արսեն Բաբայանը: