«Բան չմնաց, կգամ․․․»․ Պատերազմում զոհված Սասուն Մարգարյանը Շղարշիկ գյուղից էր, փետրվարին զորացրվելու էր
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը և Ջերմուկ քաղաքը։
Պատերազմական գործողությունների ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 135 զոհ, որը վերջնական չէ։
Մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներից մեկն էլ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Սասուն Մարգարյանն էր։ Սասունը ծառայում էր Գեղարքունիքում, զորացրմանը 5 ամիս էր մնացել։
«Ընտանիքում 2 երեխա էին, ինքը մեծ տղան էր, եղբայրն ավելի փոքր է՝ 2-3-րդ դասարան։ Սասունն այս գյուղում էր ծնվել, մեծացել, սասունցի են։ Գյուղի ամենալավ երիտասարդն էր, լավերից լավը՝ խելացի, շնորհքով, համեստ, իր ծառայելու տեղն էլ՝ նույն կարգավիճակով, ամենակարևորը՝ հային բնորոշ թասիբով, խելացի, լավ երիտասարդ։ Իրենց ընտանիքի պարծանքն էր»,- 168.am-ի հետ զրույցում Սասունին այսպես բնութագրեց համագյուղացիներից մեկը։
Շղարշիկ գյուղի բնակչի խոսքով՝ Սասունը սեպտեմբերի 13-ի առավոտյան, երբ սահմանում ակտիվ մարտեր էին ընթանում, կապ է հաստատել ծնողների հետ, տեղեկացրել, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա․
«Տանեցիները որ գիշերը իմացել են՝ կռիվ է, անհանգստացած զանգել են։ Առավոտ ժամը 7-ի սահմաններում զանգել է ծնողներին, ասել է՝ լավ եմ, նորմալ է ամեն ինչ։ Դեպքը դրանից հետո է եղել, ժամը 7-8-ից հետո։
Իրենք շատ շնորհքով ընտանիք են, հայրը գյուղի ադաթները, թասիբը պահող մարդ է։ Գյուղացի մարդիկ են, անասուն էին պահում, իրենց համար ապրում էին։ Շատ էին ուրախանում իրենց տղայով, շատ էին սպասում նրա վերադարձին․․․»։
Շղարշիկի համայնքապետ Արաբո Հարությունյանը ևս մեզ հետ զրույցում Սասուն Մարգարյանի մասին միայն գովեստի խոսքեր ասաց․
«Խելացի, շնորհքով, աշխույժ երիտասարդ էր, հայ երիտասարդ։ Բանակում էլ շատ լավ էր ծառայում, մի քանի անգամ արձակուրդ էր եկել։ Լավ ծառայության համար նաև պատվոգրերի էր արժանացել, ծառայության մասին ինչքան հարցնում էինք, միշտ լավն էր ասում, չէր բողոքում, ասում էր՝ բան չմնաց, կգամ։ Փետրվարին գալու էր․․․
Դեպքից առաջ համ ծնողների հետ է խոսել, համ դասընկերների, որոնք էլի ծառայում են, ասել է՝ ամեն ինչ նորմալ է»։
Սասուն Մարգարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 15-ին՝ հայրենի Շղարշիկ գյուղում։