
Բաթումի օդանավակայանում ձերբակալել են մարիխուանայի խոշոր խմբաքանակ փոխադրող օտարերկրացի կնոջ

Բաթումի Ալեքսանդր Քարթվելիի անվան միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 11 կիլոգրամ մարիխուանա փոխադրող 37-ամյա օտարերկրացի կնոջ: Այդ մասին հաղորդվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում: Հետաքննությունը պարզել է, որ կինը թմրանյութերը բերել է Հարավային Աֆրիկայից:
Մեղադրյալի ուղեբեռի ստուգման ընթացքում ոստիկանությունը ճամփորդական պայուսակի գաղտնարանում հայտնաբերել է 11,2 կիլոգրամ մարիխուանա՝ կշռածրարված 11 փաթեթներում: Թմրանյութն առգրավվել է որպես նյութական ապացույց: Քրեական գործ է հարուցվել «Խոշոր չափով թմրամիջոցների Վրաստան անօրինական ներկրում», եւ «Հատկապես խոշոր չափով մարիխուանայի անօրինական ձեռքբերում, պահում, տեղափոխում» հոդվածներով: Հանցագործությունը պատժվում է 15-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ, հաղորդել է Sputnik-ը: